Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Ադրբեջանի մեկուսարանում խոշտանգումներից մարդիկ են մահանում


Ադրբեջան – Ենթադրաբար բանտում խոշտանգումների հետեւանքով մահացած Սեյմուր Միխաիլովի մարմինը, 2012 թ․
Ադրբեջան – Ենթադրաբար բանտում խոշտանգումների հետեւանքով մահացած Սեյմուր Միխաիլովի մարմինը, 2012 թ․
Այս տարվա ընթացքում Ադրբեջանի մեկուսարաններում խոշտանգումների հետեւանքով առնվազն 5 մարդ է մահացել։ Այս մասին երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպան, «Ընդդեմ խոշտանգումների» հասարակական կազմակերպության նախագահ Էլչին Բեհբութովը։

Նա ասել է, որ 2012 թվականի ընթացքում 141 բողոք են ստացել խոշտանգումների մասին, միեւնույն ժամանակ նշելով, որ շատ զոհերի հարազատներ վախենում են բողոք ներկայացնել։

Բեհբութովը նշել է, որ կառավարական մարմինները չեն հաստատում խոշտանգումների հետեւանքով մահվան դեպքերը, սակայն իրենց կազմակերպության տվյալներով, երեք մարդ մահացել է Գաբուստանի բանտում, 1 այլ բանտարկյալ, թիվ 16 գաղութի կալանավոր Սեյմուր Միխաիլովը մահացել է Արդարադատության նախարարության մեկուսարանի հիվանդանոցում, 1 դեպք էլ արձանագրվել է Խանլարի շրջանի մանկական հոգենեւրոլոգիական գիշերօթիկ ինտերնատում, որտեղ մահացել է Զեյնե Իլյասլին, ում մայրը հայտնել է, որ աղջկա մարմնի վրա բռնությունների բազմաթիվ հետքեր են եղել։

Բեհբութովն ասել է, որ բողոքների մեծ մասը ստացվում է բանտերից, բայց իր կազմակերպությանը չեն թույլատրում այնտեղ մոնիթորինգ անցկացնել։ Փոխարենը՝ նա կարողանում է ազատորեն այցելել Ոստիկանության ժամանակավոր կալանքի վայրեր, Ազգային անվտանգության նախարարության մեկուսարան, ինչպես նաեւ Առողջապահության նախարարության հատուկ հիմնարկներ։

Ոստիկանության մեկուսարանում նա հանդիպել է նաեւ բողոքներ ուղարկած կալանավորներին եւ պնդել է, որ դրանից հետո կալանավորները նորից ծեծի են ենթարկվել բողոքելու համար։

Իրավապաշտպանն ասել է, որ Ադրբեջանի մեկուսարաններում խոշտանգումների ամենատարածված ձեւը մահակներով կրունկներին հարվածելն է։ Այդ հարվածները հետքեր չեն թողնում, բայց ահավոր ցավ են պատճառում։

Բեհբութովն ափսոսանքով նշել է, որ խոշտանգումների կապակցությամբ հետաքննությունները ոչ մի արդյունք չեն տվել, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Իրավապաշտպանի ասուլիսը լուսաբանել է «Թուրան» գործակալությունը, որը փորձել է նաեւ մեկնաբանություններ ստանալ իշխանություններից։ Մեկուսարանների դեպարտամենտի հանրային կապերի ղեկավարը հերքել է խոշտանգումների հետեւանքով մահվան դեպքերի մասին իրավապաշտպանի հայտարարությունները՝ ասելով, թե դատախազությունը հետաքննել է բոլոր դեպքերը եւ յուրաքանչյուր մահվան դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկանք է ուղարկել մահացածների հարազատներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG