Մատչելիության հղումներ

Հանքարդյունաբերությունը` «հարկադիր ընտրություն»


Ամուլսարի ոսկու հանքավայրը, Վայոց ձորի մարզ
Ամուլսարի ոսկու հանքավայրը, Վայոց ձորի մարզ
«Բոլոր կողմերից ցամաքով շրջափակված եւ առանձնապես տնտեսական զարգացման այլ հնարավորությունների չտիրապետող այնպիսի երկրներում, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, հաճախ կանգնում են հետեւյալ երկընտրանքի առջեւ` առաջնությունը տալ հանքարդյունաբերությա՞նը, թե՞ զարգացնել տնտեսության այլ ճյուղեր: Կոնկրետ Հայաստանում, որտեղ գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի միայն 17 տոկոսը, ինչպես նաեւ օբյեկտիվորեն առկա այլ սահմանափակումները մարդկանց հարկադրում են ընտրություն կատարել հանքարդյունաբերության օգտին»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում իրականացվող գործունեությունը, ինչը խստորեն քննադատվում է ընդդիմության եւ բնապահպանական ակտիվիստների կողմից, նման դիտարկում արեց Ավստրալիայի Քվինսլենդ համալսարանի պրոֆեսոր, Հանքարդյունաբերության սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն Սալիմ Ալին:

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով, որի հիմնական զեկուցողը Սալիմ Ալին է: Օգտվելով զրույցի հնարավորությունից` վերջինիս նաեւ հարցրինք, թե միջազգային պրակտիկայում ինչպես են կարգավորվում հանքարդյունաբերողների եւ համայնքների հարաբերությունները` կապված, առավելապես, հանքերի շահագործման հարուցած բնապահպանական խնդիրների հետ:

«Անշուշտ, դուք պետք է ունենաք ոլորտը կարգավորող օրենսդրություն, ինչպես նաեւ հարկ է կենսունակ եւ ակտիվ քաղաքացիական հասարակության առկայություն, որը պետք է անհրաժեշտաբար ճնշում գործադրի արդյունահանող ընկերությունների եւ կառավարության նկատմամբ, սակայն, դա պետք է արվի կառուցողական ճանապարհով», - պատասխանեց Ալին:

Մինչդեռ, համաժողովի մեկ այլ զեկուցողի՝ Հայաստանի Օրհուս կենտրոնի իրավաբան Արթուր Գրիգորյանի գնահատմամբ, անգամ օրենքի շրջանակներում գործելու պարագայում ոլորտում առկա խնդիրները չեն վերանում:

«Օրենսդրությունը Հայաստանում այնպիսին է, որ ապահովում է միայն հանքարդյունաբերական ընկերությունների համար գերշահույթներ, թույլ է տալիս նրանց գտնվել ստվերում, որ չիմանանք` ովքեր են սեփականատերերը», - ասաց Գրիգորյանը:

«Օրհուսի» ներկայացուցիչը նաեւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնության համար հանքարդյունաբերությունը որեւէ դրական արդյունք չի ապահովում:

«Որովհետեւ աշխատատեղերը, որ իրենք իբր ստեղծում են հանքարդյունաբերությունում ի հաշիվ այլ աշխատատեղերի է, օրինակ, գյուղացիների զբաղվածության: Խնդիրը եւ օրենսդրության մեջ է, եւ այն համակարգային կոռուպցիայի մեջ, որ Հայաստանում այսօր կա: Օրենքները մշակում են մարդիկ, ովքեր օֆշորներում ունեն հանքարդյունաբերական ընկերություններ եւ շահագրգռված են, որ օրենքը լինի այնպիսին, որ իրենք իսկ ստանան գերշահույթներ», - ասաց Գրիգորյանը:

Ըստ դոկտոր Սալիմ Ալիի` յուրաքանչյուր հասարակություն ինքը պետք է կշռադատի եւ որոշի, թե պատրա՞ստ է արդյոք նման գին վճարել, եւ առհասարակ որքանով է արդարացված հանքարդյունաբերության հետեւանքով բնությանը հասցվող վնասը: Ընդհանուր լուծումներ չկան, եւ ցանկացած պարագայում դա հասարակության որոշելիքն է: Այդուհանդերձ, ինչպես նշեց ավստրալացի մասնագետը, պետք է նկատի ունենալ, որ հանքարդյունաբերությունը վնասում է, մասնավորապես, զբոսաշրջային բիզնեսը, քանի որ այդ բիզնեսը բավականաչափ խոցելի է:

«Իսկ տուրիզմի եւ հանքարդյունաբերության համատեղումը հնարավոր է միայն շատ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի պարագայում», - ասում է Ալին:

«Օրհուս» կազմակերպության ներկայացուցչի խոսքով, սակայն, Հայաստանում բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ զարգացման երկարատեւ հեռանկարները ստորադասվում են խիստ կարճաժամկետ շահերին:

«Սակայն ես չեմ պնդում, թե Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է իսպառ վերացնել», - ասում է Գրիգորյանը. - «Եթե դու ունես անտառ, այն կապիտալ է, որը տնտեսական զարգացման հեռանկարներ է բացում քո առջեւ, եթե դու դա ոչնչացնում ես հանքարդյունաբերության համար, նախ պետք է գնահատես, թե որքանով է դա ձեռնտու, որքանով է քո կարճաժամկետ հեռանկարում արդյունահանվող պաշարները ավելի արժեքավոր պետության տնտեսական զարգացման համար, քան այն հեռանկարը, որ դու ոչնչացնում ես շրջակա միջավայրը»:

Հիշեցնենք, օրերս Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման խորհրդարանական խմբակցության անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրական ֆինանսական շրջանառությունը բազմապատիկ ավելի է, քան պաշտոնապես հրամցվողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG