Մատչելիության հղումներ

Թելման Ալիեւը հանձնվեց Ադրբեջանին


Հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի մարզի հատվածում նոյեմբերի 12-ին հատած Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամլի գյուղի 41-ամյա բնակիչ Թելման Ջավաշիրօղլու Ալիեւին հայկական կողմը Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր միակողմանի հանձնեց ադրբեջանական կողմին:

Հարցին, թե ինչու է Ալիեի հանձնումը միակողմանի, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, թե իրենց մոտ հայ պատանդներ կամ ռազմագերիներ չկան:

Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ, նշեց. - «Կարմիր Խաչի ներկայացուցչի միջոցով փոխանցել ենք մոտ 90 հոգու ցուցակ, որոնց մասին այս կամ այն չափով որոշակի տեղեկություններ ենք ունեցել, որ կենդանի են կամ գերության մեջ են, ինչ-որ տեղ են: Բայց խուսափեցին որոշակի պատասխանից` հղելով այն միտքը, թե իրենք Կարմիչ Խաչի միջոցով որոշակի բան ասել են, նման տեղեկություն չկա եւ այլն, եւ այլն»:

Ադրբեջանական կողմը պնդում էր, թե Թելման Ալիեւը խուլ եւ համր է: Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում. - «Իհարկե խուլ ու համր չէր, եւ դա կարելի էր ակնհայտորեն հասկանալ: Դժվարանում եմ ասել նպատակը: Մեր համապատասխան մասնագետները ասացին, որ ինքը որոշակի խնդիրներ ունի: Ինքը երբ խոսում էր, ազատ չէր խոսում` կեսը ձեռքով, կեսը ինչ-որ ձայներով: Բայց բարեւ տվեց նորմալ բոլորին` սալամ»:

Հավելենք, որ այս պահին Հայաստանի տարածքում է ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Միրզաօղլի Ֆարաջովը: Նա, ինչպես փոխանցեց Հովհաննիսյանը, չի ուզում վերադառնալ Ադրբեջան եւ երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG