Մատչելիության հղումներ

Հասունացել է գորգարվեստի թանգարան ունենալու հարցը


Անցած շաբաթավերջին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց հայկական գորգարվեստին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են շուրջ 5 տասնյակ գորգեր, որոնցից շատերը առաջին անգամ են հանվում պահոցներից:

Ցուցահանդեսի առաջին այցելուներից էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Պատմության թանգարանի գորգերի ցուցադրությունը, իհարկե, փառահեղ ցուցադրություն է, շատ արժեքավոր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց արվեստաբան Կարեն Միքայելյանը` հավելելով. - «Կրկին անգամ ես եւ շատ-շատերս համոզվեցինք, որ արդեն չափազանց անհրաժեշտ է ունենալ գորգի եւ գորգարվեստի թանգարան»:

Նրա ձեւակերպմամբ, հարցը վաղուց է հասունացել, սակայն հիմա «դանակը հասել է ոսկրին». - «Որովհետեւ մեր հարեւանները, եւ ոչ միայն հարեւանները, հափշտակում են մեր գորգերը, ներկայացնում են որպես իրենցը: Մենք ամեն անգամ դժգոհում ենք, բողոքում են, բայց ոչ մի հակահարված չենք հասցնում: Պետք է ունենալ գորգարվեստի թանգարան, այդ ժամանակ շատ բերաններ կփակվեն»:

Նշենք, որ, բացի Պատմության թանգարանից, իրենց պահոցներում գորգեր ունեն նաեւ Սարդարապատում գտնվող Հայաստանի պետական ազգագրական թանգարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանը, մշակութային ու կրոնական այլ օջախներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG