Մատչելիության հղումներ

Աշխարհը նշում է անվտանգ ինտերնետի օրը


Ամեն տարի՝ սկսած 2004 թվականից, փետրվարի առաջին երեքշաբթին նշվում է որպես անվտանգ ինտերնետի համաշխարհային օր։

Անվտանգ ինտերնետի օրը նշելու նախաձեռնությունը պատկանում է Եվրոպական հանձնաժողովին, որն այդպիսով նպատակ ուներ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների եւ այլ մասնավոր ընկերությունների ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնների վրա:

Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ անվտանգ ինտերնետն անմիջականորեն կապված է մեդիա գրագիտության հետ։

«Ինչքանո՞վ է մարդը գիտակցում, որ ինքն ինչ անում է ինտերնետում՝ իր հետեւից հետքեր է թողնում։ Խոսքը սրա մասին է», - ասում է Վարդանյանը, - «Նաեւ խնդիրը նրանում է, որ ինտերնետի տարածումը Հայաստանում վերջին մի քանի տարիներին շատ շեշտակի է կատարվել ու շատ դեպքերում տուն է մտել Skype-ով կապ ունենալու եւ Odnoklassnik-ում լինելու գործիք, եւ շատ դեպքերում քանի որ մեծահասակները իրենք էլ ոչ միշտ բավականաչափ գիտելիքներ ունեն ինտերնետում ճիշտ նավարկելու, իրենց համար դժվար է այն փոխանցել իրենց երեխաներին»:

Արդեն երկու տարի է «Ինտերնյուս» կազմակերպությունը մշակում է մեդիա գրագիտության մասին ձեռնարկ, որը կօգնի դպրոցահասակ երեխաներին ավելի ճիշտ կողմնորոշվել մեդիա դաշտում: Ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը նշում է, որ ուսուցիչների ու աշակերտների շրջանում իրականացված փորձարկումների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց ամենաշատը հետաքրքրող խնդիրներից է անվտանգությունը համացանցում եւ դաշտում միանշանակ ինֆորմացիայի պակաս կա:

«Իրենք հետաքրքրվում են ինչպես խուսափել պրոֆայլ ջարդելուց եւ ինչպես ջարդել, ինչպես անել, որ ծածկաբառերն ավելի անվտանգ լինեն, ինչպես անել, որ նկարը չտարածվի, պրոֆայլն ավելի անվտանգ լինի եւ այլն»,- նշում է ծրագրի ղեկավարը:

Ձեռնարկին կցված են նաեւ տեսանյութեր, որտեղ աշակերտներն իրենք են խոսում համացանցում ոչ ցանկալի վարքագծից. օրինակ՝ չծաղրել իրենց ընկերներին կամ լուսանկարների միջոցով նրանց վատ վիճակի մեջ չդնել:

«Պետք է հիշել, որ այն, ինչ դու դնում ես ինտերնետ, արդեն քոնը չէ ու մարդիկ ակամա, գուցե ոչ դիտավորյալ, դա կտարածեն ու այն հասանելի կլինի միլիոնավոր մարդկանց։ Հիշեք, որ ձեր դրածները տեսնում են նաեւ ձեր թշնամիները, ծնողները, ուսուցիչները: Հայտնի են դեպքեր, որ, օրինակ նկար են դրել խմելիս ու խնդիրներ են ունեցել աշխատանք փնտրելիս։ Գաղտնաբառեր ստեղծելիս մի գրեք ձեր անուն-ազգանունն ու ծննդյան թիվը, փորձեք ավելի լուրջ ու դժվար հիշելի բան դնել, մի ներկայացեք կեղծանուններով, դա արդեն մոդայիկ չէ եւ հեշտ բացահայտվող է, մի փնտրեք այնպիսի բաներ որոնց համար դուք ամաչում եք եւ այլն», - Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ սրանք այն խորհուրդներն են, որոնք տեսանյութում հնչում են հենց աշակերտների շուրթերից:

Ձեռնարկը դեռ տպագրության փուլում է եւ նախարարության հետ բանակցություններ են տարվում այն դպրոցներին հանձնելու նպատակով։ Մասնագետները համոզված են, որ սա կբարձրացնի իրազեկվածության մակարդակը երեխաների շրջանում:

Իսկ անդրադառնալով այն խորհուրդներին, որոնց, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկալի է, որ բոլորը հետեւեն, Գեղամ Վարդանյանը նշում է. - «Կարդալ եւ փորձել հասկանալ ինչ է կայքն առաջարկում, հետո գործողությունը կատարել, ուշադիր լինել գաղտնաբառերի հետ, բոլոր կայքերի համար նույն գաղտնաբառը չօգտագործել: Եթե տանը երեխա կա, ապա օգտվել երեխաների համար նախատեսված որոնողական կայքերից։ Կան ծրագրեր, որոնք թույլ են տալիս արգելափակել ձեր համակարգչի մուտքը որոշ կայքեր: Չեմ ասում սահմանափակել՝ հետ պահել, բայց փորձել նրանց ուղղորդել այն կայքեր, որոնք նրանց համար ավելի օգտակար են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG