Մատչելիության հղումներ

Բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը աճել է 20 տոկոսով


Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյան
Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյան
Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2012 թվականին գրանցել է բռնագանձումների եւ վերականգնումների ծավալի աճ:

Բռնագանձումների ու վերականգնումների ծավալը 2011 թվականի համեմատ աճել է մոտ 20 տոկոսով՝ գերազանցելով 15 միլիարդ դրամի սահմանագիծը։

Հանրապետության տարբեր մարզերում բնակիչները չեն կարողանում մարել իրենց վարկերը եւ հայտնվում են կացարանը կորցնելու վտանգի առջեւ:

«Մարզերը, որոնք առավելագույնս մեզ հետ գործ ունեն, հետեւյալն են՝ Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ եւ Շիրակի մարզ», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը՝ մանրամասնելով․ - «Ամենամեծը, ընդգծենք՝ Կոտայքը, որտեղ ավելի քան 3 միլիարդ դրամի բռնագանձման ենթակա գումար է արձանագրված»։

Պողոսյանի խոսքով, բավականին տխուր իրավիճակ է հայ-թուրքական սահմանից 500 մետր հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի Արազափ գյուղում:

«182 կատարողական թերթ մեկ գյուղում՝ դա բավականին տխուր ցուցանիշ է եւ հիմա մենք աշխատում ենք բանկի հետ՝ հասկանալու ինչպես կարող են բնակիչները, պարտապանները վերավարկավորվել, եւ խնդիր լուծումը տանք այդ ճանապարհով», - մանրամասնեց ԴԱՀԿ ղեկավարը։

Արազափի գյուղապետ Սամվել Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ գյուղում ընդամենը 328 տուն կա: Համայնքի ղեկավարը պատմեց, որ գյուղացիները նման տխուր իրավիճակում են հայտնվել 2009 թվականից, երբ կարկուտի պատճառով զրկվել են բերքից եւ եկամուտ չունենալով՝ չեն կարողացել մարել վարկերը: Վարկերը տրամադրել է «ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը: Արազափի գյուղապետն ասում է, որ փաստի առաջ են կանգնել ոչ միայն վարկառուները, այլեւ երաշխավորները:

«ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, վարկային տնօրեն Հակոբ Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բանկը պատրաստակամություն է հայտնել օգնել Արազափին։

«Մենք օգնելու համար ասացինք՝ պատրաստ ենք նորից վարկավորում անել՝ վերավարկավորել, որ մարդիկ հնարավորություն ունենան մարել։ Սա առաջին դեպքը չէ», - նշեց բանկի ներկայացուցիչը։ - «Քիչ դեպքեր կա, որ մենք ակտիվ ենք վաճառել բանկին անցած գույքերից։ Մենք շահագրգռված չենք գյուղերում տներ գրավ վերցնել եւ վարկ տալ»։

Արդյոք սոցիալական վիճակով է պայմանավորված, որ 2011-ի համեմատ, բռնագանձումների ծավալը նախորդ տարի 20 տոկոսով աճել է, հարցին, գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հետեւյալ կերպ պատասխանեց․ - «Եթե մենք ասենք, որ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվել է, կլինենք խիստ տարօրինակ մարդ։ Եկենք արձանագրենք այդ փաստը։ Ծառայությունը այսօր իր վստահությունը ձեռք է բերել մեր հասարակության շրջանում, եւ նաեւ դրանով ենք պայմանավորում։ Իհարկե, սոցիալական վիճակի մասին չի կարելի չասել, որ վատ է, եւ չի լավացել։ Անցյալ տարվա հետ համեմատած, ես չեմ կարող ասել, որ լավացել է»։

Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը մանրամասներ ներկայացրեց նաեւ «Նաիրիտ» գործարանի պարտքերի պատճառով հարուցված վարույթների վերաբերյալ։ Ըստ Միհրան Պողոսյանի, «Նաիրիտի» պահանջատերերն են «ՎՏԲ Հայաստան», «Հայռուսգազարդ» բանկերը: Գործարանի ընդհանուր պարտքը, ըստ Պողոսյանի, 1 միլիարդ 482 միլիոն դրամ է: ԴԱՀԿ-ի ղեկավարի խոսքով, իրենք փորձում են այնպես անել, որպեսզի գործարանը կարողանա համաձայն ժամանակացույցի մարել կուտակված պարտքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG