Մատչելիության հղումներ

Հայոց բանակը 21 տարեկան է


Հայաստան - Զորահանդես Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ
Հայաստան - Զորահանդես Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ

«Հայաստանի զինված ուժերն այսօր այլեւս դժվար է թերագնահատել», - իր ուղերձում ընդգծում է նախագահ Սերժ Սարգսյանը։

Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը։ Այս տարի լրացավ Հայոց բանակի 21-ամյակը։

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ անցած շաբաթ պետական բարձր պարգեւներ էր շնորհել մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների, կիրակի օրն էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն Սուրբ Պատարագ է մատուցվել։

Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է. - «Զինված ուժեր չունենալը թերեւս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետեւանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ»:

«Ավելորդ չէ հիշել, որ մենք՝ որպես ազգ եւ հասարակություն, մտադրություն չենք ունեցել ստեղծելու եւ պահելու այնպիսի բանակ, ինչպիսին ունենք այսօր: Մենք ստիպված ենք եղել կազմակերպելու մեր ուժերը մեզ պարտադրված պատերազմում պաշտպանվելու համար: Մենք ստիպված ենք եղել կազմակերպվելու՝ կանխելու համար այն կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք մեթոդաբար իրականացվում էին մեր եւ աշխարհի աչքի առաջ: Ավելին՝ մեզ հրապարակավ եւ պաշտոնապես սպառնում էին նոր կոտորածներով ու նոր էթնիկ զտումներով: Այդ սպառնալիքներն ավելի քան իրական էին: Դրանց մի մասը նույնիսկ իրականացվեց ինչպես այդ օրերին, այնպես էլ հետագայում», - ասված է ուղերձում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ - «Ահա այս ճակատագրական պահին էր, որ մեր ժողովուրդը գրեթե զրոյից ստեղծեց իր բանակը: Պատերազմի, շրջափակման ու սովի պայմաններում հայ ժողովուրդը ստեղծեց իր բանակը՝ ասելու համար միայն մեկ նախադասություն. - «Բավական է»: Հայի հետ եւ աշխարհում որեւէ մեկի հետ չի կարելի խոսել յաթաղանի եւ սպառնալիքների լեզվով»:

«Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը: Մարտի դաշտ իջավ Կարմիր Վարդանների մի այնպիսի սերունդ, որի գոյության մասին գաղափար չունեին ոչ հակառակորդի քարոզչությունը եւ ոչ էլ այդ քարոզչությամբ մոլորվածները: Իջավ ասելու. - «Բավական է», - նշում է նախագահը՝ շարունակելով. - «Ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջեւ, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք հաղթական բանակ: Ուժ, որ պարտադրեց հակառակորդին զինադադար եւ հարաբերական խաղաղություն: Ուժ, որ պահպանում է այդ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, որ եղավ ու լինելու է Արցախի հուսալի թիկունքը»:

«Իմ համոզմունքն է, որ Արցախի եւ Հայաստանի դեմ պատերազմը սանձազերծվել է եւ պարբերաբար բորբոքվել է հիմնականում մեկ պատճառով: Մեր ուժը եւ ներուժը թերագնահատել են: Իսկապես մտածել են, որ կարելի է հեշտ եւ արագ հաղթանակ տանել: Այս թերագնահատումը շատ ծանր է նստել բոլորի վրա, ունեցել է ողբերգական հետեւանքներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը։ - «Հայաստանի զինված ուժերն այսօր այլեւս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման: Հեշտ եւ արագ պատերազմների մասին հեքիաթներին այլեւս ոչ ոք չի հավատում»:

Նախագահ Սերժ Սարգսյանն ու նրան ուղեկցող բարձրաստիճան անձինք Եռաբլուր պանթեոնում:
Նախագահ Սերժ Սարգսյանն ու նրան ուղեկցող բարձրաստիճան անձինք Եռաբլուր պանթեոնում:
«Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու: Սա ակնհայտ է: Նույնիսկ այն պահերին, երբ կռվի դաշտում ունեցել ենք միանշանակ առավելություն, մենք չենք դադարել պնդել, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում», - ընդգծում է Հայաստանի նախագահը՝ Հայոց բանակի զինվորներին եւ սպաներին մաղթելով, որ իրենց մասնագիտական եւ բարոյական բարձր ունակությունները ցուցաբերեն միայն զորավարժությունների ժամանակ եւ ստիպված չլինեն դրանք կիրառել պատերազմի դաշտում:

Տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, ուժային գերատեսչությունների ղեկավարների, Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահի ուղեկցությամբ, այսօր այցելեց Եռաբլուր` ծաղկեպսակներ դնելով Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շինիմներին եւ Լեռնային Ղարաբաղում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակողոթին:

«Գտնում եմ, որ Հայոց բանակը իր անցած 21-ամյա ճանապարհին ապացուցել է մի քանի անգամ, որ ունակ է լինել մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման երաշխավորը», - լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` շարունակելով. - «Բանակը այսօր պատրաստ է պատասխանելու ցանկացած սադրանքի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG