Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը պատրաստ է դիմավորել առաջին ձյունը


Երեւանի քաղաքապետարանը ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում կուտակել է մոտ 1000 տոննա աղ, 1600 խորանարդ մետր ավազ: Այդպիսով՝ պատրաստ են դիմավորել առաջին ձյունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կարլեն Ղազարյանը:

Նախորդ տարի քաղաքային իշխանությունները կուտակել էին մոտ 1700 տոննա աղ եւ 4500 խորանարդ մետր ավազ:

«Ենթադրում եք, որ այս տարի տեղումներն ավելի քի՞չ կլինեն», - հարցրեցինք քաղաքապետարանի պաշտոնյային:

«Չենք ենթադրում․ մենք նախապատրաստվում ենք», - պատասխանեց Կարլեն Ղազարյանը:

Քաղաքային իշխանությունները ձմռանն ընդառաջ են գնում ոչ միայն կուտակած աղ ու ավազով:

«Կարգի են բերվել բոլոր հատուկ մեքենա-մեխանիզմները: Նաեւ հրավիրել ենք շինարարական կազմակերպություններին, գույքագրել ենք մեքենա-մեխանիզմները, կցել ենք ըստ վարչական շրջանների, որպեսզի նաեւ կարողանան ձմռանը օգնել մեզ», - մանրամասնում է Կարլե Ղազարյանը, - «Լրացուցիչ պայմանագիր ենք կնքել մոտ 50 մեքենա-մեխանիզմների հետ, որպեսզի կարողանանք օգտագործել նաեւ այդ տեխնիկան: Թվով մոտ 360 տեխնիկա կլինի մեր սանմաքրման գրասենյակներում, գումարած 100 մեքենա շինարարական կազմակերպությունների կողմից, որոնք կաջակցեն եւ կօգնեն, մեզ: Կկարողանանք նորմալ կազմակերպել փողոցների, բակերի ձյան մաքրման աշխատանքները»։

Քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել նաեւ անհատների հետ՝ լրացուցիչ պայմանագրերով ձմռան ամիսներին հրավիրվել են աշխատողներ, որոնք ձեռքով պետք է մաքրեն բակերը, մայթերը:

«Նաեւ մենք ձեռք ենք բերել մոտ 5000 գործիք եւ բաժանել ենք արդեն ըստ վարչական շրջանների, դպրոցների, մանկապարտեզների, նաեւ՝ առեւտրային կազմակերպությունների», - հավելեց նա:

Անցած տարի առաջին անգամ տեղացած ձյունը բազմաթիվ վթարների ու խցանումների պատճառ էր դարձել: Այսօր Ղազարյանին հարց ուղղվեց՝ եթե վաղը ձյուն գա, քաղաքապետարանը պատրա՞ստ է ամբողջ քաղաքի տարածքով իրականացնել ձյան մաքրման աշխատանքներ:

«Ամեն ինչ արել ենք, որպեսզի մաքրենք մեր Երեւան քաղաքի ե՛ւ փողոցները, ե՛ւ բակերը, ե՛ւ շքամուտքերը», - պատասխանեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG