Մատչելիության հղումներ

2013-ին մի քանի նոր հյուրանոցներ կբացվեն


Հայաստանի արտաքին գերատեսչության շենքը կամ հանրապետության ապագա բարձրակարգ հյուրանոցներից մեկը կհամապատասխանի միջազգային բարձրակարգ հյուրանոցների չափանիշներին:

Արտգործնախարարության շենքում արտերկրից ժամանած հյուրերի կընդունեն ապագայում, իսկ շուտով Հանրապետության հրապարակի հարեւանությամբ մեկ այլ հյուրանոց կբացվի: Խոսքը աշխարհում հայտնի հյուրանոցային ցանցերից մեկի մասին է: Նախնական տվյալներով` «Հայաթ» ցանցին պատկանող հյուրանոցը կունենա 95 համար: Այն գրեթե պատրաստ է, գտնվում է տրանսպորտի եւ կապի նախարարության ետնամասում:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչություն պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով` այս հյուրանոցը ընդամենը մեկն է այն հյուրանոցներից, որոնք կգործարկվեն 2013 թվականի ընթացքում:

2000 թվականին Հայաստանում ընդամենը 2-3 միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոց կար, մինչդեռ հիմա դրանց թիվը անցնում է 100-ից: Եվ չնայած թվերի նման աճին, Հայաստանի հյուրանոցային համարների պակաս կա:

Թե քանի հյուրանոցային համար է պետք առկա պահանջարկը բավարարելու համար, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրենը դժվարանում է ասել: Ալեքսան Զաքյանի խոսքով` թեեւ ամեն տարի կառուցվող նոր հյուրանոցներին, պահանջարկը տարեցտարի ավելի է մեծանում:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչություն պետի խոսքով` քանի որ զբոսաշրջիկները վստահում են հիմնականում միջազգային բրենդերին, այդ իսկ պատճառով ակտիվ բանակցություններ են տարվում նման բրենդեր Հայաստան բերելու ուղղությամբ, խոսքը գնում է «Ռեդիսոն», «Հիլթոն» եւ մի շարք այլ ցանցերի մասին:

Վերջին տարիներին հետաքրքրություն է նկատվում նաեւ մարզային քաղաքների առումով: Օրինակ, այս տարի սպասվում է, որ Ջերմուկում կկառուցվի «Հայաթ» ցանցի հյուրանոց:

Հանրապետության տարածքում այժմ ամենաշատ հյուրանոցները գտնվում են Երեւանի կենտրոնում: Այստեղ, ի տարբերության տուրիստական մի շարք քաղաքների, հյուրանոցային համարների պահանջարկը գրեթե ամբողջ տարի չի դադարում:

Այժմ Հայաստանում ոչ պաշտոնական տվյալներով կա ընդամենը մեկ 5 աստղանի հյուրանոց: Պաշտոնական տվյալներով` դրանց թիվը 2-ն է, եւ չնայած դրան վերջերս Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, ըստ որի Հայաստանում կներդրվի «5 աստղ» կարգը գերազանցող «5 աստղ Դելյուքս» կարգը: Սա, ոլորտի պատասխանատուների խոսքով, Հայաստանում նոր որակի հյուրանոցների մուտքը խթանելու նպատակով է արվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG