Մատչելիության հղումներ

Նոր Նորքի ոստիկանապետի պաշտոնանկությունը կապված է «նախկին գործունեության հետ»


Նոր Նորքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի պաշտոնանկությունը կապված է Ոստիկանության Արաբկիրի բաժնում նրա նախկին գործունեության հետ: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, Մեհրաբյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, մինչ քննությունը կպարզի Արաբկիրի բաժնում հայտնաբերված խախտումների հանգամանքները: Ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետը պաշտոնից ազատվել է անցած շաբաթավերջին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` այս պաշտոնում ընդամենը երկու ամիս աշխատելուց հետո:

Մինչ այդ, նա շուրջ մեկուկես տարի` 2011-ի մարտից, զբաղեցնում էր Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնը:

Ներսես Նազարյանից տեղեկացանք, որ Մեհրաբյանին կադրերի ռեզերվ ուղարկելու պատճառը Արաբկիր համայնքում չբացահայտված հանցագործություններն են։

«Հանցագործություններ չգրանցելու դեպքեր կան, որոնք պարզաբանման ընթացքում են. իսկապես չեն գրանցվել աշխատողների կողմից, թե` չեն դիմել, այս ամեն ինչը քննության ընթացքում կպարզաբանվի», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Նազարյանը՝ նշելով, որ մոտ մեկ տասնյակ նման դեպքերի մասին է խոսքը։

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկատվություն չի հրապարակում այն մասին, թե կոնկրետ ինչ թաքցված կամ չգրանցված հանցագործությունների մասին է խոսքը։

«Իր նկատմամբ գործ չկա հարուցված։ Դեպքերի հետ կապված, առանձին աշխատողների հետ է կապված, որոնք իր աշխատողներն են եւ, իհարկե, ինքը նույնպես պատասխանատու էր իր աշխատողների համար», - նշեց Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը։

Ներսես Նազարյանը չհամաձայնեց, որ Արթուր Մեհրաբյանի պաշտոնանկության պատճառներից մեկը կարող է լինել օգոստոսին Արաբկիր համայնքում ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի դաժան սպանության գործը։ Այս դեպքը մեծ աղմուկ հանեց այն պատճառով, որ ոստիկանները հարեւանների ահազանգին մի քանի ժամ ուշացումով էին արձագանքել եւ խեղդամահ արված կնոջ հարազատները պնդում են, որ առնվազն հանցագործներին տեղում չհայտնաբերելու համար Ոստիկանությունն է պատասխանատու: Այդ ժամանակ Մեհրաբյանն էր Արաբկիրի ոստիկանապետը: Ներսես Նազարյանը հիմնավորեց, որ սա հերթապահ մասի աշխատակիցների թերացման հարց էր, ինչի համար նրանք պատժվել են՝ ոստիկաններին խիստ նկատողություն է տրվել:

Նա հերքեց նաեւ այն հրապարակումները, թե Նոր Նորքի ոստկանապետի՝ աշխատանքից ազատվելու պատճառը նոյեմբերի 15-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնում կողոպուտի կասկածանքով բերման ենթարկված Մհեր Անդրեասյանի ծեծի մասին տեղեկատվությունն է եղել: Հելսինկյան ընկերակցությունն էր տարածել տեսանյութ, որում երիտասարդի մայրը եւ փաստաբանը պատմում էին բաժնում նրան խոշտանգելու ու ծեծելու մասին: Տեսանյութը լայն տարածում գտավ լրատվամիջոցներով,սակայն ոստիկանությունը անմմիջապես պաշտոնապես հերքեց այն, խոշտանգումների մասին պնդումները որակելով «ծայրից ծայր սուտ»։ Այնուհանդերձ, այս հրապարակումներից մեկ շաբաթ անց հայտնի դարձավ Արթուր Մեհրաբյանի պաշտոնանկության մասին:

Երեւանի ոստիկանապետից հարցրեցինք, եթե Մեհրաբյանի պաշտոնանկությունը կապված է ոչ թե ներկա աշխատանքի, այլ Արաբկիրի բաժնում նրա նախկին թերացումների հետ, ապա ինչու նա այն ժամանակ աշխատանքից չի ազատվել, այլ նշանակվել է Նոր Նորքի ոստիկանապետի պաշտոնում։

«Այդ ժամանակ դեռ պարզաբանված չէր, ուղղակի տեղն ազատ էր՝ նշանակում արվեց: Իսկ հիմա, երբ պարզվեց, որ նմանատիպ դեպքերը շատ են եւ քննությունը ընթանում է, որպեսզի զերծ մնան ավելորդ խոսակցություններից, զերծ մնան քննության հետ կապված այլ մանրամասներից, նախարարը հարմար գտավ, որ մինչ դեպքերի վերջնական քննության պարզաբանումը ինքը գտնվի կադրերի տրամադրության տակ», - պարզաբանեց Նազարյանը։

Հայաստանի հելսինկյան ընկերակցությունը, այնուհանդերձ, կապ տեսնում է իրենց տարածած տեսանյութի եւ Նոր նորքի ոստիկանապետի պաշտոնանկության միջեւ։

«Ուրիշ բացատրություն այստեղ չկա: Այս պահին պետք է հանել մի մարդու, որ հետո հայտարարեն, որ՝ «մենք անում ենք քայլեր դեպի մարդու իրավունքներ, դեպի պաշտպանություն, դեպի դեմոկրատիա եւ պատժում ենք այն անձանց, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը, - «Հիշեցնենք, որ ամսի 18-ին Բրյուսելում Եվրամիություն – Հայաստան քննարկումներ են նախատեսված մարդու իրավունքների հարցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG