Մատչելիության հղումներ

Լավագույն լուծումը, ըստ Բագրատյանի, «առայժմ երկու շաբաթով հետաձգելն է»


Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին, Երեւան, 4-ը փետրվարի, 2013թ.
Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին, Երեւան, 4-ը փետրվարի, 2013թ.

«Մինչեւ հայտնաբերվի ոճրագործը», - մանրամասնում է նախկին վարչապետը։

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ անցած շաբաթ կատարված մահափորձը, «իհարկե, բացասական կազդի» նախագահական քարոզարշավի ընթացքի վրա։ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այսպիսի համոզմունք հայտնեց նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Նախ, քարոզարշավի բուն պրոցեսը դանդաղեց` մենք երկու օրով կասեցրինք, Պարույր Հայրիկյանը զրկված է քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից», - ասաց Բագրատյանը` հավելելով. - «Իհարկե, կա այստեղ մի բայց, որ բուն փաստը դիտարկվում է որպես լավագույն քարոզարշավ Պարույր Հայրիկյանի համար։ Բայց դա քարոզարշավ չէ քարոզարշավի իմաստով, որովհետեւ դա պարզապես, էսպես ասեմ, զորակցությունն է մարդու նկատմամբ, որի հետ այդ իրադարձությունը տեղի է ունեցել»։

«Բայց ի՞նչ եք կարծում` նրա վարկանիշը կարո՞ղ է բարձրացել է այս ընթացքում, որեւէ տեղեկություն, հարցում...», - այս հարցին նախկին վարչապետը արձագանքեց. - «Հնարավոր է, որ բարձրանա, էական` չեմ կարծում, որովհետեւ երբ մենք նայում ենք վարկանիշների էլեկտրոնային 8 աղբյուրով գնում է, նրա թիվը չի փոխվել` կայուն, գուցե մի փոքր բարձրացել է։ Սակայն դա ժամանակավոր երեւույթ է, ի վերջո` ընտրությունների օրը մարդիկ քվեարկում են կոնկրետ մարդկանց ծրագրերի համար»։

«Ես ցավում եմ, որ դա այդպես է տեղի ունեցել, ես հուսով եմ եւ կարծիքս եմ հայտնել, որ լավագույն լուծումը առայժմ երկու շաբաթով հետաձգելն է ընտրությունների` մինչեւ հայտնաբերվի ոճրագործը», - ասաց նախագահի թեկնածուն։

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի հայտնած կարծիքին, որ եթե նույնիսկ ինքը չդիմի Սահմանադրական դատարան, ապա մյուս թեկնածուները իրավունք ունեն նման բան անելու` ասելով, որ անհաղթահարելի խոչընդոտ է ստեղծվել նաեւ իրենց համար, Հրանտ Բագրատյանը այդ առնչությամբ ընդգծեց. - «Իհարկե, ես կարող եմ ցանկացած պահի դիմել Սահմանադրական դատարան` դա նաեւ խոչընդոտ է ինձ համար։ Սակայն գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, եւ այդ օրենքում կարծեմ կա 75 հոդվածը, որտեղ հստակ որոշակի հիմքեր են շարադրված։ Սահմանադրական դատարանը կարող է ասել` «լավ, մի օր էլ քարոզարշավ չես արել, ի՞նչ անհաղթահարելի խոչընդոտ կլինի»։ Բնականաբար, անհաղթահարելի խոչընդոտի սուբյեկտը ինքը տուժածն է, այսինքն` երբ որ նա ասում է, որ, ենթադրենք, Բագրատյանն էլ կարող է դիմել, հա, կարող եմ դիմել, չնայած նույն Սահմանադրական դատարանում ինձ վրա կարող են ծիծաղել, բայց հիմնական դիմողը, այնուամենայնիվ, նա է, ում նկատմամբ դա իրականացվել է»։

«Փաստորեն, Հայրիկյանը մեղադրում է կայսերական Ռուսաստանի այն ուժերին, որոնք, ինչպես ինքն է ասում, չեն ցանկանում, որ Հայաստանը հզորանա, ինքնորոշվի։ Երբ ես հարցազրույց էի անում նրա հետ` մահափորձից ընդամենը երկու օր առաջ, նա ասաց, թե Հայաստանի դեռեւս ինքնորոշման խնդիր ունի, մասնավորապես` քննադատեց «Գույք պարտքի դիմաց» գործարքը` ասելով, թե Ռուսաստանը մտել է Հայաստան եւ քանդում է այն ներսից։ Դուք համաձա՞յն եք նման կարծիքին, եւ ընդհանրապես, նա ակնարկներ է անում, որ այս մահափորձի հետեւում կանգնած են ռուսական կայսրության ուժեր։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին», - այս հարցին նախկին վարչապետը ծիծաղելով պատասխանեց. - «Ես կրիմինալիստ չեմ, որ իմանամ` էդ որ ուժերն են կայսերական, ճիշտն ասած, ես կուզենայի, որ էդպիսի մեկնաբանություններ քիչ արվեն, կամ եթե հաստատ բան գիտեն, մեզ ոչ թե ակնարկներով ասեն` ուղղակիորեն ասեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG