Մատչելիության հղումներ

Զուրաբ Ժվանիայի սպանության գործի հետաքննությունը վերսկսվել է


Վրաստանի Գլխավոր դատախազությունը վերսկսել է այդ երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը:

Հանգուցյալ վարչապետի եղբայրը՝ պատգամավոր Գեորգի Ժվանիան երեկ ուշ երեկոյան մի քանի ժամ հարցաքննվել է երկրի գլխավոր դատախազությունում եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել իր եղբոր մահվան հանգամանքները բացահայտելու համար:

Վրաստանի նախկին վարչապետ 42-ամյա Զուրաբ Ժվանիաային եւ Քվեմո Քարթլիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ռաուլ Յուսուպովին 2005 թվականի փետրվարի 3-ին մահացած էին գտել Թբիլիսում վարձակալած մի բնակարանում: Փորձագետները եզրակացրել էին, որ նրանք մահացել են անսարք վառարանից գազի արտահոսքի պատճառով, սակայն Ժվանիայի հարազատները պաշտոնական այս վարկածը չեն ընդունում: Եղբայրը, մասնավորապես, պնդում է, որ Զուրաբ ժվանիան սպանվել է այլ վայրում, արդեն մահացած դիակները տեղափոխվել են թբիլիսյան այդ բնակարան, իսկ դժբախտ պահատահարի վարկածը սարքված է:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին այսօր հայտարարել է. - «Ժվանիայի գործը եղել է, կա եւ կլինի մեզ համար գլխավոր առաջնահերթություններից, մենք չենք խնայի մեր ջանքերը ճշմարտությունը պարզելու համար: Նոր վերսկսված հետաքննությունն ընթանում է արագ տեմպերով, դրան մասնակցելու է նաեւ Զուրաբ Ժվանիայի ընտանիքը»:

Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների վերաբերյալ կրկին հետաքննություն անցկացնելու մտադրության մասին հայատարարեց հոկտեմբերին գլխավոր դատախազ նշանակված Արչիլ Կբիլաշվիլին. պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո նա խոստացավ զբաղվել աղմկոտ գործերով այդ թվում եւ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով:

Զուրաբ Ժվանիան 1995 -2001 թվականներին Վրաստանի խորհրարանի խոսնակն էր, 2003 թվականին Միխեյիլ Սաակաշվիլիի եւ Նինո Բուրւանաձեի հետ «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկն էր, իսկ 2004 թվականից զբաղեցնում էր Վրաստանի վարչապետի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG