Մատչելիության հղումներ

Բացվեց «Երբ գիրքը գտնում է նկարչին» ցուցահանդեսը


Այսօր բացված ցուցահանդեսում ներկայացված են մեր լավագույն գրողների ստեղծագործությունների պատկերազարդումները, որոնց հեղինակները մեր լավագույն գեղանկարիչներն են` Վարդգես Սուրենյանցը, Փանոս Թերլեմեզյանը, Հակոբ Կոջոյանը, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը. Միքայել Արուտչյանը, Գրիգոր Խանջյանը եւ այլք:

Ցուցահանդեսը նվիրված է մեզանում գրքի ձեւավորման փուլերին` 19-րդ դարից մինչեւ անցած դարի 70-ական թվականները:

Ցուցահանդեսի բացմանը, որը եզրափակում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը, ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցանմուշները տրամադրել են Հայաստանի ազգային պատկերասրահը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի ազգային գրադարանը եւ Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, արվեստաբան Զավեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ անգամ իր համար ցուցահանդեսը ուսանելի է իր բացահայտումներով. - «Ես, օրինակ, չէի պատկերացնում, որ Սուրենյանցը Օսկար Ուայլդի գրքերն է նկարազարդել, կամ որ Բաժբեուկ-Մելիքյանը Մայակովսկու պորտրետն ունի»:

«Լավ կլիներ, որ մի գիրք հրատարակվեր, եւ այս ամբողջը ներառեր», - հավելեց արվեստաբանը:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այսպիսի մտահղացում կա. - «Ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք ոչ միայն գրքերը վերահրատարակենք, այլ նաեւ նկարազարդումներով վերահրատարակենք այսօրվա հրաշալի տպագրական տեխնիկայի միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG