Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը բոյկոտում է նախագահական ընտրությունները


Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ի մյուս առաջնորդները ՀՀՇ-ի համագումարում, 22-ը դեկտեմբերի, 2012
Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ի մյուս առաջնորդները ՀՀՇ-ի համագումարում, 22-ը դեկտեմբերի, 2012
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրի, առաջադրված որեւէ այլ թեկնածուի էլ չի պաշտպանի:

Ընդդիմադիր դաշինքը երեկոյան տարածած հայտարարության մեջ իր այս որոշումը պայմանավորել է մրցակցային պայմանների բացակայությամբ եւ եզրակացրել, որ «500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն»: Այդ պատճառով ՀԱԿ-ը որոշում է կայացրել թեկնածու չառաջադրելով եւ որեւէ այլ թեկնածուի չպաշտպանելով չնպաստել «ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ նաեւ ասված է, որ վերջին տարիներին կատարելագործվել է ընտրակեղծարարության մեքենան:

«Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երեւանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները», - ասված է հայտարարությունում. - «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այսօր հրաժարվեցին մեկնաբանել իրենց որոշումը, նաեւ այն, թե ընտրատարածքային հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչները այս որոշման արդյունքում ինչպե՞ս պետք է գործեն:

Նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու խնդրի առջեւ ՀԱԿ-ը կանգնեց դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին որոշումից հետո, երբ վերջինս տարիքը պատճառաբանելով` որոշեց չմասնակցել 2013-ի նախագահական ընտրապայքարին:

Սակայն ՀԱԿ-ին մաս կազմող «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջադրվում է: Ինչո՞ւ իր ընկերները որոշեցին չպաշտպանել իրեն, հարցրեցինք Բագրատյանին: Նա նախընտրեց չմեկնաբանել Կոնգրեսի որոշումը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը դուրս գա ՀԱԿ-ից, Բագրատյանը պատասխանեց. - «Պետք է մտածել, այս պահին ես զբաղված եմ առաջադրման գործերով, ես հիմա ժամանակ չունեմ այդ հարցը քննարկելու, ամենահրատապ հարցը չէ»:

«Կուզեի՞ք, որ ՀԱԿ-ը Ձեզ պաշտպաներ» հարցին նախկին վարչապետը պատասխանեց. - «Մենք ընկերներ ենք եղել, ի՞նչ եք ասում»:
«Եղե՞լ եք, թե՞ հիմա էլ ընկերներ եք»:

«Հիմա նման որոշում կա, բայց մենք մի շարժման մեջ ենք եղել», - ասաց նա:

Բագրատյանը ասաց, որ չի մասնակցել ՀԱԿ-ի որոշման կայացմանը:

«Ինձ հրավիրել էին որոշման, որ այդպիսի հարց է քննարկվում, պաշտպանեն-չպաշտպանեն, ես զանգահարեցի եւ ասացի` բոլորին խնդրում եմ` լավ կլինի պաշտպանեն, առաջիկայում հատ առ հատ գրավոր կուղարկեմ: Ինչ վերաբերում է բուն քննարկմանը, ես ասացի` նպատակահարմար եմ գտնում, որ այդ քննարկումը լինի առանց ինձ», - ասաց Բագրատյանը` վստահեցնելով, որ ինքն անպայման առաջադրվելու է:

Չնայած ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ ընդդիմադիր միավորումը շարունակելու է իր պայքարը, իշխող Հանրապետականի մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է` ՀԱԿ-ը իր հայտարարությամբ արձանագրեց, որ իբրեւ քիչ թե շատ ազդեցիկ ուժ այլեւս գոյություն չունի:

«Այդ ուժն արդեն փոշիանում է, որովհետեւ այն հիմնականում միավորված է մեկ քաղաքական լուրջ պերսոնայի շուրջ: Այդ պերսոնան առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է, ում հեռանալուց կամ գոնե չառաջադրվելուց եւ մանավանդ այս ընտրությունները բոյկոտելուց հետո ես չեմ տեսնում որեւէ շարժառիթ, որպեսզի հասարակության թեկուզ ընդդիմադիր հատվածը գնա Կոնգրեսի ետեւից», - ասաց Շարմազանովը:

Ընտրությունները կեղծելու, իշխող կուսակցության կողմից մրցակցային պայմանները վերացնելու ՀԱԿ-ի հայտարարությունը Շարմազանովը այսպես գնահատեց. - «Ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ՀԱԿ-ը սկսել է Ամանորից առաջ անհեթեթ հայտարարությունների մրցույթ` պատճառներ հորինել կամ առիթներ բերել ինչ-որ ընտրակեղծիքներ… ընդամենը կարելի է իրենց հուշել, որ 2008-ի, 2009-ի եւ ցանկացած ընտրության համեմատ 2012-ի խորհրդարանական ընտրությունները լավագույն էին մեր պատմության մեջ: Իրենց ձախողման պատճառը թող ուրիշների մեջ չփնտրեն»:
XS
SM
MD
LG