Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՆԵրկայացուցիչների պալատը «գրին քարտի» դեմ


«Գրին քարտ», արխիվ
«Գրին քարտ», արխիվ

Վերլուծաբանները քիչ հավանական են համարում օրինագծի հաստատումը Սենատում։

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը օրերս կողմ քվեարկեց մի օրինագծի, որը ենթադրում է վերացնել վիզաների ամենամյա վիճակախաղը՝ «գրին քարտի» խաղարկությունը, եւ այդ վիզաները տրամադրել ԱՄՆ-ում կրթություն ստացող ուսանողներին:

Ըստ օրինագծի` «գրին քարտերը» ամեն տարի խաղարկելու փոխարեն դրանք պիտի տրվեն բակալավրից բարձր կոչումով այն ուսանողներին, ովքեր Միացյալ Նահանգներում ճշգրիտ, բնական եւ տեխնիկական գիտություններ են ուսումնասիրում:

Օրինագծի օգտին քվեարկել են 245 կոնգրեսականներ, դեմ` 139-ը: Նախագծին դեմ են դեմոկրատները, իսկ հանրապետականները, հակառակը, «գրին քարտերը» վերացնելու գաղափարի կողմնակիցն են, եւ հանրապետական մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատում օրինագծի հաստատումը անակնկալ չէր, սակայն օրենք դառնալու համար այն դեռ պետք է հաստատվի Սենատում:

Վերլուծաբանները քիչ հավանական են համարում օրինագծի հաստատումը, քանի որ դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Սենատը, հավանաբար, դրա ընդունումը կկանխի:

Թեքսասցի հանրապետական Լամար Սմիթը ի պաշտպանություն այս օրինագծի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ կրթել օտարերկրյա ուսանողներին, իսկ հետո նրանց հետ ուղարկել իրենց երկրներ՝ աշխատելու Ամերիկայի մրցակիցների համար:

Մինչդեռ դեմոկրատ օրենսդիրները դեմ են արտահայտվում օրինագծին՝ պնդելով, թե այն չի նպաստում համընդհանուր ներգաղթին եւ խոչընդոտներ է ստեղծում ոչ բարձր որակավորմամբ ներգաղթյալներ ընդունելու գործընթացի համար, այնինչ Միացյալ Նահանգների տնտեսության մեջ կենսական դեր ունեն նաեւ գիտական աստիճաններ չունեցող ներգաղթյալները:

1995 թվականից սկսած ամեն տարի Միացյալ Նահանգենրը ներգաղթի այս ծրագրով խաղարկում է 55 հազար վիզաներ, աշխարհի զարգացող երկրներից ստացվող դիմումների թիվը կազմում է մի քանի միլիոն: Օրինակ, 2013 թվականի խաղարկության համար ստացվել է շուրջ 12.5 միլիոն դիմում:

Հայաստանի բնակչությունը եւս ակտիվորեն մասնակցում է «գրին քարտի» խաղարկությանը:

2007 - 2013 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից ստացվող դիմումները տարեցատրի աճում են: Բացառություն է կազմել միայն 2010 թվականը. այդ տարի դիմումների թիվը 2009-ի համեմատ պակասել է, սակայն 2011-ին դիմումների թռիչքային աճը գերազանցել է ոչ միայն 2010-ի, այլեւ 2009-ի ցուցանիշը:

2007 թվականին Հայաստանից «գրին քարտի» համար դիմողների թիվը` իրենց ընտանիքների հետ, կազմել է 58 հազար, 2013-ի խաղարկության համար արդեն Հայաստանից դիմել է ավելի քան 97 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG