Մատչելիության հղումներ

Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի անդամ


Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունեց բանաձեւ, համաձայն որի Հայաստանն ընտրվեց Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ:

Այսուհետ Հայաստանը պարտավորվում է տիեզերքն օգտագործել միայն խաղաղ նպատակներով:

Դառնալով COPUOS-ի անդամ` Հայաստանը միանալու է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտին վերաբերող հինգ հիմնական միջազգային պայմանագրերին` այսպես կոչված «Տիեզերքի պայմանագրին», որով պետությունները պարտավորվում են տիեզերքն օգտագործել խաղաղ նպատակներով, այդ թվում` Լուսնի եւ տիեզերական այլ մարմինների հետ կապված հարցերում, «Փրկության համաձայնագրին», որով պետությունները պարտավորվում են համագործակցել տիեզերագնացների փրկության ու վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի հարցերում, «Պատասխանատվության կոնվենցիային», որը կարգավորում է տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասներով պայմանավորված պատասխանատվությունը, «Գրանցման կոնվենցիային», որով գրանցվում են տիեզերք արձակված օբյեկտները, եւ «Լուսնի համաձայնագրին», որով կարգավորվում է Լուսնի եւ տիեզերական այլ մարմինների վրա պետությունների գործունեությունը:

ՄԱԿ-ի որոշմամբ, COPUOS ծրագրերին կարող են մասնակցել ոչ միայն այն երկրները, որոնք ունեն սեփական տիեզերական ծրագրեր, այլ նաեւ այն պետությունները, որոնք պարզապես ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ տիեզերական ծրագրերին:

Հայաստանը կմասնակցի COPUOS-ի եւ դրա գիտատեխնիկական ու իրավաբանական ենթահանձնաժողովների տարեկան նիստերին: Հայ երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան մասնակցելու նախագծերին եւ դրանց շրջանակներում այցելելու ԱՄՆ-ի (NASA), Եվրոպական (ESA) եւ Ռուսաստանի տիեզերական գործակալությունների գիտական կենտրոնները:

«Հայաստանը, բնականաբար, այդ ցանկությունը ունի, եւ մենք ռեալ արդեն մասնակցել ենք: Օրինակ, աստղագիտության մեջ մենք բազմաթիվ գիտական ծրագրեր իրականացնում ենք հենց ամերիկյան, եվրոպական, ռուսական տիեզերական աստղադիտարանների հիման վրա», - ասում է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:

Հանձնաժողովին անդամակցելու համար ամիսներ առաջ խորհրդակցելով արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության նախարարության եւ համապատասխան գիտական գերատեսչությունների հետ` ՄԱԿ-ին պաշտոնապես դիմել էր Հայաստանի կառավարությունը: Սակայն 2012-ի դեկտեմբերին միայն Հայաստանը քվեարկության արդյունքում ներգրավվեց հանձնաժողովում:

Արեգ Միքայելյանի փոխանցմամբ` Ադրբեջանը, որն արդեն COPUOS-ի անդամ էր, լուրջ ջանքեր էր գործադրել Հայաստանին խանգարելու համար:

Հնարավոր է` հանձնաժողովին անդամակցելը առիթ դառնա, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ստեղծի տիեզերական գործակալություն, նշում է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG