Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկել է Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը


Եվրոպական ժողովրդական կուսակցության լոգոն
Եվրոպական ժողովրդական կուսակցության լոգոն
Ուրբաթ երեկոյան Երեւանում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը:

Գագաթնաժողովն այստեղ անցկացվում է Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) եւ Եվրոպական ժողովրդական (ԵԺԿ) կուսակցությունների նախաձեռնությամբ, օրակարգում Եվրամիության Արեւելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր են:

Երեւանյան գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

ԵԺԿ նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարտենսը Երեւան էր ժամանել այսօր առավոտյան, եւ օրվա ընթացքում նա հասցրեց լինել Ազգային ժողովում ու մասնակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովին:

Ելույթ ունենալով այդ նշված համաժողովին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Հայաստանը շարունակում է Եվրոպայի եւ եվրոպական կառույցների հետ մերձեցման իր քաղաքականությունը:

«Եվրոպական արժեքներին դավանելու իր պատմական եւ մշակութային առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է Եվրոպայի եւ եվրոպական կառույցների հետ հարաբերությունների մերձեցման իր քաղաքականությունը: Այսօր Հայաստանը իր վարած հավասարակշիռ եւ կառուցողական քաղաքականությամբ տարածաշրջանային կայունության կարեւոր գործոն է: Այս համատեքստում պետք է դիտել Հայաստանի երեք քաղաքական կուսակցություններ, այդ թվում` Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցությունը ԵԺԿ-ին», - ասաց Աբրահամյանը:

Ելույթ ունեցավ նաեւ Վիլֆրիդ Մարտենսը, ով իր խոսքում հատկապես կանգ առավ ժողովրդավարության զարգացման գործում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերակարտարության կարեւորության վրա:

«Խորհրդարանը քաղաքացիների տունն է, բոլոր քաղաքացիների, ոչ միայն նրանց տունն է, ովքեր ընտրվել են ներկայացնելու ժողովրդին: Բոլոր քաղաքացիները եւ կազմակերպությունները, ովքեր ներկայացնում են քաղաքացիական հասարակությունը, պետք է այս տուն դյուրին մուտքի հնարավորություն ունենան, եւ դա պետք է լինի որքան հնարավոր է թափանցիկ», - ասաց Մարտենսը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Եվրամիության շրջանակներում գործող խոշոր եւ ազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկն է, ստեղծվել է 1976 թվականին եւ ներառում է գլխավորապես Եվրամիության անդամ երկրների աջ կենտրոնամետ կուսակցությունները:

Ներկայումս այդ կուսակցությունների մեծ մասը Եվրամիության անդամ երկրներում իշխող կուսակցություններ են, եւ այսօր ԵԺԿ-ին անդամակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լեհաստանի նախագահ Դոնալդ Տուսկի, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի, Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդի ու ԵՄ-ի անդամ այլ երկրների ղեկավարների կուսակցություններ:

Եվրամիության ներկայիս խորհրդարանում ԵԺԿ-ն ունի ամենամեծ խմբակցությունը` 754 պատգամավորներից 271-ը ԵԺԿ-ից են:

ԵԺԿ-ից են նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Եվրամիության պետություններից բացի, ԵԺԿ-ին անդամակցում են նաեւ ԵՄ-ի անդամ չհանդիսացող 7 պետությունների կուսակցություններ, որոնք, սակայն, ունեն ԵԺԿ-ի դիտորդ անդամի կարգավիճակ:

Հետխորհրդային երկրներից ԵԺԿ-ին անդամակցում են միայն Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի կուսակցությունները` Մոլդովայի դեպքում` վարչապետ Վլադիմիր Ֆիլատի գլխավորած քաղաքական ուժը, Վրաստանի պարագայում` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, իսկ Հայաստանից` իշխող Հանրապետականը, կոալիցիոն «Օրինաց երկիր»-ը եւ ընդդիմադիր «Ժառանգություն»-ը:

Հայաստանյան բոլոր երեք քաղաքական ուժերն էլ ԵԺԿ-ին անդամակցել են, այսինքն` ստացել են դիտորդ անդամի կարգավիճակ այս տարվա փետրվարին:

ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը կայացել էր այս տարվա հուլիսին Վրաստանի Բաթումի քաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG