Մատչելիության հղումներ

Հունվարի 9-ի մամուլ


Քննելով նախագահի ընտրությունները բոյկոտած քաղաքական ուժերի վարքագիծը` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ո՞ւմ կան ի՞նչն են բոյկոտում հիշյալ ուժերը: Եթե խիստ հակիրճ եւ կոնկրետ, ապա ստացվում է, որ որպես քաղաքական ուժ հանդես եկող ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու պատկառելի ճանապարհ անցած ՀՅԴ-ն բոյկոտում են այն, ինչն իրենց հիմնական զբաղմունքն ու կոչումն է, այն է` զբաղվել քաղաքականությամբ, ծավալել քաղաքական պայքար` իրենց գաղափարախոսությունից բխող ծրագրերի իրականացման համար: Կարճ ասած` մարդիկ չեն ուզում զբաղվել իրենց հիմնական զբաղմունքով, հրաժարվում են պայքար մղելուց… Ցանկացած համեմատություն կաղում է, բայց դա մոտավորապես նույնն է, եթե որմնադիրը չցանկանա օգտվել եւս մի պատ շարելու հնարավորությունից, հացթուխը հրաժարվի լավաշ պատրաստելուց, ինչ է թե թոնիրը «սրտովը չէ», իսկ ձեռուոտը տեղը, գործիք ու հնար ունեցող հողագործն էլ դաշտն անմշակ թողնի, այգին` անտեր, որովհետեւ «հարեւանի հետ չունի»: Բայց, էլի ենք ասում` պատճառները դեռ մի կողմ: Ի վերջո, ինչ-որ բան չանելու համար բազմաթիվ պատճառներ կարելի է բերել, իսկ անելու համար պետք է ընդամենը կամք եւ ցանկություն: Ու հենց այդ տեսակետից է, որ նշված երեք ուժերի ընդունած կրավորական կեցվածքը, մեղմ ասած, թույլ է եւ անլուրջ»:

«ժամանակ» օրաթերթի դիտարկմամբ` Հայաստանի առջեւ կուտակված խնդիրները` իրենց ծանրությամբ հանդերձ, լուծելի են: Թերթը գրում է. - «Ծանր իրողությունների դեղատոմսը գտնելն անհնար չէ, Հայաստանի առջեւ չկան այնպիսի ներքին եւ արտաքին մարտահրավերներ, որոնք հաղթահարելու պոտենցիալ Հայաստանի հասարակությունը չունի: Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ մենք չնեղացնենք մեր տեսադաշտը, մեր հայացքը ու փորձենք տեսնել ամբողջ Հայաստանը, իրողությունները, իրականությունը տեսնենք ամբողջությամբ, որպեսզի կարողանանք հնարավորինս ճշգրիտ գնահատել իրավիճակը, մարտահրավերները, տեսնել դրանց խորքը եւ բանաձեւել ու ձեւակերպել լուծումները»:

«Հայկական ժամանակ»-ը, արձագանքելով նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձին, գրում է. - ««2012 թվականին հազարավոր հայաստանցիներ աշխատանք գտան կամ նոր գործ սկսեցին», - իր ամանորյա ուղերձում ասաց Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից, կոնկրետ թիվ չնշելով, Սերժ Սարգսյանը խուսափել է բացասական պատկեր ներկայացնելուց: Բայց նույնիսկ այս դեպքում դա չի ստացվել: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2012 թվականի, ասենք, 3-րդ եռամսյակում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում զբաղվածների թիվը կրճատվել է մոտ 30 հազարով: Նույն միտումը նկատվել է նաեւ 1-ին ու 2-րդ եռամսյակներում: Իսկ դա նշանակում է, որ իրականում 2012-ի ընթացքում տասնյակ հազարավոր հայաստանցիներ աշխատանք են կորցրել: Սա վատ, շատ վատ ցուցանիշ է»:

«Առավոտ»-ի խմբագիրը, համեմատելով Միացյալ Նահանգներում պետական բարձրագույն պաշտոններում նշանակումներ կատարելու ընթացակարգերը հայաստանյան իրականության հետ, գրում է. - «Հակակշիռների համակարգի շնորհիվ է, որ Օբաման չի կարող եւ չի էլ փորձելու բարձր պաշտոններում նշանակումներ անել «թայֆայական» սկզբունքով, իսկ եթե դա ինչ-որ հրաշքով տեղի ունենա, միեւնույն է՝ հասարակությունը, Կոնգրեսը, Սենատը, լրատվամիջոցները այնպիսի ճնշում կգործադրեն, որ նման պաշտոնյաներից ու գուցե նման նախագահից հեշտությամբ կազատվեն: Ամերիկացի պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները ոչ բարոյական եւ ոչ էլ ինտելեկտուալ առումով չեն գերազանցում մերոնց (չհաշված կրթական ցենզը, որը մեր ԱԺ պատգամավորների կեսի մոտ բացակայում է): Պարզապես այդ երկրում մոտ 240 տարում ստեղծվել են այնպիսի ինստիտուտներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք կարողանում են արդյունավետ կազմակերպել քաղաքական եւ տնտեսական կյանքը: Մենք, իհարկե, 240 տարի սպասելու ժամանակ չունենք: Ոչ էլ, հաշվի առնելով մեր շրջապատը, կարող ենք մեզ թույլ տալ ապստամբություններ, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ եւ այլ «շռայլություններ», որոնք եղել են ԱՄՆ եւ այլ՝ ներկայումս քիչ թե շատ բարեհաջող պետությունների պատմության մեջ: Մեզ համար հավասարապես վտանգավոր են թե լճացումը եւ թե հեղափոխությունը: Մնում է կազմակերպված, խաղաղ, զուսպ, բայց նաեւ վճռական ճնշումը, որը մեր երկրին բարեփոխումներ կպարտադրի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG