Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն եւ Նազարբաեւը ընդդիմանում են Պուտինի նախաձեռնությանը


Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներն ընդդիմանում են Եվրասիական լիակատար ինտեգրման՝ Պուտինի նախաձեռնությանը։ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը մի քանի օրվա տարբերությամբ հայտարարում են, որ Եվրասիական ինտեգրումը տեսնում են սոսկ որպես տնտեսական ինտեգրում, այլ ոչ թե քաղաքական միություն։

Այսօր Աստանայում դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ եւս մեկ անգամ ուզում է ընդգծել, թե Եվրասիական ինտեգրումը երբեք ուղղված չի եղել քաղաքական որեւէ միության վերականգնմանը, հատկապես՝ Խորհրդային Միության վերականգնմանը։

Նազարբաեւը հիշեցրել է, որ անցած տարի ամբողջությամբ սկսել են գործել Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի ստեղծած մաքսային միությունն ու միասնական տնտեսական տարածքը, գործում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհուրդը եւ սրանք բավական են Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի համար։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, գրեթե նույնատիպ հայտարարություն է արել նաեւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Նա հայտարարել է, որ Բելառուսն աջակցում է ինտեգրացիայի ընդլայնման ռուսաստանյան ջանքերին, սակայն պատրաստ չէ ռադիկալ քայլերի։

«Որեւէ վատ բան Ռուսաստանի այս նախաձեռնությունում չկա, սակայն ոչ Բելառուսը, ոչ էլ Ղազախստանը հենց այնպես նման ռադիկալ քայլերի չեն գնա», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Այնպիսի տպավորություն է, որ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների այս նույնատիպ հայտարարությունները համաձայնեցված են։

«Բելառուսը, Ռուսաստանը եւ Ղազախստանը անկախ պետություններ են՝ յուրաքանչյուրն իր սեփական ազգային շահերով», - այսօր հայտարարել է Նազարբաեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG