Ստեփանակերտի օդանավակայանը վերագործարկվել է, սակայն առայժմ վիրտուալ ձեւով…
«Արցախի հանրային հեռուստատեսությունն» ու «Արցախի ձայն» երաժշտական նախագիծը վերջին օրերին ավարտին են հասցրել երաժշտական մի կոմեդիա, որը նկարահանվել է Ստեփանակերտի օդանավակայանում։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային սեղանին վերջին երկու տարիներին ամենաակտիվ քննարկվող հարցերից մեկը՝ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որն այդպես էլ իրականություն չի դառնում, չնայած իր՝ ամբողջությամբ պատրաստ լինելուն, ֆիլմում ներկայացվում է որպես արդեն իսկ ակտիվ գործող օդանավակայան, որը թռիչքներ է ընդունում ոչ միայն Երեւանից, այլ նաեւ Մոսկվայից, Նյու Յորքից, Լոնդոնից, եւ որից օգտվում են թե՛ ղարաբաղցիները, եւ թե՛, ինչպես ֆիլմում է նշվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Սա մի ֆիլմ է, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել օդանավակայանը գործելու դեպքում։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Արցախի հանրային հեռուստաընկերության» գլխավոր խմբագիր Մերի Դավթյանը պատմեց, որ ֆիլմը ցուցադրելուց հետո օդանավակայանի վերագործարկմանը սպասող բազմաթիվ հեռուստադիտողներ զանգել են եւ փորձել են ճշտել, թե արդյոք օդանավակայանն արդեն գործում է եւ այդ մասին ֆիլմի միջոցով են հայտարարում։
«Ամանորյա սերենադ օդանավակայանում կամ 6/8 24 365» ֆիլմը թռիչք է դեպի հավանական ու անհավանական հորիզոններ, որում հրամցվում է ղարաբաղյան հումորն ու համուհոտը` բացառապես ղարաբաղյան բարբառով։ Ֆիլմը նպատակ ուներ նաեւ ցույց տալ, թե ինչպիսին են ղարաբաղցիները, ինչպես կճամփորդեին, ինչպես կդիմավորեին օտարերկրացիներին։ Եվ ի դեպ՝ ֆիլմում մի դրվագ կա այն մասին, թե ինչեր են տեղ գտել ղարաբաղցու ուղեբեռում՝ պահածոներ, մուրաբաներ, չրեղեն եւ այլն։ Ու պատահական չէր, որ ամիսներ առաջ հրավիրված խորհրդակցության ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախագահ Սահակյանը, խոսելով օդանավակայանի ծառայությունների սակագնային քաղաքականության մասին, նշել էր, որ այն պետք է մատչելի լինի, քանի որ որեւէ ղարաբաղցի առանց մուրաբայի չի ճամփորդի, հետեւաբար՝ ծանր ուղեբեռն անխուսափելի է։
«Սա մի փորձ է ցույց տալ եւ կողքից նայել, թե ինպիսին ենք մենք, մեր պրոբլեմները, մեր առօրյան, մեր ապրելաձեւը», - ասում է ֆիլմի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը։