Մատչելիության հղումներ

Հայաստանը հնարավորություն ունի «խոցել» ադրբեջանական կարեւոր օբյեկտները


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Հայաստանի զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել հակառակորդի ողջ տարածքում: Պաշտպանության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջին տարիներին հայկական զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում նախարար Օհանյանը բազմիցս են խոսել այն մասին, որ հայկական բանակի սպառազինության արդիականացման գործում մեծ տեղ է հատկացվում հեռահար ու գերճշգրիտ զինատեսակների ձեռքբերմանը:

Նման զինատեսակներ` մասնավորապես, հարվածային նշանակության մի շարք հրթիռներ, որոնց հեռահարությունը մոտ 300 կիլոմետր է, ցուցադրվել են 2011թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության տոնին նվիրված զորահանդեսում, ինչպես նաեւ տարբեր զորավարժությունների ժամանակ:

«Ներկրված, եւ նաեւ մեր՝ հայրենական արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նախապատրաստվել են մարտական կիրառման, հաջողությամբ կիրառվել են նաեւ զորավարժությունների ընթացքում, հնարավորություն ընձեռելով հակառակորդին խոցել իր ողջ տարածքի խորությամբ, ընդ որում, նաեւ հաշվի առնելով մեր ճշգրիտ զենքերի առկայությունը՝ հնարավորություն ունենալով խոցել առավել կարեւոր, ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ զերծ մնալով նաեւ խաղաղ բնակչության վրա ներգործությունից», - այսօր մանրամասնեց նախարարը։


«Համագործակցությունը կառավարական մակարդակից կփոխանցվի պետական մակարդակի»

Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առաջիկայում ստորագրվելիք ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ նոր պայմանագրին: Ասաց, թե այդ փաստաթղթի ստորագրումը ավելի բարձր մակարդակ կտեղափոխի երկու երկրների փոխգործակցությունն այդ ոլորտում եւ թույլ կտա զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը:

Պաշտոնական Երեւանն ու Մոսկվան, ինչպես անցած շաբաթ տեղեկացրել էր Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պատրաստվում են առաջիկայում կնքել ռազմատեխնիկական համագործակցության մասին նոր` մասշտաբային պայամանգիր: Անցած երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Պուտինը հանձանարարել է կառավարությանը Հայաստանի հետ բանակցություններն ավարտելուց հետո կնքել համապատասխան պայմանագիր:

«Դեռեւս 2003 թվականի հունվարից գոյություն ունի ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ միջկառավարական ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Ռազմատեխնիկական ուղղությամբ մեր աշխատանքների բարելավման եւ խորացման ընթացքը թույլ է տվել, որպեսզի մեր պետության ղեկավարների կողմից համապատասխան ցուցում տրվի այն կառավարական մակարդակից պետական մակարդակի փոխանցելու համար», - այդ կապակցությամբ նշեց Օհանյանը:

Միեւնույն ժամանակ, նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է ծավալում նաեւ եվրոպական երկրների հետ:

«Եվրոպական երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում մենք հիմնականում փոքր միջոցների, հատուկ միջոցների եւ, ըստ հնարավորության` նախկին Խորհրդային Միության սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքների ուղղությամբ ենք մենք համագործակցություն ենք իրականացնելու», - հավելեց նա:


Ադրբեջանական տեղեկատվությունը «իրականությանը չի համապատասխանում»

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե վերջին ամիսներին Ռուսաստանը օդային բեռնափոխադրման միջոցով Հայաստանին է հանձնել զենք-զինտեխնիկայի տպավորիչ քանակություն, ներառյալ` հակաօդային պաշտպանության Куб տեսակի հրթիռային համալիրներ, հետեւակի մարտական մեքենաներ, թնդանոթներ, մարտական ինքնաթիռների կողմից արձակվող հրթիռներ, մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք-զինամթերք:

Այդ մասին հարցին նախարարն արձագանքեց. - «Կարճ պատասխանեմ` իրականությանը այն չի համապատասխանում: Նաեւ այն առումով, որ այնտեղ նշված չէ ամբողջականությունը»:

Սեյրան Օհանյանը նաեւ տեղեկացրեց, թե Երեւանում «հետեւել են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունների ողջ ընթացքին» եւ դեմ չեն, եթե նման մի կայան Ռուսաստանը որոշի հիմնել Հայաստանում:

Ինչպես հայտնի է ռուս-ադրբեջանական այդ բանակցությունները ավարտվեցին անարդյունք, եւ Ռուսաստանը պետք է հեռանա Գաբալայից:

Օհանյանը տեղեկացրեց, թե իր հրամանով պաշտոնանկ է արվել Զինված ուժերի ռազմաբժշկական վարչութան պետը:

Դեկտեմբերի վերջին, հիշեցնենք, հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց նորակոչիկ Նորայր Սահակյանի հետ կապված դեպքը, ով զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին վատացել էր եւ հոսպիտալում հանկարծամահ եղել:

Լրագրողներից մեկն էլ հարցրեց, թե ի՞նչ պատասխան են տալու հայկական զինված ուժերը, եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը հարվածի Ստեփանակերտի օդանավակայանից օգտվող քաղաքացիական օդանավերին:

«Վերջնական որոշում ընդունելուց հետո ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռի պլանավորված ամբողջ գործունեությունը եւ թռիչքները», - պատասխանեց Սեյրան Օհանյանը:
XS
SM
MD
LG