Մատչելիության հղումներ

Գյումրիում ընտրությունները բավականին լարված անցան


Գյումրի քաղաքն ու հարակից մի քանի գյուղներն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրություններն անցան բավական լարված մթնոլորտում:

Այս ընտրատարածում պատգամավորի մանդատի համար մրցակցում են հանրապետական Արման Սահակյանն ու Հայ ազգային կոնգրեսից Մուրադ Գրիգորյանը: Այստեղ լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ, քանի որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը մանդատը վայր դրեց՝ սեպտեմբերին Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար:

Թեեւ Գյումրիում այսօր գրանցվեց ընտրողների մասնակցության բավականին ցածր ցուցանիշ, սակայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հաջողվեց ֆիքսել ընտրատեղամասերից դուրս կատարվող ընտրական գործընթացի մի շարք խախտումներ:

Այսօր Գյումրիում նկատելիորեն ավելացել էին երեւանյան պետհամարանիշներով «Ջիփ» մակնիշի մեքենաները, տեղամասերի եւ մեքենաների մոտ մարդակային կուտակումներ կային՝ հատկապես «կտրված» թաղամասերում տեղակայված ընտրատեղամասերի մոտ:

Գյումրիի Արցախ թաղամասում տեղակայված «Ծիածան» մանկապարտեզի մոտ դեռ հեռվից նկատելի էր մեքենաների կուտակումները: Տեղամասի մոտ խմբվածները հեռախոսներով անուն-ազգանուններ էին հստակեցնում, թե ում են բերելու ընտրության: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հաջողվել է դա տեսագրել եւ ձայնագրել:

Երբ նկատեցին, որ տեղի ունեցողը ձայնագրվում եւ նկարահանվում է, «մարդ բերողներից» մեկը խիստ վրդովվեց ու սպառնաց, թե կջարդի տեսախցիկը:

«Մենք մեր մայլի մեջ իրավունք չունինք կայնինք, հմի կառնիմ ձեռիցդ, կջարդեմ», - սպառնաց նրանցից մեկը, ով, երբ տեսավ, որ շարունակում ենք նկարահանել, փախավ ու կայանված մեքենաներից մեկի հետեւում թաքնվեց:

Իսկ տեղամասում ամեն ինչ հանգիստ էր, ոչ մի ընտրող չկար: Առհասարակ ընտրական տեղամասերում, կարելի է ասել, ընտրողի էին սպասում: Որոշ ժամանակով տեղամասում ընտրողների բացակայությունը շատ արագ լրացվում էր, խմբով բերում էին քվեարկության: Դա նկատել էին նաեւ ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանի վստահված անձինք:

«Ներսում ամեն ինչ օրենքի սահմաններում է, բայց ընտրատեղամասից դուրս՝ հարակից տարածքում աժիոտաժ է նկատվում, ինչ-որ անծանոթ մեքենաներ են գալիս-գնում՝ երեւանյան համարով «Ջիփ»-ից միջից երկու հոգի իջան, եկան քվեարկեցին, գնացին, եւ էլի 2-3 նմանատիպ մեքենաներ՝ զգացվում էր, որ մարդկանց բերում են ընտրության»:

«Լինում է, որ մի հոգու բերում են, կամ տատիկ-պապիկներին են բերում, ժամը 12-ից սկսել են խմբերով գալ»:

Գյումրիից բացի թիվ 35 ընտրատարածքը նա գյուղական 16 համայնք է ընդգրկում: Ախուրյանում, որտեղ հինգ տեսամաս էր գործում, կրկին «մարդ բերելու» պրոցեսին ականատես եղանք: Թիվ 1 դպրոցում տեղակայված տեղամասի մուտքի մոտ կանգնած էին մոտ մեկ տասնյակ երիտասարդներ, ովքեր հեռախոսներով համակարգում էին ընտրող «տանել-բերելու» գործընթացը:

«Ցավդ տանիմ, տնեցիքին առ, արի, կամ զանգե, թող հազրվին, էրթանք առնինք, գանք», - ասում էր նրանից մեկը հեռախոսով:

Երբ ընտրական տեղամաս մտանք եւ հանձնաժողովի նախագահ Լիպարիտ Տիգրանյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ են երիտասարդները խմբված տեղամասի մոտ, վերջինս հարցրեց՝ «հո գյորմամիշ չեք, երկու հոգի մարդ չե՞ն»:

«Երկու հոգին որակ չեն կազմում, ոչ էլ ինչ-որ մեկին մոտենում են, իրենք մեքենաների տերերը չեն», - պնդեց Տիգրանյանը՝ հետո երիտասարդներին հորդորեց տարածքից դուրս գալ:

Դրսում հավաքվածներին էլ հարցրեցինք, թե ի՞նչ են անում ընտրատեղամասի մոտ. վերջիններս շուռ էին գալիս ու հեռանում, կամ ձեւանում, թե ընտրողներին են օգնում իրենց անունները գտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG