Մատչելիության հղումներ

Վարչական ռեսուրսի օգտագործումն «ընդունում է բնակչությանն ահաբեկելու դրսեւորումներ»


Արման Մելիքյանի համոզմամբ` իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումն ընդունում է բնակչությանն ահաբեկելու դրսեւորումներ:

Նախագահի թեկնածուն, հիշեցնենք, ավելի վաղ նամակով դիմել էր ԿԸՀ` խորհուրդ տալով շենքերի լիազորների եւ համայնքապետերի միջոցով պարզել, թե քանի ընտրող է մնացել Հայաստանում:

Խորհուրդը, ինչպես փոխանցեց Մելիքյանը, անարձագանք չի մնացել. լիազորներին տրվել են հատուկ ձեւաթղթեր, որոնցում մանրամասն տեղեկություններ են պահանջվում ներկա կամ բացակա մարդկանց մասին:

«Առավել ուշագրավն այն է, որ այս ձեւաթղթի վերջին տողով հարց է տրվում, թե ովքե՞ր կքվեարկեն ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Այսինքն, թաղապետերը շենքերի լիազորներին հավաքում են, այդ մարդկանց միջոցով ճնշում գործում ընտրողների վրա», - նշեց թեկնածուն` հավելելով, թե դա բնակչությանն ահաբեկելու միջոց է, եւ ինքը պատրաստվում է այդ կապակցությամբ հարց բարձրացնել ԿԸՀ-ի եւ միջազգային դիտորդների առջեւ:

Մելիքյանը, ում հանդիպումը լրագրողների հետ նախորդել էր Պարույր Հայրիկյանի ասուլիսին, հայտարարեց, թե իր համար տարօրինակ կլինի, եթե ԱԻՄ նախագահն ընտրությունները հետաձգելու պահանջով չդիմի Սահմանադրական դատարան:

«Ներքին զգացողությունս հուշում է, որ դա տարօրինակ արձագանք կլիներ», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին ասաց թեկնածուն` շարունակելով. - «Հրազենային լուրջ վնասվածք է ստացել պարոն Հայրիկյանը, եւ միանգամայն բնական կլիներ, եթե նա, այնուամենայնիվ, այդ երկշաբաթյա ժամկետը պահանջեր` կազդուրվելու համար եւ լիարժեք ընտրարշավին մասնակցելու համար: Եթե այդ բանը չի արվում, ուրեմն չի բացառվում, որ ճնշումներ են եղել»:
XS
SM
MD
LG