Մատչելիության հղումներ

Գործող նախագահը աղքատության կտրուկ նվազում է խոստանում


Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե երկրում «աղքատության մակարդակը կտրուկ իջնելու է շնորհիվ տնտեսական զարգացման»:

«Ապահով Հայաստանը ենթադրում է, որ մեր երկրում կարող են լինել հարուստներ եւ միջին խաղ, բայց աղքատների այնպիսի խավ, ինչպիսին այսօր ունենք, չի կարող լինել», - հայտարարեց Սարգսյանը. - «Մենք արդեն դուրս ենք եկել այդ տնտեսական զարգացման ճանապարհ, հարուստներ եւ հոծ միջին խավ, ահա ապահով Հայաստանի նկարագիրը, որ մենք միասին կարող ենք ձեւավորել»:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին աղքատության աճ է նկատվել, մասնավորապես, պաշտոնական տվյալներով, 2008 թվականին աղքատ էր երկրի բնակչության 24 տոկոսը, մինչդեռ 2012-ին` մոտ 35 տոկոսը:

Սերժ Սարգսյանը այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել Լոռու մարզում եւ հորդորել ընտրողներին փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում քվեարկել իր օգտին: Ստեփանավանում գործող նախագահը խոստացավ, որ հինգ տարի հետո բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեն:

Նախագահի թեկնածուն խոսեց նաեւ հասարակական կազմակերպությունների եւ դրանց կարեւորության մասին` նշելով, որ նրանց կողմից իրականացվող վերահսկողությունը եւ անգամ ճնշումները դարձել են օրինաչափություն:

Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ ընտրողների հարցերին: Նրանցից մեկը, մասնավորապես, հարցրեց` թեկնածուներից մեկը խոստանում է պետական միջոցներով հինգ տարում 180 հազար աշխատատեղ ստեղծել եւ բյուջեն ավելացնել 300 միլիարդ դրամով, եթե դա առասպել չէ, ինչո՞ւ գործող նախագահը չի նախաձեռնել նման բան:

«Գիտեք, հայտնի մարդկանցից մեկն ասել է, որ ավելի շատ սուտ, քան նախընտրական շրջանում է, երբեք չի շրջանառվում: Ռուսները մի լավ ասացվածք ունեն, ասում են` «хотеть не вредно», վնասակար չէ, էլի, ցանկանալ, մարդը լավ ցանկություն ունի, ուզում է, բայց չգիտեմ, իր ուժերը կբավարարի…», - պատասխանեց նախագահը:

Վանաձորում Սերժ Սարգսյանը խոսեց կրթության, տնտեսության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների մասին եւ շեշտեց, որ պետական աջակցություն է լինելու բոլոր ուղղություններով: Անդրադառնալով արդարադատության ոլորտին` թեկնածուն խոստացավ, որ իր վերընտրվելու դեպքում «նոր թափ են հաղորդելու Հայաստանում արդարադատության իրականացման պրակտիկային»:

«Մեր նպատակը երկրում իրավունքի գերակայության ապահովումն է», - ասաց նա:

Վերընտրվելու դեպքում Սարգսյանը նաեւ խոստացավ, որ գալիք հինգ տարիներին պետական մեքենան եւ նրա յուրաքանչյուր օղակն ավելի արդյունավետ կաշխատի:

«Քաղաքապետարաններից մինչեւ դատարաններ, կադաստրից մինչեւ հարկային եւ մաքսային մարմիններ, մենք ունենալու ենք տեղեկատվական այնպիսի հոսքեր, որոնք ապահովելու են ծառայությունների եւ արագությունը, եւ որակը», - ասաց նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG