Մատչելիության հղումներ

Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը կբացի փետրվարի 1-ին


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 1-ին կայանալիք համերգով կսկսի իր 2013 թվականի համերգաշրջանը: Համերգին Ռախմանինովի 3-րդ դաշնամուրային կոնցերտով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Բեռնդ Գլեմզերը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով` այս տարվա առաջին համերգին կհնչի նաեւ Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան:

Բերնդ Գլեմզերն ասաց, թե առաջին անգամ չէ, որ համերգ է ունենում Հայաստանում եւ ամեն անգամ մեծ սիրով է այցելում Հայաստան:

«Հասկանում եմ, որ Հայաստանում շատ լավ են ընդունում դասական երաժշտությունը, մոտեցումն էլ դրական է: Անկախ նրանցից, որ Գերմանիան ունի դասական երաժշտության հին ավանդույթներ, ցավոք, այժմյան երիտասարդությունը շատ քիչ է հաճախում նման վայրեր», - ասաց դաշնակահարը:

Էդուարդ Թոփչյանը, սակայն, ասաց, թե պարզապես Գերմանիայում դասական երաժշտության երեկոյին ներկա գտնվելը թանկ հաճույք է, եւ ոչ բոլոր երիտասարդները կարող են իրենց թույլ տալ համերգի տոմս գնել:

Դաշնակահարի համար, սակայն, մեկ բան հաստատ է` հայ երիտասարդներն ավելի աշխատասեր են, քան դասական երաժշտությամբ զբաղվող գերմանացի երիտասարդները: Բերնդ Գլեմզերը հավելեց, որ այժմ Հայաստանից ուսանողուհի ունի` Մարիաննան:

«Մարիաննան շատ է աշխատում, երբեմն նույնիսկ շատ-շատ: Բայց դա հիանալի է, քանի որ առաջադիմում է: Ես ասում եմ իրեն, որ օրական 8 ժամից ավելի չպարապի: Իսկ Գերմանիայում, օրինակ, ուսանողները պարապում են առավելագույնը երեք ժամ: Երանի թե գերմանացի ուսանողներն էլ օրական երեք ժամից ավելի պարապեին», - ասաց աշխարհահռչակ երաժիշտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG