Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 29-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը սպասում են։ Նրանց սպասումը, լրագրողներից ու սեփական համակիրներից բացի, երեւի ոչ ոքի այլեւս չի հետաքրքրում, սակայն, միեւնույն ժամանակ, նրանք իրենց սպասման մեջ բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են, իրենց սպասելուց բացի, այլ բան հասարակությանը թույլ չտալու համար։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ որեւէ կողմ հասարակությանը հստակ չի կարողանում պատասխանել նաեւ, թե ինչին են սպասում։ Մյուս կողմից, ամենայն հավանականությամբ, իրենք էլ չգիտեն, թե ինչին։ Կամ էլ` ընդհանրապես ոչ մի բանի էլ չեն սպասում, այլ քանի որ անելիք ու ասելիք չունեն, որոշել են գոնե մի փոքր երկարաձգել ժամանակը եւ ուշ ասել: Չէ՞ որ, երբ հրապարակեն իրենց որոշումը, հետո պետք է պատասխան տան այդ որոշման համար։ Իսկ դա ամենից ծանրն է լինելու ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Գագիկ Ծառուկյանի համար։ Ներկայիս ժամանակահատվածը նրանց համար «երանության» պես մի բան է, քանի որ որոշումները հրապարակելուց հետո արդեն մեծանում է ընդամենը փուչիկի պայթելու հավանականությունը. նրանք կորցնելու են խորհրդավորությունը, սկսվելու է սովորական քաղաքական առօրյան, իսկ այստեղ ե՛ւ Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ծառուկյանը, ըստ էության, սպառված ռեսուրս են»։

«Առավոտ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «1998-ից մինչեւ 2007 թվականը Ռոբերտ Քոչարյանը, նրա կողմնակիցները եւ քարոզիչները բոլոր ընդդիմադիրների (նույնիսկ Արկադի Վարդանյանի) հետեւում տեսնում էին ՀՀՇ-ի ականջները: Այդ ականջները ձեռնտու էր տեսնել, որովհետեւ հասարակության մի մասի մոտ պահպանվել էին ՀՀՇ-ի իշխանության հետ կապված բացասական էմոցիաները: Երբ, ասենք, խոսում էր Ստեփան Դեմիրճյանը, քարոզիչներն իսկույն ասում էին, որ դրանք պարոն Դեմիրճյանի մտքերը չեն, որ իրականում նրա վարքագիծը հուշում է «նախորդ հանցավոր ռեժիմը»: Հիմա ԲՀԿ-ի հետեւում ոմանք տեսնում են երկրորդ նախագահի «ականջները»: Որոշ «պատմական հիմքեր» դրա համար կան՝ կուսակցությունը եւ նախորդ գումարման պատգամավորական խմբակցությունը ձեւավորվել են այն ժամանակվա նախագահի գործուն մասնակցությամբ: Բայց ընկալել եւ մեկնաբանել ԲՀԿ-ի ցանկացած քայլ այդ «ականջների» համատեքստում՝ կամ մոլորություն է, կամ էլ դարձյալ քարոզչական հնարք»:

«Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության 5 տարիներին Հայաստանի վիճակը կատաստրոֆիկ վատացել է առանց բացառության բոլոր ոլորտներում», - գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ն ու շարունակում. – «Տնտեսությունն անկում է արձանագրել, աղքատության ցուցանիշը շեշտակի աճել է, արտագաղթի ծավալներն ահավոր են եւ այլն: Եվ այս իրավիճակում հասարակության մեջ իշխում է անելանելիության զգացողությունը` գրեթե բոլորը համոզված են, որ ելք չկա, ինչ էլ անեն, ոչինչ չի փոխվելու, Սերժ Սարգսյանն էլ վերընտրվելու է»: Թերթն այնուհետեւ բխեցնում է. - «Հիմա փորձենք հասկանալ, թե ում իրավիճակն է ավելի անհույս` հասարակությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի: Սերժ Սարգսյանը վերընտրվելու համար հսկայական ջանքեր պիտի գործադրի` նախ պիտի փորձի բացատրել, թե ինչու 5 տարի առաջվա իր նախընտրական խոստումներից որ մեկը չի կատարվել, հետո պիտի հանձնարարի կազմել նոր ընտրացուցակներ ու եւս մի 100-200 հազարով ավելացնել ընտրողների թիվը: Հետո պիտի ընտրակաշառքի համար մի 20-25 միլիոն դոլար առանձնացնի, հետո պիտի համակարգի ընտրակաշառքը «տեղերում» բաժանողների գործունեությունը, հետո պիտի հետեւի, որ այդ ամենն արվի առանց մեծ աղմուկի, հետո պիտի միջազգային կառույցների հետ լեզու գտնի, որ գնահատականները շատ խիստ չլինեն, եւ այսպես շարունակ: Դրա համար հսկայական ջանքեր կպահանջվեն: Իսկ հասարակության անելիքը շատ հեշտ է եւ որեւէ ջանք չի պահանջում: Պետք է չընտրել Սերժ Սարգսյանին, եւ վերջ»:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ բուհերի պատմության դասագիրքը, որը մի քանի օր է` մեծ սկանդալի առարկա է դարձել, հաստատված է մինչեւ 2013 թվականը` ներառյալ: « Իմ հրամանով` այդ դասագրքի գործածությունը մինչեւ 2013 թվականի համար է սահմանված»,- ասել է նախարարը: Մեր թղթակցի հարցին` այսինքն, 2013 թվականից սույն դասագիրքը շրջանառությունից հանվելո՞ւ է, Աշոտյանը պատասխանել է. «Վերջին երկու տարիներին մեզ մոտ բոլոր դասագրքերը հաստատվում են ժամկետով. նախկինում դրանք անժամկետ էին: Մենք մտցրեցինք ժամկետ` հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ` հատկապես բովանդակության վերանայման, լրամշակման խնդիրների պատճառով: 2013 թվականից հետո արդեն պատմաբանների, հեղինակների գործն է` նորից ներկայացնել դասագիրքը հաստատման, կամ` ոչ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG