Մատչելիության հղումներ

Հունվարի 8-ի մամուլ


Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանի քաղտեխնոլոգներին հաջողվել է նրա համար ամենաանպարտելի գաղափարական ու քաղաքական պլատֆորմ ստեղծել՝ ընդդիմության ձեռքից խլելով գլխավոր փաստարկը՝ նոր, առաջադեմ գաղափարների առաջադրումը: Առաջադեմ գաղափարները՝ արեւմամետ կողմնորոշում, եվրաինտեգրում, ժողովրդավարացում, քաղաքացիական հասարակության ներգրավում, ուզուրպացրել է ներկայիս իշխանությունը: Դա Սերժ Սարգսյանի մրցակիցներին մղել է ռեգրեսիվ, մարգինալ ճամբար՝ մեխանիկորեն նրանց դարձնելով, օրինակ, ոչ գլամուրային Եվրասիական միության կողմնակիցներ, քաղաքացիական հասարակության հակառակորդներ եւ այլն: Սերժ Սարգսյանն իրոք հեղափոխական գաղափարների մի ողջ բեռ է կուտակել, եւ այժմ նրան հարկ կլինի ապացուցել, որ մեծ բարեփոխիչ է, այլ ոչ թե մեծ կոմբինատոր: Եվ հարկ կլինի ապացուցել ամեն օր եւ ամեն ժամ: Չափից շատ բան է խոստացվել շատերին՝ դրանք իրականացնելու համար»:

1in.am կայքի մեկնաբանը գրում է. - «Այն, որ 2013 թվականի նախագահական ընտրություններն այլեւս վերածվել են թատրոնի, երեւի թե անվիճելի է, եւ հազիվ թե որեւէ մեկը այլ կարծիք ունենա այդ կապակցությամբ: Բայց անգամ թատերական այդ ներկայացումը կարող է որոշակիորեն նոր իրավիճակ ստեղծել Հայաստանի քաղաքական դաշտում: Կյանքն, իհարկե, չի ավարտվելու 2013 թվականի ընտրություններով, հետեւաբար իշխանությունը գոնե իր համար փորձելու է այդ ընտրությունները ծառայեցնել որոշակի նոր իրավիճակի ձեւավորմանը, որպեսզի այդ իրավիճակը հող դառնա հետագա հնգամյակի համար եւ ի վերջո հանգեցնի իշխանության փոխանցման փուլի հնարավորինս լայն վերահսկելիության: Ինչ ստատուս-քվո էլ ձեւավորվի նախագահական ընտրության արդյունքում, միեւնույն է` դա լինելու է ընդամենը ժամանակավոր երեւույթ, որով Սերժ Սարգսյանը փորձելու է լուծել իր գլխավոր հարցը` հնարավորինս մաքրել դաշտը 2017-18 թվականի ընտրություններից առաջ եւ ունենալ հնարավորինս կառավարելի իրավիճակ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերստին դուրս է մնում քաղաքական գործընթացներից, երկրի քաղաքական-պետական համակարգի ձեւավորման հարցում մասնակցություն ունենալու հնարավորությունից։ Այսինքն` թե՛ այն ժամանակ, երբ իշխանության թեկնածուի դեմ առաջադրվում էր ընդդիմադիր հաղթող թեկնածու, թե՛ հիմա, երբ չկա այդ թեկնածուն, հասարակությունը, միեւնույն է, մնում էր եւ մնում է առանց վճռական դերակատարման։ Այս առումով Հայաստանում գրեթե ոչինչ չի փոխվել։ Պարզապես հասարակությունն իր անտարբերությամբ եւ ապատիկ կեցվածքով պարտադրել է իր խաղի կանոնը, բայց ոչ թե ռեժիմին, այլ ընդդիմությանը՝ նրան լիազորելով չմասնակցել ընտրություններին եւ Սերժ Սարգսյանին միայնակ թողնել իր անփառունակ հաղթանակի հետ»։

Նախագահի թեկնածու առաջադրված էպոսագետ Վարդան Սեդրակյանը «Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե քարոզարշավի համար հսկայական գումարներ են անհրաժեշտ, արձագանքում է. - «Դա ինձ համար հսկայական չէ։ Ես նախատեսել էի մոտ 2 միլիոն դոլար ծախսել, բայց օրենքը թույլ չի տալիս այդքան, ստիպված պետք է 100 միլիոն դրամի մեջ տեղավորվեմ»։ «Ես ձմռան վերջին իմ ընտանիքով հանգստանում էի Դուբայում, հետո մի օր քաղաքում պտտվում էինք, որոշեցինք մտնել ավտոյի սալոններ, այս տարի լրանում էր իմ եւ կնոջս ամուսնության 20-ամյակը, եւ ես «Լեքսուս» գնեցի կնոջս նվեր, որը մոտ 100-հազարանոց մեքենա է։ Այնպես որ, այդ ձեր ասած փողերը իմ համար մեծ փողեր չեն», - ասում է Սեդրակյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG