Մատչելիության հղումներ

Հանձնաժողովը հրաժարվեց դատարան դիմել ՀՀԿ թեկնածուին ընտրապայքարից դուրս թողնելու պահանջով


Հանձնաժողովը հրաժարվեց դատարան դիմել ՀՀԿ թեկնածուին ընտրապայքարից դուրս թողնելու պահանջով
please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00

Հանձնաժողովը հրաժարվեց դատարան դիմել ՀՀԿ թեկնածուին ընտրապայքարից դուրս թողնելու պահանջով

Երեւանի թիվ մեկ ընտրատարածքային հանձնաժողովն այսօր հրաժարվեց դիմել դատարան այս ընտրատարածքում կիրակի կայանալիք ընտրություններում իշխող Հանրապետականի թեկնածու Ռոբերտ Սարգսյանին մրցապայքարից դուրս մղելու միջնորդությամբ:

Հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը, որով նա պահանջել էր դատական կարգով չեղյալ ճանաչել իր հանրապետական մրցակցի գրանցումը: Որպես հիմք` ընդդիմադիր թեկնածուն մատնանշել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու` Ռոբերտ Սարգսյանի շտաբի կողմից, իր կարծիքով, Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներ, ինչը լուրջ ազդեցություն կունենա ընտրությունների վրա: Սաֆարյանը նախ վկայակոչել էր իշխանական թեկնածուի շտաբերի թիվը: Մեկ առ մեկ լուսանկարներով փաստելով, որ թեկնածուն ունի ոչ թե 35 շտաբ, այլ առնվազն 50, Սաֆարյանը պնդում էր, որ դա Ընտրական օրենսգրքի պահանջների ոտնահարում է, քանի որ օրենսգիրքը, իր կարծիքով, թեկնածուներին իրավունք չի տալիս տարածքի ընտրատեղամասերից շատ շտաբներ ունենալ: Թիվ 1 ընտրատարածքում 35 տեղամաս կա: Սակայն հանձնաժողովը, որոշեց, որ օրենսգրքի վկայակոչված 18-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանափակում է ոչ թե շտաբերի, այլ շտաբերի վրա տեղադրված ցուցանակների թիվը:

Սաֆարյանի մատնանշած երկրորդ փաստարկը, ինչը եւս արժանացավ հանձնաժողովի հերքմանը, այն էր, որ իշխանական թեկնածուի թիմը 2-3 անգամ ավելի գումար է ծախսել նախընտրական հիմնադրամում հայտարարագրած 2.7 միլիոն դրամից: 50 շտաբերի, 14 բիլբորդ-պաստառների եւ հարյուրավոր շենքերում փակցված գովազդային նյութերի համար չէր կարող էր ծախսվել 6 միլիոն դրամից պակաս: Հանձնաժողովը, սակայն, համարեց, որ ծախսերը չեն գերազանցվել:

Ընտրատարածքային հանձնաժողովի համար մասամբ ընդունելի էր միայն Ստյոպա Սաֆարյանի մատնանշած այն փաստը, որ Ռոբերտ Սարգսյանը, անտեսելով տեղամասային ընտրական հանձնաժողովի` նույն շենքում շտաբ տեղակայելու օրենսդրական արգելքը, թիվ 1/11 տեղամասի շենքում շտաբ է տեղակայել:

Հանձնաժողովը հակադարձեց, որ իրենք այս խախտումն արձանագրել են, դիմել են թեկնածուին, եւ նոյեմբերի 22-ից այն այլեւս չի գործում: Սակայն Սաֆարյանը պնդում էր, որ այդ շտաբը ոչ թե փակվել է, այլ առանց ցուցանակի, գաղտնի, ընդհատակյա գործունեություն է ծավալում:

«Այնտեղ ֆիքսել են ընտրությունների հետ կապված գործունեություն», - հայտարարեց Սաֆարյանը:

Հանձնաժողովի անդամն էլ պնդեց, թե այդ վայրում շենքի թոշակառուներն են հավաքվում:

Հանձնաժողովին չհամոզեցին թեկնածուի պնդումները. դատարան դիմելու պահանջը միաձայն մերժվեց: Այսօրվա նիստին Հանրապետականի թեկնածուի շտաբից որեւէ մեկը չէր եկել, նրանք գրավոր առարկություններ էին ներկայացրել, ինչին ընդդիմադիր թեկնածուն հեգնանքով արձագանքեց, որ հանձնաժողովն է նրա փոխարեն խոսում:

«Հանձնաժողովը չկարողացավ հերքել, որ հիմքեր չկան, հանձնաժողովը մերժեց, որ դա կանի ինձ համար` հասկացնելով, որ Ռոբերտ Սարգսյանի եւ նրա հովանավորների հանձնաժողովն է», - նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Հիշեցնենք, բացի Սարգսյանից ու Սաֆարյանից, այս ընտրատարածքում երրորդ թեկնածու էլ կա. ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը, ով անդամակցում է ընդդիմադիր ՀԺԿ-ին, թեեւ ՀԺԿ հայտարարել է Ստյոպա Սաֆարյանին սատարելու մասին: Պետրոսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ աշխատանք չունի, մի քանի տարի բանտում է անցկացրել գումարի հետ կապված զանցանքի համար, բարձր էր գնահատում հաղթելու իր շանսերը:

«Առաջադրվեցի որպես հայ մարդ, որպես սովորական, հասարակ հայ քաղաքացի: Իմ մտադրությունները ես չեմ հայտնել ՀԺԿ-ին կամ Կոնգրեսին: ՀԺԿ-ի լինել-չլինելը ինձ համար էդքան էական չէ», - ասաց Պետրոսյանը:

Արձագանքելով այն մեղադրանքներին, թե ինքը առաջադրվել է Ստյոպա Սաֆարյանի «ձայները տանելու» համար, թեկնածուն պատասխանեց. - «Իմ կյանքն էլ ցույց է տալիս, որ ոչ մեկի ջրաղացին ջուր չեմ լցնում, եթե լցնեի էսօր իմ վիճակը համեմատաբար լավ կլիներ»:

Պետրոսյանը հերքեց, թե ինքը իշխանական թեկնածուի հորդորով է առաջադրվել, ասաց` քարոզարշավն իրականացնում է «իր լայն ընկերական շրջապատի» շնորհիվ:

Ինչ վերաբերում է երեք տարի բանտում անցկացնելուն, ապա թեկնածուն հայտարարեց, որ Հայաստանի «ճղճիմ իրավական դաշտում» ոչ մեկը երաշխավորված չէ ազատազրկվելուց:

«Ես իմ զանցանքի համար պատիժս կրել եմ, ինձանից մի վախեցեք, վախեցեք նրանցից, ովքեր անընդհատ հանցանք են գործում, բայց անպատիժ ման են գալիս», - եզրափակեց պատգամավորի թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG