Մատչելիության հղումներ

Հունվարի 11-ի մամուլ


Մամուլը շարունակում է քննել նախագահական մրցապայքարից հրաժարված քաղաքական ուժերի վարքագիծը:

«Առավոտ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Իհարկե, ցավալի է, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն իրենց թեկնածուներին չեն առաջադրել, բայց դա աշխարհի վերջը չէ, դա հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը չէ, եւ դա չի նշանակում, որ Հայաստանում քաղաքական, հասարակական կյանքը պետք է կանգ առնի: Ցանկացած ցավալի իրադարձության մեջ ուզում եմ պոզիտիվ տեսնել: Մասնավորապես, Կոնգրեսի միջավայրից առանձնանում են մարդիկ, որոնք սկսել են հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական գործիչներ, ոչ թե որպես Տեր-Պետրոսյանի կողքը տեխնիկական աշխատանք կատարող ֆունկցիոներներ: Նկատի ունեմ, բնականաբար, նախեւառաջ Հրանտ Բագրատյանին եւ Նիկոլ Փաշինյանին, որոնք, ի դեպ, այս ամիսներին ԱԺ-ում իրենց դրսեւորել են որպես բարեխիղճ պատգամավորներ»:

Թեման շոշափվում է նաեւ «Հայոց Աշխարհ» թերթում. - «Առողջ տրամաբանության համար անընկալելի է, որ լուրջ քաղաքական ուժը կարող է հոժարակամ անկյուն մղվել, եւ քաղաքական կարեւորագույն գործընթացից` նախագահական ընտրություններից առաջ հայտարարել չմասնակցության մասին: Իհարկե սա նաեւ սեփական անկարողությունը թաքցնելուն միտված քայլ է. դրեցին ու հաշվեցին, կոնսուլտացիաներն էլ վերլուծեցին ու հասկացան, որ պարտվելու են: Ուրեմն այլ բան չէր մնում անել, քան գոնե ինքնատիպ երեւալ: Եվ մոգոնվեց բոյկոտը` իբրեւ ինքնադրսեւորման մի «յուրօրինակ» ձեւ: Այն պահին, երբ ընդդիմադիրների ականջին հասան ամերիկացի ու եվրոպացի դիվանագետների մեսիջները, թե նախագահական ընտրություններում Հայաստանից ակնկալում են մրցակցային պայքար, ընդդիմությունը գործի անցավ, որոշեց տանը նստած, կողքից հետեւել, թե ինչպես է երկիրն առանց իրենց «կործանվում» ու հայտարարեց` բոյկոտում ենք»:

Պնդումներին, թե Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրություններին չունի լուրջ մրցակից, «Ժամանակ» օրաթերթն արձագանքում է. - «Հայաստանում առկա իրավիճակն է՝ իր գրեթե բոլոր կողմերով, բացի, իհարկե, քաղաքական ամայությունից: Մնացյալ բոլոր առումներով Հայաստանում առկա ծանրագույն վիճակը լուրջ, չափազամց լուրջ մրցակից է ցանկացած նախագահի թեկնածուի համար, ով էլ որ նա լիներ եւ ինչպես էլ հաջողացրած լիներ ամայացնել ու փոշիացնել մնացյալ ամբողջ դաշտը: Երեւի թե որեւէ երկրի նախագահի թեկնածու չէր կամենա ունենալ այնպիսի մրցակից, ինչպիսին Հայաստանում առկա վիճակն է, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, իրավաքաղաքական ծանր խնդիրները, համակարգային արատները, որոնք պահանջում են շուտափույթ լուծում: Այդ ամենը հասել է կրիտիկական աստիճանի, կամ կհասնի շատ մոտ ապագայում: Այդ վիճակը ձգելը այլեւս դառնում է ավելի ու ավելի դժվար եւ նույնիսկ պրակտիկորեն անհնար: Հայաստանը դատարկվում է, Հայաստանում նվազում են ներդրումները, Հայաստանի շուրջը ծավալվում են զարգացումներ, որոնք պահանջում են ներքին ռեսուրսների մոբիլիզացում, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ իշխող օլիգարխիան շարունակում է մսխել այդ ռեսուրսներն ու հանդիսանալ հասարակական լիարժեք եւ օբյեկտիվ մոբիլիզացիայի ծանրագույն խոչընդոտ: Սերժ Սարգսյանը կարող է անգամ 100 տոկոս հավաքելով իրեն հռչակել Հայաստանի նախագահ, բայց դրանով որեւէ խնդիր չի պակասելու, եւ նա ստիպված է լինելու վաղ թե ուշ բախվել այդ իրավիճակին դեմ առ դեմ, թեեւ երեւի արդեն իսկ բախվել է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը փաստարկում է, թե ինչու ներկայիս իշխանություններից հնարավոր չէ դրական փոփոխություններ ակնկալել. - «Այս իշխանությունները աշխատատեղեր չեն ստեղծելու, որովհետեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանից սկսած, առաջին հերթին բիզնեսմեններ են, իսկ ցանկացած բիզնեսմեն առաջին հերթին ձգտում է հնարավորինս քիչ աշխատողներ պահել, եղածների աշխատավարձերն էլ հնարավորինս կրճատել: Ավելին. այս իշխանություններն անընդհատ բարձրացնելու են հարկերը, որովհետեւ երկիրը դատարկվում է, հարկ վճարողները պակասում են, իսկ ծախսերն անընդհատ ավելանում են, դրա համար էլ միակ ձեւը հարկերն անընդհատ բարձրացնելն է: Այս իշխանությունները չեն պայքարելու կոռուպցիայի դեմ, որովհետեւ դա իրենց եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է, չեն պայքարելու հանուն օրենքի գերակայության, որովհետեւ այդ դեպքում իրենց մեծ մասը կհայտնվի բանտերում: Մի խոսքով` հասարակությունն այս իշխանություններից որեւէ ակնկալիք ունենալ չի կարող»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG