Մատչելիության հղումներ

Բալասանյանը կայացրել է «անհատական որոշում»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելը իր կուսակցի` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի «անհատական որոշումն է»:

Փետրվարի 18-ի ընտրություններում թեկնածու չառաջադրած եւ որեւէ թեկնածուի չսատարելու մասին որոշում ընդունած ԲՀԿ-ի փոխնախագահ Բալասանյանը, հիշեցնենք, երեկ հայտարարել է, որ պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը:

«Ես վեր եմ դասում մեր քաղաքի շահերը քաղաքական եւ կուսակցական շահերից», - փաստարկել է Գյումրու քաղաքապետը:

«Եթե ինչ-որ անհատներ իրենց համար ինչ-որ անհատական որոշումներ են կայացնում, դա անհատների խնդիրն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ուրիխանյանը: - «Պարոն Բալասանյանը կայացրել է անհատական որոշում, ոչ թե որպես կուսակցական գործիչ… Դա Հայաստանի քաղաքացու անհատական որոշում է: Ոչ ոք չի կարող բռնանալ քաղաքացու ազատության, ազատ կամքի դրսեւորման նկատմամբ»:

Ուրիխանյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի բոլոր անդամները կարող են նման անհատական որոշումներ կայացնել այս կամ այն թեկնածուին սատարելու մասին:

«Որեւէ ապագային ուղղված հարցի վերաբերյալ ոչինչ չեք կարող ասել միանշանակ», - նշեց ԲՀԿ-ի խոսնակը:

Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ընտրություններին չմասնակցելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու որոշման տրամաբանությունն այն է, որ կուսակցության անդամներն ու կառույցները ազատ են լինելու նախագահի այս կամ այն թեկնածուին սատարելու հարցում. - «Մեր կուսակցության որոշումը որեւէ պարտադրանք չէր, որ մյուսները պիտի ընտրությունների ժամանակ որեւէ մեկին չպաշտպանեն կամ չգնան ընտրությունների: Որոշման տրամաբանությունը եւ այդ որոշումը կայացնելու ժամանակ քննարկման տրամաբանությունը այդպիսին էր, որ մարդիկ, նաեւ կառույցները ազատ են լինելու. իրենք կորոշեն, թե ինչ անել: Կամ կգնան քվեարկության, պարզապես կկատարեն քաղաքացիական պարտք, կամ ամեն մեկը ազատ է ինչ-որ մեկին նույնիսկ սատարելու»:

ԲՀԿ-ական մեկ այլ պաշտոնյա` Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ի տարբերություն Բալասանյանի, բացեիբաց չի հայտարարում իր որոշման մասին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հակոբջանյանն ասաց, որ թեեւ ինքն «իր թիմով, անձնակազմով, կոլելտիվով եւ ընկերներով» արդեն որոշել են, թե ում են սատարելու, սակայն իրենց նախընտրած թեկնածուի անունը չեն հրապարակի:

ԲՀԿ-ական երրորդ քաղաքապետը` Աբովյանի համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի դիրքորոշումը պարզել չհաջողվեց. նա չպատասխանեց հեռախոսազանգերին: Գուլոյանը, հիշեցնենք, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ տրամաբանական է համարում այն, որ Սամվել Բալասանյանը սատարելու է Սերժ Սարգսյանին:

«Կարծում եմ, որ ով էլ լիներ Գյումրու քաղաքապետը, շատ օբյեկտիվ եւ ճիշտ կլիներ, որ պաշտպաներ գործող նախագահին: Որովհետեւ այս հինգ տարիների ընթացքում Աղետի գոտում եւ, մասնավորապես, Գյումրիում նույն ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում որեւէ սոցիալական ծրագիր չի կրճատվել: Ավելին` բազմաթիվ գյումրեցիներ ստացել են բնակարաններ: Եվ այդ ծրագիրը գտնվում էր Հանրապետության նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում», - փաստարկեց Շարմազանովը:

Նա հերքեց, թե Բալասանյանը, պայմանավորվածության արդյունքում է սատարում այն կուսակցության թեկնածուին, որն իրեն առաջադրել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում` հայտարարելով. - «Հանրապետականը քաղաքական առեւտրով չի զբաղվում»:
XS
SM
MD
LG