Մատչելիության հղումներ

Հունվարի 31-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է. - «Մեր դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ՝ ԲՀԿ-ն որեւէ թեկնածուի չի սատարում եւ չի սատարելու։ Մեր որոշումները կայացվում են մեկ անգամ՝ երկար ծանրութեթեւ անելուց հետո։ Իսկ մասնավոր հայտարարությունները, որ շատ ժամանակ մամուլում հայտնվում են առանձին լրագրողների հետեւողական ջանքերի, ուղղորդող հարցերի «շնորհիվ», արտահայտում են միայն տվյալ անձի անհատական կարծիքը։ Այլ բան չի կարող լինել, որովհետեւ որեւէ մեկը իրավասու չէ ուղղորդել ԲՀԿ ընտրողներին կամ ներկայացնել կուսակցական կառույցների հավաքական դիրքորոշումը»։

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանին «168 ժամ»-ի նախկին թղթակիցը հարցնում է. - «Ի՞նչ կարծիք ունեք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշման, դրա հիմնավորման մասին, եւ, ըստ Ձեզ, ՀԱԿ-ում այժմ պե՞տք է առաջնորդ փոխվի, թե՞ ոչ»: Պատասխան. - «ՀԱԿ-ի մասին աղոտ պատկերացում ունեմ: Վերջին անգամ այդ շրջանակ ոտք եմ դրել 5 տարի առաջ եւ հասկացել, որ ոմանք չնվաճված իշխանությունը բաժանելու մտասեւեռման վիճակում են: Ի՞նչ է սպասվում ՀԱԿ-ին, մանրամասների մեջ չեմ կարող խորանալ: Իսկ առհասարակ ասած` եթե որեւէ քաղաքական կառույց շինվում է մեկ անձի շուրջ, նրա հեռանալով էլ անհետանում է: ՀԱԿ-ի դեպքում բացառության հիմքեր չեմ տեսնում»:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը զրուցել է «Հրապարակ»-ի հետ: Լրագրողի հարցին, թե նախկին ակտիվությունը հնարավո՞ր է ունենալ, որովհետեւ ՀԱԿ գործունեությունը հիմնականում խարսխված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ, ով իր չառաջադրումով ըստ էության հայտարարեց իր հեռացման մասին, Սարգսյանը պատասխանել է. - «Եվ էլի նրա անձի շուրջ է: Դուք հիշեք 2007թվականին, երբ ոչ մեկը չէր հավատում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից կարող է մուտք գործել քաղաքականություն եւ կկարողանա ապահովել էդպիսի համատարած ընդվզում եւ այդքան մարդկանց աջակցությունը ստանա: Ուրեմն անհնար ոչինչ չկա, հատկապես որ այսօր իրավիճակը շատ ավելի ծանր է, սոցիալական վիճակը, արդարության բացակայությունը երկրում, արտագաղթի տեմպերը. այդ ամենն այնքան խորացած է երկրում»:

Անդրադառնալով Ջոն Քերիի նշանակմանը`«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հայտարարել է, որ ԱՊՀ տարածքը մնում է Ռուսաստանի առաջնահերթություն, եւ Պուտինը հրահանգել է ուժեղացնել այդ ուղղությամբ ինտեգրման միտումները: Հիլարի Քլինթոնը, լինելով հեռացող պետքարտուղար, իրեն թույլ տվեց Ռուսաստանի խնդիրը ձեւակերպել բաց տեքստով: Պարզ է երեւի թե, որ Քերին այդ բանն անել չի կարող: Սակայն եթե Քերին ձեռնամուխ լինի արդեն իրականացմանը, այսինքն՝ կոնկրետ քաղաքականությանը՝ այսպիսով կազմելով կամ ամբողջացնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երկրորդ ժամկետի արտաքին քաղաքական ստրատեգիան, ապա դա, անշուշտ, իր արտացոլումն է ունենալու Կովկասի եւ մասնավորաբար Հայաստանի վրա՝ մինչեւ ներքաղաքական դասավորություններ եւ զարգացումներ: Եթե ԱՄՆ-ն իրագործելու է ԽՍՀՄ-ի վերականգնում թույլ չտալու իր ստրատեգիան, ապա դա նշանակում է նաեւ, որ Հայաստանում ԱՄՆ-ն կփորձի նպաստել այդ գաղափարին համարժեք քաղաքական բեւեռի ձեւավորմանն ու բյուրեղացմանը»:

«Առավոտ»-ը գրում է. - «Carrefour հիպերմարկետի հայաստանյան պատմությունը կարող է լրջագույն հարվածի տակ դնել Հայաստանի միջազգային վարկանիշը: «Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով՝ հայաստանյան իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ Carrefour-ի դեմ տեղական օլիգարխների կողմից կազմակերպված արշավի հետեւանքով Doing Busness-ի, Index of Economic Freedom-ի եւ մի շարք այլ միջազգային ռեյտինգային կազմակերպությունների ինդեքսներում Հայաստանի դիրքերն առնվազն 30-50 կետով նահանջ կունենան: Հիշեցնենք, որ տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանն առաջատար է՝ ԱՊՀ-ում զբաղեցնելով 38-րդ, իսկ Doing Busness-ում՝ 32-րդ հորիզոնականները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG