Մատչելիության հղումներ

Լարված մթնոլորտ՝ «Հարսնաքարի» գործով


«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Դավիթ Հարությունյանը զգուշացումից հետո դատական նիստերի դահլիճից հեռացրեց վեց ամբաստանյալներից մեկին՝ Գարիկ Մարգարյանին: Վերջինս ամբաստանյալի իր աթոռից անհարգալից տոնով ռեպլիկներ էր նետում այս գործով տուժող կողմի հասցեին:

Դատավորը մինչ այդ զգուշացրել էր ամբաստանյալի մորը՝ տուժողների հասցեին տեղից անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու պատճառով: Դատավորի հերթական զգուշացումից հետո, սակայն, ամբաստանյալի մայրը շարունակեց նույն պահվածքը: Առաջին շարքում նստած լրագրող, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դատարանին հայտնեց, որ չի ցանկանում լսել այդ կնոջ անպարկեշտ արտահայտությունները, ապա դուրս եկավ դահլիճից:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Գարիկ Մարգարյանին դահլիճից հեռացնելուն, ապա դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց, երբ տուժող կողմը վկա, «Հարսնաքարի» տնօրեն Հրաչյա Զոհրաբյանին հարցրեց, թե նա կարո՞ղ է տրամադրել վեց ամբաստանյալներից չորսի ծառայողական հեռախոսահամարները: Խոսքը այն ամբաստանյալների մասին է, որոնք ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի օրը հանդիսացել են որպես անվտանգության աշխատակիցներ: Մինչ Գարիկ Մարգարյանի արձագանքը, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դատարանին հայտնել էր, թե չի ցանկանում, որ իր հեռախոսահամարը հրապարակվի դատարանում:

Վկա Հրաչյա Զոհրաբյանը, որը նաեւ դատարանին հայտնեց, թե հաշվետու է «Հարսնաքարի» սեփականատիրոջը՝ Ռուբեն Հայրապետյանի հորը, ամբաստանյալների դիրքորոշումից հետո ասաց, թե այս իրավիճակում չի կարող տրամադրել ամբաստանյալների հեռախոսահամարները:

«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի պատճառով մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին ի պատասխան` վկան հայտարարեց, թե «Հարսնաքարում» որպես անվտանգության աշխատակից ընդունվում են նրանց, ովքեր հարմար են: Փաստաբանի ճշտող հարցին ի պատասխան՝ վկան մանրամասնեց, որ հաշվի են առել «ավելի շատ մարդկանց հետ նորմալ վարվելու հատկանիշները»:

Հիշեցնենք, ռազմական բժիշկ Վահե Ավետյանը իր ընկերոջ ծննդյան օրը նշելու նպատակով հունիսի 17-ին ընկերների հետ այցելել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր, այստեղ տեղի ունեցած միջադեպից 12 օր անց մահացել հիվանդանոցում: Այս դեպքի համար մեղադրվող վեց ամբաստանյալներից չորսը անվտանգության աշխատակիցներ են:

Քրեական գործում կան նյութեր, ըստ որոնց` դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանի հետ են եղել ամբաստանյալները: Նման ցուցմունքն է տվել Ռուբեն Հայրապետյանը նախաքննության ժամանակ: Գործում կան նյութեր, որոնք վկայում են, որ այդ օրը Հայրապետյանի հետ են եղել այս գործով ամբաստանյալները: Վկան իր ցուցմունքում հաստատեց. - «Ռուբեն Հայրապետյանը էդ օրը, իմ բացակայության ժամանակ, եղել է ռեստորանում, եւ նաեւ սուրճ է խմել ու հեռացել է»:

Նախաքննության ժամանակ տուժող կողմը միջնորդել էր որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ի վերջո հաճախորդներին ծեծի ենթարկելու հետ կապված չափազանց պատասխանատու հարցերը ակնհայտորեն կարող են լուծվել միայն սեփականատիրոջ բարձր հովանու ներքո, նրա բացառիկ սանկցիայով»:

Այս միջնորդությունը մերժվել էր, եւ հիմա նախաքննության մարմնի դեմ ներկայացված բողոքը արդեն Վերաքննիչ դատարանում է: «Հարսնաքարի» գործով հաջորդ դատական նիստը կշարունակվի երկուշաբթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG