Մատչելիության հղումներ

Որքա՞ն են ծախսում գերատեսչությունները պաշտոնական հյուրասիրությունների վրա


Պաշտոնական հյուասիրությունների համար Ազգային ժողովում 2012 թվականին ծախսվել է 200.000 դրամ, Նախագահի աշխատակազմում՝ մոտ 33.5 միլիոն:

Պաշտոնական հյուասիրությունների համար Ազգային ժողովում այս տարի ծախսվել է 200 հազար դրամ, Նախագահի աշխատակազմում՝ մոտ 33.5 միլիոն:

Առաջինը՝ ԱԺ նախագահի պաշտոնական հանդիպումների ընթացքում տրվող հյուրասիրության վրա, երկրորդը՝ խորհրդակցությունների կազմակերպման ծառայություններն են, թե ինչպիսի ծառայություններ՝ չի մասնավորեցվում:

Ընդ որում նախագահի աշխատակազմին խորհրդակցությունների կազմակերպման ծառայությունների համար պետբյուջեով հատկացված է եղել մոտ 226 միլիոն դրամ:

«Ամենաքիչ ծախսը, ըստ մեզ տրամադրված տվյալների, կատարել է ԱԺ-ը, ընդ որում նախատեսված է եղել 350 հազար դրամ, ծախսվել է 200 հազար: Սա մի քիչ մեզ համար զարմանալի եւ կասկածելի թվաց: Կարծում եմ, որ կամ հարցը լավ չեն հասկացել կամ մի զրոյի կամ երկու զրոյի պակաս կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Տրամադրված պատասխանի մեջ նշված է, որ ԱԺ նախագահի պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվում է ջուր, սուրճ եւ թեյ, որի վրա էլ ծախսվել է այդ գումարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, թե ԱԺ նախագահի պաշտոնական հանդիպումներից առաջ, հետո եւ ընթացքում տրվող հյուրասիրությունների վրա որքան գումար է ծախսվել, Ազգային ժողովից կոնկրետ հյուրասիրությունների մասով չմասնավորեցրին՝ տրամադրելով ողջ ներկայացուցչական կարիքների համար նախատեսված գումարը՝ 195 մլն դրամ, որից մինչեւ օրս ծախսվել է 182 միլիոնից ավելին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներով դիմել էր նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովին եւ բոլոր նախարարություններին՝ փորձելով պարզել, թե պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա որքան գումար է ծախսվում:
Պատասխանը տրամադրելու համար որոշ գերատեսչություններից պահանջվել էր 6 օր, որոշներից՝ մեկ ամսից ավելի:

«Օրինակ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից 1 ամիս 4 օր պահանջվեց որպեսզի պատասխանեն, որ հյուասիրությունների համար ծախսեր նախատեսված չեն», - նշեց Շուշան Դոյդոյանը:

Արդարադատության նախարարությունը նախարարի պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա ծախսել է 1.050.000 դրամ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ 231.000 դրամ, Կրթության եւ գիտության նախարարությունը՝ 925.000, Սփյուռքի նախարարությունը՝ 315.700 դրամ:

Մյուս գերատեսչությունները չեն առանձնացրել, թե հատկապես հյուրասիրությունների վրա որքան են ծախսել՝ տրամադրելով բոլոր ներկայացուցչական ծախսերը: Ընդհանուր առմամբ բյուջեից ծախսվել է 232 մլն դրամից ավելի գումար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG