Մատչելիության հղումներ

«Ոստիկանությանը ոչ ոք թույլ չի տա ընտրախախտումների դեմ պայքարել»


Ընդդիմադիր գործիչները եւ իրավապաշտպանները թերահավատ են ընտրական գործընթացների վերաբերյալ Ոստիկանության` երեկ տարածած հայտարարության կապակցությամբ:

Ոստիկանությունը, հիշեցնենք, պատրաստակամություն է հայտնում անել հնարավորը` Հայաստանում ժողովրդավարական հասարակությանը հարիր ընտրական միջավայրի եւ մթնոլորտի ձեւավորման համար:

Առաջիկա նախագահական ընտրությունների առնչությամբ տարածած հայտարարության մեջ ոստիկանությունը վստահեցնում է, որ ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` իրեն հասցեագրված դիմումների եւ բողոքների պատշաճ քննությունն ապահովելու, ընտրական գործընթացներին առնչվող խոչընդոտների վերացման, հասարակական կարգի պահպանության ուղղությամբ:

Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում նաեւ երաշխավորել նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունն ու ազատ հավաքների անցկացումը: Իսկ քաղաքացիներին կոչ է անում ընտրական գործընթացներին վերաբերող հարցերով հայցել եւ ստանալ ոստիկանության ծառայողների աջակցությունը` «քանզի ոստիկանությունը կոչված է ծառայելու մեր հասարակությանը, նրա պահանջների եւ խնդիրների լուծմանը»:

Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ողջունում է ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը նպաստելու` իրավապահ համակարգի պատրաստակամությունը` արձանագրելով, որ ոստիկանության աշխատանքում առաջընթացը նկատելի է:

«Վերջին համապետական ընտրությունները` Ազգային Ժողովի ընտրությունները, կարծում եմ, նոր որակ էր: Եվ կարծում եմ, այս ընտրություններում, առավել եւս, լինելու է նոր որակ: Որովհետեւ եթե կան ընտրախախտումներ, մեզ համար շատ ավելի հեշտ է այդ արջի ծառայություններ մատուցողներին մեկ անգամ հեռացնել դաշտից, մեկ անգամ կարգի բերել եւ գնալ առաջ: Որովհետեւ մենք ուղղակի բարոյական իրավունք չունենք այս ընտրությունները չանցկացնել բարձր մակարդակով: Սրանով իսկ պետք է սահմանել մի նշաձող, որ հետագայում ով էլ լինի, ինչ ընտրություններ էլ լինեն, այդ նշաձողից առնվազն ներքեւ ընտրություններ չանցկացվեն: Այստեղ մեծ անելիք ունի նաեւ ոստիկանությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բնորոշեց խորհրդարանում ՀՀԿ-ի խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով, հիշեցնենք, թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին անցկացված պատգամավորի լրացուցիչ ընտրությունների սահմանադրականությունն այժմ վիճարկում է Սահմանադրական դատարանում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընտրական գործընթացում կարելի է դրական գնահատել միայն ոստիկանության աչալրջությունը` թեկնածուների քարոզարշավի անվտանգությունն ապահովելու համար:

Սաֆարյանին, սակայն, մտահոգում է ընտրական գործընթացի օրինականությունը. - «Ընտրությունների հետ կապված որեւէ խախտման ընթացք չեն տալիս, կամ տալիս են խայտառակ ընթացք: Այսինքն, միգուցե մարդկանց ֆիզիկական անվտանգությունն ապահովելու առումով ինչ-որ բան անում են, բայց ընտրացուցակները մաքրելու հետ կապված ոստիկանությունը ոչինչ չի անում, ոչինչ չի էլ կարող անել, եւ ոչ ոք նրանց չի էլ թույլատրի դա անել: Ընտրախախտումների հետ կապված ընթացք չեն տալիս, եւ նրանց թույլ էլ չի տրվի դա անել, որովհետեւ այս բոլոր պետական մարմինները, եւ առաջին հերթին ոստիկանությունը, ուղղակի կամ անուղղակիորեն լծված են իշխանության վերարտադրության պրոցեսին, կամ կոչված են սպասարկելու այդ շահը: Նրանց ավելին թույլատրված չէ»:

Անցած տարվա մայիսի 6 ի խորհրդարանական ընտրություններից հետո ընտրակաշառքի մասին տարբեր լրատվամիջոցների հրապարակումների, քվեարկության օրը պատգամավորության թեկնածուներից կամ նրանց աջակիցներից ստացած երկու տասնյակ հաղորդումների առնչությամբ ի սկզբանե հարուցվել էր 8 քրեական գործ, սակայն որեւէ անձ քրեական պատասխանատվության այդպես էլ չենթարկվեց:

Ստյոպա Սաֆարյանը, վկայակոչելով նաեւ դեկտեմբերի 2-ի ընտրություններում իր շտաբի արձանագրած միջադեպերը, փաստում է, որ իրավապահ համակարգի նկատմամբ անվստահությունն այնքան է խորացել, որ հաճախ գերադասում են բողոք չներկայացնել. - «Ամեն խնդրով ուղղակի մի երկու տարի կմնանք ոստիկանության դռներին եւ վերջում էլ շնորհակալություն կհայտնենք, որ մեզ մեղադրյալ չեն դարձրել որեւէ գործով»:

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս առիթով մեջբերեց կազմակերպության իրավապաշտպան եւ դիտորդ Արման Վեզիրյանի գործը, երբ մայիսի 6-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքում բռնության ենթարկված դիտորդը տուժողից շուտով հայտնվել էր մեղադրյալի կարգավիճակում. - «Արման Վեզիրյանը հիմա դատվում է ոստիկանության պատճառով: Արման Վեզիրյանի վրա հարձակում է եղել, մենք բողոքեցինք ոստիկանություն, ոստիկանությունը քրեական գործ բացեց նաեւ Արմանի վրա»:

Միքայել Դանիելյանը ընդգծեց, որ Վեզիրյանը մեղադրյալ է դարձել այն բանից հետո, երբ նա ոչ միայն չի ընդառաջել իրավապահների հորդորներին եւ չի հրաժարվել թիվ 11 ընտրատարածքում մի քաղաքացու կողմից բռնության ենթարկվելու մասին իր ներկայացրած բողոքից, այլեւ պահանջել է ծանրացնել քաղաքացուն առաջադրված «ծեծի» մեղադրանքը եւ նրան մեղադրել նաեւ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու մեջ:

«Ի՞նչ է պաշտպանում ոստիկանությունը, ո՞ւմ է պաշտպանում ոստիկանությունը: Ես չեմ հասկանում», - տարակուսեց Դանիելյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ոչ թե ընտրախախտումների դեպքերն են պակասում, այլ բողոքները, որովհետեւ «բողոքելու պատրաստ մարդիկ արդեն կորցրել են իրենց հույսն ու հավատը, որ կարող են բողոքով կամ օրինական ճանապարհով, Հայաստանում արդարադատության միջոցով ինչ -որ արդյունքի հասնել»:

«Մարդիկ բախվում են պատի, ամուր պատի, կորցնում են հույսն ու հավատը: Ոմանք, կորցնելով այդ հույսն ու հավատը, հեռանում են Հայաստանից, ոմանք էլ, ովքեր դեռ չեն հեռացել, դադարում են ակտիվ ընդվզելուց: Դա է պատճառը, որ այսօրվա մեր քաղաքական դաշտն էլ է ամայացած, Սերժ Սարգսյանը չունի հզոր հակառակորդ: Նաեւ դա է պատճառը, որովհետեւ մարդիկ կորցնում են հավատը, իսկ մեր իրականությունում Սերժ Սարգսյանի դեմ հզոր թեկնածուն պետք է իր թիկունքում ունենար հսկայական թվով մարդիկ, ովքեր պատրաստ էին իրենց տված ձայները պաշտպանելու համար փողոց դուրս գալ: Բայց մարդիկ կորցրել են նույնիսկ հույսը, որ հնարավոր է փողոց դուրս գալով ինչ-որ հարց լուծել: 2008-ի Մարտի 1-ը վառ ապացույցն էր, թե ինչպես ընդվզեցին ու ջարդվեցին», - եզրափակեց իրավապաշտպանը:
XS
SM
MD
LG