Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 11-ի մամուլ


«168 ժամ»-ը գրում է. - «ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական շրջանակներում քննարկվող այս տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը մտածում է ոչ միայն նախագահական ընտրություններում առաջադրվելու գաղափարից հրաժարվելու, այլեւ ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու մասին: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը դեռեւս անցած տարվա փետրվարին կայացած ԲՀԿ համագումարում հայտարարել էր. «Հենց հասկանամ, որ չեմ կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, արտահերթ համագումար կհրավիրեմ եւ հրաժարական կտամ: Իմ փոխարեն կգա նա, ով վայելում է ժողովրդի ավելի մեծ վստահությունը»: Փաստորեն, եթե ճիշտ են ԲՀԿ-ականների նկատմամբ սկսված ճնշումների մասին տեղեկությունները, Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, այն է՝ պաշտպանել կուսակիցներին»:

Արձանագրելով իրողությունը, որ Գագիկ Ծառուկյանը չի կարողանում վերջնական որոշում կայացնել` «Ժամանակ»-ը գրում է. - «Եթե Գագիկ Ծառուկյանն այս ոճով շարունակի, կարող է ընդհանրապես իր որոշման մասին չհայտնի: Կարող է նաեւ ընդհանրապես որոշում չկայացնել՝ մասնակցե՞լ նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Չէ՞ որ ՀՀ օրենսդրությունը որքան էլ ժամանակ է տալիս այդ որոշման մասին հայտնելու համար, նույնքան էլ չի պարտադրում նախագահական ընտրությունների հետ կապված որոշում ընդունել: ՀՀ այդ ո՞ր օրենքում է գրված, որ Գագիկ Ծառուկյանն անպայման պետք է դրա հետ կապված որոշում ընդունի: Կամ` այդ ո՞ր օրենքն է պարտադրում, որ ԲՀԿ-ն կամ նրա ղեկավարը նախագահական ընտրությունների հետ կապված իրենց որոշումն անպայման պետք է հրապարակեն: ՀՀ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը պարզապես սահմանել են, որ եթե որոշում ունես ու այդ որոշման մասին ուզում ես հանրությանը տեղեկացնել, դա պետք է անես կոնկրետ ժամկետում: Հակառակ պարագայում ուշ կլինի, եւ չես կարողանա քո որոշումն իրականացնել: Թե չէ նախագահական ընտրությունների հետ կապված որոշում ունենալ-չունենալը, առաջադրվել-չառաջադրվելը Սահմանադրությանը չի հակասում: Այնպես որ, Գագիկ Ծառուկյանը բոլորովին էլ պարտադրված չէ որոշում ունենալ, ունենալու դեպքում այդ մասին բարձրաձայնել: Այս դեպքում նա նաեւ իրավունք ունի օրը մեկ կամ երկու անգամ փոխել որոշումը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Քաղաքական դաշտում «խորհրդակցությունները» շարունակվում են: Բոլորը բոլորի հետ խորհրդակցում են, եւ որքան էլ փորձեն գործընթացին գեղեցիկ ձեւակերպումներ տալ, էությունը մնում է նույնը` խնդիրն ընդամենը այն է, թե ընտրությունների ժամանակ ով ում է սատարելու: Ընդ որում, իրավիճակը տարօրինակ է այնքանով, որ «հիմնական խաղացողը»` հասարակությունը, դուրս է մնացել այդ խորհրդակցություններից»:

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Յուրաքանչյուր ընտրություն մի նորամուծություն է բերում իր հետ՝ նայած թե իշխանությունն ինչ խնդիր է դնում: Եթե 90-ականների սկզբին ընտրատեղամասերում լույսը հանգցնում էին, քվեատուփը գողանում, արկղերը լցոնում, ապա 90-ականների վերջին արդեն անցանկալի թեկնածուներին պարզապես չէին գրանցում՝ ինչ-որ թերություններ էին գտնում եկամուտների հայտարարագրերի մեջ: 2000-ից հետո էլի տեխնոլոգիաները փոխվեցին: Սկսվեց միաթեկնածու առաջադրումների, կարուսելների, կեղծ անձնագրերի ու թաղային հեղինակությունների ժամանակաշրջանը: 2012-ին արդեն բոլոր նշված մեխանիզմները կատարելագործվել էին. ընտրակեղծարարների կուռ շարքեր կային, որտեղ ամեն մեկը պտուտակի նման կատարում էր իր գործը, եւ մեխանիզմը գործում էր հալած յուղի պես: Պլյուս դրան՝ գտան, որ 5 տարվա բնակության մասին օրենսդրական նորմը պետք է հասկանալ ուղղակի՝ ամեն տարվա 6 ամիսը մարդը պետք է պարտադիր ապրի երկրում, որ նրան թույլ տրվի մասնակցել ԱԺ ընտրություններին: Մեկեն բոլորը մոռացան, որ ընդամենը մի քանի տարի առաջ ՀՀ նախագահ էր ընտրվել մի մարդ, ով ոչ թե 10 տարվա բնակության պահանջը չէր բավարարում, այլեւ ՀՀ քաղաքացի լինելն էր վիճելի: Հիմա՝ 2013-ի շեմին, ես, անկեղծ ասած, անհամբերությամբ սպասում եմ, թե մեր ընտրակեղծարար իշխանությունն ու իր կամակատարներն այս անգամ ինչ մեխանիզմներ են գործի դնելու»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG