Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Սա ինքնորոշման համար մղվող դասական պայքար է»


Ռուսաստանյան մամուլին տված հարցազրույցներում հայաստանի նախագահը եւ վարչապետը շոշափում են առավելապես արտաքին քաղաքական հարցեր՝ կենտրոնանալով ինչպես հայ-ռուսական հարաբերությունների, այնպես էլ առհասարակ՝ հարավկովկասյան տարածաշրջանում ձեւավորված իրողությունների, մասնավորաբար՝ ղարաբաղյան խնդրի վրա:

«Կոմերսանտ» թերթի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ղարաբաղյան հակամարտության առնչությամբ աշխարհն առաջիկայում ինչ կարող է ակնկալել Հայաստանից` Սերժ Սարգսյանն ասում է. - «Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն, թե քաղաքական ինչ կարգավիճակով են ապրելու ապագայում: Սա ինքնորոշման համար մղվող դասական պայքար է, եւ չկա որեւէ փաստարկ, որով կբացատրվեր, թե ինչու պետք է Արցախի ժողովուրդը զրկվի այդ իրավունքից: Բոլոր մնացած հարցերն ածանցյալ են»:

Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորում է տարածաշրջանում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ամրապնդումը, քանի որ, Հայաստանի նախագահի ձեւակերպմամբ` «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ հանդիսացող Ադրբեջանը գործնականում սպառազինությունների մրցավազք է սանձազերծել՝ բացահայտորեն խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները»:

«Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ բանակցությունները, բայց այս պայմաններում որեւէ բեկում ակնկալելն իրատեսական չէ: Մոսկվայում, Վաշինգթոնում ու Փարիզում այս խնդրով զբաղվողները հրաշալի գիտեն, թե ում մեղքով մինչեւ այժմ լուծում չի գտնվել», - հավելում է Սերժ Սարգսյանը:

Խոսելով հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնում, որ բանակցային ձեւաչափում Ռուսաստանի ներկայության բուն փաստն արդեն «բազմաթիվ տաք գլուխներ է սառեցնում»:

«Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասին, Ռուսաստանը կարեւորագույն միջնորդ է, եւ հենց Ռուսաստանի շնորհիվ հնարավոր դարձավ 1994 թվականի հրադադարի հաստատումը», - հիշեցնում է Սարգսյանը` իր երախտագիտությունը հայտնելով Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը հակամարտության կարգավորմանը միտված «հետեւողական ջանքերի» համար:

Պատասխանելով աբխազական երկաթուղու հնարավոր գործարկմանն առնչվող հարցին, Սերժ Սարգսյանն ասում է. - «Հայաստանի շրջափակման ճեղքումը մեզ համար մեծ գործ կլիներ, առաջին հերթին` տնտեսության խթանման առումով»: Աբխազական երկաթուղու բացման համար, սակայն, Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է քառակողմ համաձայնություն:

Ռուսաստանյան մեկ այլ պարբերականի՝ «Մոսկովսկիե նովոստի» թերթի հետ զրույցում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ հարցերի թվում, անդրադառնում է վերջին ամիսներին առավել հաճախ քննարկվող հարցերից մեկին՝ ԵվրԱզԷս-ի շրջանակներում ձեւավորվող Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը: Հարցին, թե որքանով է հավանական այդ անդամակցությունը` հաշվի առնելով Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանում է. - «Խնդիրը միայն ընդհանուր սահմանի բացակայությունը չէ: Հայաստանի առանձնահատկությունը նաեւ տնտեսության կառուցվածքի մեջ է, որը խիստ տարբերվում է Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից: Այդ երկրները էներգետիկ ռեսուրսների նշանակալի պաշարներ ունեն, բացի այդ, տեղական արտադրողի պաշտպանությունն այդ երկրներում իրականացվում է մաքսային բավականաչափ բարձր վճարների միջոցով: Ընդհանուր առմամբ, այդ մաքսավճարները կրկնակի ավելի են Հայաստանում սահմանված համանման վճարներից: Հայաստանն ԱՊՀ-ում առաջիններից էր, որ անդամակցեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, եւ այդ հանգամանքը եւս որոշ առանձնահատկություն է հաղորդում Մաքսային միության հետ մեր հարաբերություններին»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սրանով հանդերձ, մեծ նշանակություն է տալիս հայ-ռուսական հարաբերություններին` ընգծելով, որ դրանք «ամուր կերպով հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա»:

Հայաստանի վարչապետի խոսքով, երկու երկրների հարաբերություններում ինքը որեւէ խնդիր չի տեսնում, իսկ պարբերաբար ծագող հարցերը երկկողմ ձեւաչափով կարգավորվում են:

Տիգրան Սարգսյանը հիշեցնում է, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների կառուցվածքում Ռուսաստանն առաջին տեղում է: «Էլ չենք խոսում ռազմական ոլորտում առկա համագործակցության մասին», - նշում է վարչապետն ու ամփոփում. - «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգիռ է` հանձին Հայաստանի Կովկասում ունենալ ուժեղ դաշնակից»:

Հայաստանի վարչապետը եւս իր հարցազրույցում անդրադառնում է ղարաբաղյան խնդրին եւ աբխազական երկաթուղու հնարավոր բացմանը` իր մեկնաբանություններում կրկնելուվ նախագահ Սարգսյանի շեշտադրումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG