Մատչելիության հղումներ

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը այսուհետեւ սիրիահայերին դրամական օգնություն կտրամադրի


Թուրքիա -- Սիրիահայերի համար նախատեսված պարենամթերք տեղափոխող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ինքնաթիռը զննություն է անցնում Էրզրումում, 15-ը հոկտեմբերի, 2012թ․
Թուրքիա -- Սիրիահայերի համար նախատեսված պարենամթերք տեղափոխող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ինքնաթիռը զննություն է անցնում Էրզրումում, 15-ը հոկտեմբերի, 2012թ․
Սիրիա ինքնաթիռով պարենամթերք եւ դեղորայք ուղարկելը թանկ է։ Այդ պատճառով այնտեղ մնացած մեր հայրենակիցներին այս անգամ «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնության կողմից օգնություն կհատկացվի դրամի տեսքով, ասում է նախաձեռնության անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։

«Երբ մենք ուղարկում ենք պարենամթերք՝ ուղարկում ենք Հալեպ։ Հալեպից դա հասցնել հայաբնակ այլ վայրեր գրեթե անհնարին է։ Ճանապարհները չեն վերահսկվում, տարբեր հրոսակային խմբեր եւ այլն․․․ այս առումով ուրիշ հայաշատ բնակավայրեր այդ ձեւով պարենամթերք հասցնել չի կարելի եւ արդար չէ։ Մենք պետք է մտածենք նաեւ ուրիշ տեղերում բնակվող մեր հայրենակիցների մասին, դրա համար այս պահին դրամական օժանդակությունը ավելի արդարացված էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Գումարը Սիրիա կհասնի ոչ թե փոխանցումով, այլ կանխիկ. թե ինչպես, Վահան Հովհաննիսյանը չի մանրամասնում:

«Բանկային համակարգը չի աշխատում Սիրիայում: Ոչ մի բանկային փոխանցում Սիրիա իրականացնել հնարավոր չէ, որովհետեւ տրանսֆեր իրականացնող վերահսկող կազմակերպությունները ուղղակի փակել են այդ ճանապարհը, այսինքն աշխարհը ոգեւորված չէ Սիրիային ինչ-որ բան հասցնելու մեր ճիգերով, բայց դա մեզ առանձնապես չի հետաքրքրում: Մենք սկսել ենք, անում ենք եւ կանենք: Դրամ փոխանցելու բոլորովին ուրիշ միջոցներ են հիմա կիրառվում, դրա համար մենք այս մասին շատ թափանցիկ լինել չենք կարող», - ասաց Հովհաննիսյանը:

Սեպտեմբերին ստեղծված «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնությունը արդեն 3 ինքնաթիռ սննդամթերք եւ դեղորայք է ուղարկել Սիրիա։ Գումարը եւ սննդամթերքը նախաձեռնությանը տրամադրել են անհատներ եւ կազմակերպություններ` 2000 դրամից մինչեւ 15 միլիոն դրամ փոխանցումներ են եղել:

«Մինչ օրս մենք մեր հաշվեհամարին ունենք 41 միլիոն դրամ եւ 750 հազար ռուսական ռուբլի, մինչեւ 15 տոննա պարենամթերք` պահածոներ, ձավարեղեն, ձեթ եւ այլն, ստացել ենք իբրեւ նվիրատվություն», - տեղեկացրեց Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը:

Սիրիահայերին օգնելու նպատակով հայաստանցիները նաեւ SMS-ներ են ուղարկել: Գալստյանի խոսքով` քաղաքացիները բավականին ակտիվ են եղել:

«Երկու ամսում 1 միլիոն 60 հազար դրամի SMS արեց մեր ժողովուրդը, որը շատ լավ ցուցիչ է, 400 հազար հոգի մասնակցեց», - ասում է նա:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը նաեւ Հայ օգնության միության հետ միասին սնունդ եւ տաք հագուստ է տրամադրել Հայաստանում գտնվող սիրիահայերին։

Վահան Հովհաննիսյանն ասում է, որ պատերազմի պատճառով այստեղ հայտնված մարդկանց պահանջները տարբեր են․ - «Ամենամեծ եւ մեզ համար անսպասելի պահանջը վերմակներն էին՝ պարզ վերմակները, որովհետեւ ձմեռ է, ցուրտ է, եւ մարդիկ ծածկվելու կարիք ունեն։ Մենք ստիպված եղանք պատվիրել հարյուրավոր վերմակներ։ Բացի դրանից, իհարկե, պարենամթերքի մատակարարումը նույնպես շարունակվում է։ Դա անընդհատ կատարվում է Դաշնակցության երիտասարդական կենտրոնից։ Դա մենք սիստեմատիկ անում ենք»։

13-20 կիլոգրամ կշռող պարենային արկղներ արդեն ստացել են Հայաստանում բնակվող մոտ 600 սիրիահայ ընտանիքներ։ Եվս 100 ընտանիքներ սննդամթերքի տեսքով օգնություն կստանան առաջիկա ուրբաթ օրը։ Գալստյանի փոխանցմամբ` Ամանորի նվերներ նախատեսվել են նաեւ փոքրերի համար. - «Ճշտել ենք, որ Հայաստանում հաստատված է մոտ 300 մինչեւ 13 տարեկան երեխաներ, եւ ծրագրել ենք նրանց համար տարեմուտի հանդեսներ կազմակերպել եւ անպայման ամանորյա նվերներ պատրաստել: Այդ փաթեթները հիմա պատրաստվում են»:

Տարբեր տվյալներով` այսօր Հայաստանում 8-10 հազար սիրիահայեր կան, որոնց հիմնական խնդիրը աշխատատեղ եւ տուն չունենալն է, նաեւ անորոշությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG