Մատչելիության հղումներ

«Դիմա Յակովլեւի մասին» օրենքի դեմ բողոքի ալիք Ռուսաստանում


Ռուսաստան - «Նովայա գազետա» պարբերականի գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովը Պետդումային է փոխանցում «Դիմա Յակովլեւի մասին» օրենքի դեմ հավաքված շուրջ 100 հազար ստորագրությունները, Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2012թ.
Ռուսաստան - «Նովայա գազետա» պարբերականի գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովը Պետդումային է փոխանցում «Դիմա Յակովլեւի մասին» օրենքի դեմ հավաքված շուրջ 100 հազար ստորագրությունները, Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2012թ.

«Մագնիտսկու ցուցակում» կարող են հայտնվել նաեւ այդ օրենքին կողմ քվեարկած Պետդումայի 420 պատգամավորները։

Այսպես կոչված «Դիմա Յակովլեւի մասին» օրենքը կարող է ռուս - ամերիկյան լուրջ սկանդալի առիթ դառնալ։

Անցած ուրբաթ օրը Ռուսաստանի Պետդումայի ընդունած օրենքը այն մասին, որ ամերիկացիներին արգելվում է որդեգրել ռուսաստանցի երեխաներին, առաջացրել է ռուսաստանյան հասարակության զայրույթը։

«Նովայա գազետա» պարբերականը երկու օրում հավաքել է 100 հազարից ավելի ստորագրություններ այս օրենքի դեմ։

Ռուսաստանյան մանկատներում ապրող հաշմանդամ երեխաներին հաճախ որդեգրում են հենց ամերիկացիները, այդ երեխաներից շատերին նույնիսկ հաջողվում է բուժվել ու ոտքի կանգնել, եւ այս օրենքը, ըստ էության, ուղղված է նաեւ այդ հիվանդ երեխաների դեմ։

Նոր օրենքին կողմ են քվեարկել Պետդումայի 420 պատգամավորներ, դեմ` միայն 7-ը։

Ենթադրվում է, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը նույնպես առաջիկա օրերին կողմ կքվեարկի այս օրենքին, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը կստորագրի այն. համենայն դեպս, մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ կողմ է օրենսդիրների այս նախաձեռնությանը։

Սա Մոսկվայի պատասխանն է «Մագնիտսկու ցուցակի» մասին օրենքին, որով Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի այն պաշտոնյաների դեմ, որոնք այս կամ այն ձեւով առնչվել են ռուսաստանցի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան գործին։

Միացյալ Նահանգների Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հայտնվել է մի փաստաթուղթ, որի տակ արդեն ստորագրել է 25 հազարից ավելի մարդ, եւ նրանք պահանջում են, որպեսզի «Մագնիտսկու ցուցակում» հայտնվեն նաեւ Պետդումայի վերոհիշյալ 420 պատգամավորների ազգանունները։

Փորձագետները համոզված չեն, որ Սպիտակ տունը կկատարի այս պահանջը, սակայն, այսպես թե այնպես, Միացյալ Նահանգները պետք է գոնե ռուսաստանյան օրենքը դատապարտող պաշտոնական հայտարարությամբ հանդես գա, գտնում են նրանք։

«Եթե հանկարծ ռուսաստանցի պատգամավորները հայտնվեն «Մագնիտսկու ցուցակում», սա լուրջ սպառնալիք կլինի ռուս - ամերիկյան հարաբերությունների համար, ընդհուպ մինչեւ դիվանագիտական հարաբերությունների խզում», - հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG