Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը իր առողջական վիճակը նորմալ է գնահատում


Անդրիաս Ղուկասյանը իր առողջական վիճակը նորմալ է գնահատում
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00
Հացադուլի երրորդ օրը Անդրիաս Ղուկասյանը ինքնազգացողությունը գնահատում է նորմալ, «Շտապ օգնության» բժիշկները պարբերաբար այցելում են նրան:

Նախագահի թեկնածուն տեղումներից պատսպարվում է անձրեւանոցի եւ պոլիէթիլենային ծածկոցի միջոցով, ոստիկանների հետ պայմանավորվել է, որ վրան չի տեղադրելու:

Առողջությանը լրացուցիչ վնաս չպատճառելու համար Անդրիաս Ղուկասյանն այսօրվանից սահմանափակում է լրագրողների հետ շփումները, ամեն օր հանդես է գալու մեկ մամուլի ասուլիսով: Անցնող երեք օրերի ընթացքում նախագահի թեկնածուն շարժ տեսնում է եւ չի կասկածում` իր պայքարն արդյունք տալու է:

Նախագահի թեկնածուն հացադուլի միջոցով պահանջում է, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քանի որ իշխող Հանրապետական կուսակցության մասնակցությունը ընտրություններին խոչընդոտում է քաղաքացիների ազատ քվեարկության իրավունքը: Ղուկասյանի հացադուլն անժամկետ է, մտադիր չէ ինքնաբացարկ հայտնել, պնդում է, որ պայքարի այս միջոցից կհրաժարվի միայն մի դեպքում, եթե միջազգային դիտորդները դադարեցնեն առաքելությունը` հայտարարելով, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ:

Ղուկասյանին են այցելել նախագահի չորս թեկնածուներ` Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Հարությունյանը, այսօր էլ Վարդան Սեդրակյանը: Բոլորն էլ հորդորել են դադարեցնել հացադուլը: Թեկնածուն հակադարձում է` պայքարը չի կարելի կիսատ թողնել:

«Դա արժեզրկում է եւ պայքարը, եւ պայքարողին, եւ այն արժեքները, որոնց համար մարդը պայքարում է: Ես չեմ գտնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կիսատ էր թողել իր պայքարը, ինքը մեծ խնդիր լուծեց իր հացադուլով մեր երկրում», - ասաց Ղուկասյանը:

Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով տրվող անվճար եթերաժամը նախագահի թեկնածուն տրամադրում է քաղաքացիներին` դարձնելով այն ազատ ամբիոն:

«Պայման կա, որ քարոզ չլինի որեւէ թեկնածուի օգտին` ներառյալ իմ օգտին», - մանրամասնեց նա:

Առաջինը այդ հնարավորությունից օգտվել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա եթերում հորդորել է ուշադրությամբ հետեւել, թե ովքեր են ընտրապայքարում. - «Փաստորեն 20 տարուց ավելի մենք կոտրած տաշտակի առջեւ ենք կանգնած, մարդիկ լքում են իրենց հայրենիքը եւ ոչ մի հեռանկար եւ ապագա չկա: Մենք պետք է ասենք` վե'րջ, կանգնե'ք, այս ճանապարհները ոչ մի տեղ չեն տանում, հավաքվենք եւ կրենք պատասխանատվությունը ապագայի համար», - ասել է Դանիելյանը:

Հավելենք, որ օրվա ընթացքում Անդրիաս Ղուկասյանին են այցելում քաղաքացիներ, հետաքրքրվում առողջական վիճակով, զորակցություն հայտնում: Ոմանք նշում էին, որ նախագահի թեկնածուին հիշում են Մաշտոցի պուրակի պայքարից, երբ նա ապամոնտաժողների բրիգադում էր ընդգրկված: Ղուկասյանին այցելած որոշ քաղաքացիներ էլ ասում էին, որ չեն ճանաչում նրան, բայց ողջունում եմ պայքարելու վճռականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG