Մատչելիության հղումներ

«Թուրքական նոր վիրուսը հայ օգտատերերի դեմ ուղղված հարձակում չէ»


Արդեն մեկ շաբաթ սոցցանցերում արագորեն տարածվում է թուրքական մի վիրուս:

Հետաքրքրությունից դրդված կամ համացանցից օգտվելու ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում, ինքներս դարձել ենք վիրուսի տարածման ակտիվ մասնակիցներ:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ վիրուսի տարածումն ակտիվացել է հատկապես վերջին մեկ-երկու օրվա ընթացքում. - «Դուք մեկ էլ նկատում եք, որ ձեր ընկերներից մեկը facebook-ում ձեզ նշել է, բացում եք ու ինչ-որ թուրքերեն, կիսաչինարեն, ճապոներեն ինչ-որ բաներ են գրված: Բնականաբար, հայաստանցիները տենց խասյաթ ունեն` ինչ տեսնում են, ձեռք են տալիս ու հայտնվում են մի ուրիշ կայքում, այդ կայքի տեսանյութը իրենք հաճախակի փոխում են, բայց վերջինն այդ Gangnam style-ի տեսանյութն է, երբ մարդ փորձում է նայել, կայքն իրեն առաջարկում է քաշել Flash-ի թարմացում, մարդը թարմացնում է ու ինքը իր ձեռքով վիրուսը տեղադրում է իր էջի վրա»:

Փորձագետի հավաստմամբ, վարակված համակարգիչները մասամբ դառնում են հասանելի ու կառավարելի ինտերնետային վարակը տարածողների կողմից. - «Chrome-ի մեջ տեղադրում է հատուկ հավելված, այդ հավելվածին մարդ թույլ է տալիս, որպեսզի կարդա իր բացած էջերը, ինչ-որ բաներ ուղարկի տիրոջը, այսինքն ինչ-որ չափով համակարգիչը դառնում է կառավարվող եւ տեսանելի վիրուսի տիրոջը, թե ինչով է զբաղված են մարդը, ով վարակվել է»:

Հաշվի առնելով, որ տարածվող տեքստերը թուրքերեն, քրդերեն են ու բովանդակությունն էլ կապված է Քրդական բանվորական կուսակցության հետ` փորձագետն այն զուտ հայ օգտատերերի դեմ ուղղված հարձակում չի համարում: Գտնում է, որ թուրքերն այն տարածել են հնարավորինս շատ համակարգիչ վարակելու համար, Հայաստանն ուղղակի եղել է վարակված սեգմենտներից մեկը:

«Այդ վիրուսն իրականում շատ մարկետինգային լուծում է նաեւ, որովհետեւ ով վարակվում է, անմիջապես սկսում է like տալ մի շարք թուրքական էջերի: Այսիքն` եթե նայեք վարակված մարդկանց պրոֆիլները, կտեսնեք, որ իրենք ահռելի քանակի ինչ-որ թուրքական էջերին like են տվել: Դրանով իրենք առնվազն մի հարց են լուծում. երեւի գումարով աճացնում են ինչ-որ թուրքական էջեր ուղղակի like լցնելով, որովհետեւ թուրք քաղաքական գործչի էջը մի շաբաթում հասցրել էին մոտ 100 000 like-ի, շատ հարմար վիրուս է այդ տեսանկյունից», - ասաց Մարտիրոսյանը:

Փորձագետը նաեւ նշեց, որ վիրուսի հասցրած այլ վնասների մասին դժվար է խոսել, քանի որ Հայաստանը չունի հակավիրուսային լաբորատորիաններ, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել հոսքերն ու տեսնել, թե էլ ինչ ինֆորմացի է տանում այդ վիրուսը:

Սակայն Մարտիրոսյանը չի բացառում, որ նման վիրուսներ կարող են ստեղծվել հենց Հայաստանի համար, հետեւաբար խորհուրդ է տալիս. - «Պետք է հասկանալ, որ պետք է զգույշ լինել: Այստեղ այն բանի վրա են խաղում, որ մարդիկ հետաքրքրասեր են ու այդքան էլ տեղյակ չեն տեխնոլոգիաներից: Ով զոհ է գնացել, պետք է Chrome-ի հավելվածներ կան Extensions, այստեղ փնտրի ինչ անծանոթ բան կա, ջնջի, հետո իր հակավիրուսով համակարգիչը ստուգի, հետո փոխի գաղտնաբառերը, ու գերադասելի է ոչ միայն facebook-ի, որովհետեւ նաեւ էլեկտրոնային փոստի գաղտնաբառերն է գողանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG