Մատչելիության հղումներ

Մատաղիսի գործով բողոք է ներկայացվել վերաքննիչ ատյան


Ռոման Եղիազարյանի հարազատները մամուլի ասուլիսում:
Ռոման Եղիազարյանի հարազատները մամուլի ասուլիսում:
2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում սպանված երկու զինվորներից մեկի` Ռոման Եղիազարյանի հարազատները անցած ուրբաթ օրը դիմել են վերաքննիչ դատարան:

Նրանք բողոքարկում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը. 4,5 տարի գործը քննելուց հետո Շիրակի մարզի դատարանն արդարացման դատավճիռ էր հրապարակել:

2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած երկու զինվորների սպանության գործը տարիներ շարունակ մնում է հանրության ուշադրության կենտրոնում: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2005 թվականին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին դատապարտել էր 15-ական տարվա ազատազրկման:2006-ին վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ դատապարտելով ցմահ ազատազրկման: Իսկ Վճռաբեկ դատարանը 2006 թվականի դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության, եւ մեկ տարի անց երեք տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ:

Այս գործի հանգուցալուծումը մեկ ամիս առաջ տրվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ արդարացման վճիռ կայացվեց. նախկին ամբաստանյալները անմեղ էին ճանաչվել` ապացույցների անբավարարության հիմքով:

Այսօր, սակայն, Ռոման Եղիազարյանի հորեղբայրը, մայրը եւ հորաքույրը հրավիրած ասուլիսում պնդեցին, թե անհրաժեշտ է դատապարտել արդարացված երեք նախկին զինծառայողներին:

Նշենք, որ արդարացված երեք տղաներին անմեղ են համարում 2003-ին սպանված մյուս զինվորի՝ Հովսեփ Մկրտումյանի ծնողները:

Եղիազարյանի հորեղբայրը հեռուստաընկերությունների ներկայացուցիչներիչն հանձնեց տեսագրություն, որում, իր պնդմամբ, արձնագրված է, թե ինչպես է Գյումրիի դատարանի որոշմամբ անցյալ ամիս արդարացված երեք տղաներից մեկը ինքնախոստովանական ցուցմունքներ տալիս, ի դեպ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակում: Զինվորի մայրը՝ Գոհար Մելքոնյանը չի ընդունում պնդումները, որ այդ ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով. - «Եթե մարդը սպանությանը չի մասնակցել, բառ առ բառ ամեն բան չի կարող այնպես բացատրել, ինչպես բացատրել է Ռազմիկ Սարգսյանը»:

Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս մեկ անգամ պնդեց, որ Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքները խոշտանգման արդյունք են եղել. - «Որպեսզի պարզ լինի ամեն ինչ, ես ձեզ ասեմ, որ այս գործով մի բոլորովին ուրիշ զինվոր էլ բոլորովին ուրիշ խոստովանական ցուցմունք է տվել ու նա էլ իր վրա է վերցրել: Բոլորովին ուրիշ պարագաներ է նկարագրել, ուրիշ կատարողներ»:

Ի դեպ, խոշտանգման եւ ապօրինի ձերբակալման փաստերը ճանաչելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի քննությունն ավարտական փուլում է:

Հայկ Ալումյանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ երեք տղաներին մեղավոր համարող իրավահաջորդները դատական նիստերի հազիվ քսան տոկոսին են հետեւել. - «Դատախազության կողմից օգտագործվում է իրենց ծանր հոգեվիճակը ու իրենց անտեղյակությունը: Դատախազությունը այնքան էլ չի շտապում բողոք գրել… Զգում է, որ այստեղ վարկածը չհաստատվել»:

Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ արդարացման դատավճռի դեմ բողոք բերելու ժամկետը լրանում է հունվարի 18-ին, եւ ավելացրեց, որ Զինդատախազությունը դեռ ուսումնասիրում է հանգամանքները եւ առայժմ որոշում չկա՝ դիմելո՞ւ է վերաքննիչ դատարան, թե՞ ոչ:

Ի դեպ, Հայկ Ալումյանը կարեւոր համարեց նկատի ունենալ արդարացման դատավճռի կապակցությամբ զինվորական դատախազության դիրքորոշումը. - «Զինդատախազությունը դեմքը փրկելու համար ինչ-որ մի փաստարկ է գցել շրջանառության մեջ, թե տեսեք` ոչ թե հանցակազմի բացակայությամբ են արդարացվել, այլ ապացույցների անբավարարությամբ: Տվյալ դեպքում, եթե անձինք ընդհանրապես չեն առնչվում այդ դեպքին, եթե իրենք ոչ մի գործողություն կապված այդ դեպքի հետ չեն արել, իրենք չեն էլ կարող արդարացվել հանցակազմի բացակայության հիմքով»:

Իրավապաշտպան Ժաննա Ալքեսանյանի համոզմամբ, սպանված զինվորի հարազատները վերաքննիչ դատարան են դիմել Զինվորական դատախազության ուղղորդմամբ. -«Եվ այդ ուղղորդմամբ այս մարդկանց թույլ չի տալիս հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Ժամանակին դա անում էր Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, այժմ այդ պարտականությունը ստանձնել է Գեւորգ Կոստանյանը: Սա նաեւ ենթատեքստ ունի` չբացահայտելու իրական հանցագործներին»:

Ալեքսանյանը կարծիքով, Զինվորական դատախազությունը բողոք չի ներկայացնի վերաքննիչ դատարան:
XS
SM
MD
LG