Մատչելիության հղումներ

Անահիտ Սահակյանը հաղթել է «Երգող Կոստա Բրավա» մրցույթում


Անահիտ Սահակյան (կենտրոն)
Անահիտ Սահակյան (կենտրոն)

Մասնակցելով Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող միջազգային «Երգող Կոստա Բրավա» իսպանական ամենամյա մրցույթին` 16-ամյա Անահիտ Սահակյանը Իսպանիայից Հայաստան է վերադաձրել առաջին մրցանակով:

Մրցույթին Անահիտը ներկայացել է պատանիների խմբում, թեեւ 16 տարեկանը լրանալուն եւ ըստ այդմ` մեծերի խմբում ներկայանալուն ընդամենը մեկ ամիս էր մնացել: Անահիտը առաջին հորիզոնականում հայտնվելու հեռանկար չուներ. կարծում էր, որ լավագույն դեպքում կգրավի երկրորդ տեղը, իսկ նրա վոկալի ուսուցչուհին, ընդհակառակը, վստահ էր, որ երիտասարդ երգչուհին պատրաստ է լուրջ երաժշտական մարտերի:

«Մրցանակը հանձնելիս ռուս ժյուրին մոտեցավ, ասաց` շատ լավ ձայն ունես, քո տարիքի համեմատ շատ զարմանալի է այդ ձայնը: Նշեցին, որ շատ գրագետ է աշխատել իմ վոկալի ուսուցչուհին», - այսօր լրագրողներին պատմեց երիտասարդ երգչուհին:

Մինչ այս Անահիտը մասնակցել է «Նոր ալիք» եւ «Եվրատեսիլ» երգի մրցույթների հայաստանյան նախընտրական փուլերին, սակայն ոչ մի արդյունք չի ունեցել: Այժմ երիտասարդ երգչուհին ունի չորս տեսահոլովակ: Անհամբեր սպասում է մյուս տարի դպրոցն ավարտելուն` ակնկալելով ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Նրա վոկալի ուսուցչուհու` Արմանուշ Հակոբյանի խոսքով` Անահիտն արդեն հասել էր պրոֆեսիոնալ այն մակարդակին, որով կարող էր իր ուժերը փորձել այս միջազգային մրցույթին:

«Լավ էր, որ շատ մեղմ գների մեջ էր եւ ուտելիքը, եւ հյուրանոցը, դրա հաշվին մենք կարողացանք մի կերպ տեղավորվել: Հիմնական ծախսերը մնում են ծնողների վրա», - ասաց Հակոբյանը:

«Կոստա Բրավա» մրցույթին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Քանի որ այն չի հեռարձակվում հայկական հեռուստաընկերություններով, հայտնի չէ հայ երաժշտասերների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG