Մատչելիության հղումներ

Բագրատյանը դեմ է ԲՀԿ-ի հետ համագործակցության վրա կենտրոնանալուն


Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյան
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ընդհանուր առմամբ նորմալ է վերաբերվում ՀԱԿ-ի եւ քաղաքական այլ ուժերի, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ ընթացող խորհրդակցություներին:

Սակայն Բագրատյանը դեմ է հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցության ուղղությամբ կենտրոնանալուն:

«Ես նույնիսկ ասել եմ մեր ընկերներին` նորմալ գործ եք անում, արեք, բայց ինչո՞ւ եք անընդհատ կենտրոնանում ԲՀԿ-ի վրա եւ ինչո՞ւ եք րոպեն մեկ այդ մասին հանրության տեղյակ պահում: Նման կարծիք ես արտահայտել եմ, հիմա էլ եմ արտահայտում, գուցե մի քիչ շատ գնացինք այս առումով: Վերջում պարզվելու է, որ տակը բան չկա», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բագրատյանը:

«Իսկ իմ անձնական մոտեցումը, որը, բացառությամբ ՀԱԿ-ում մի երկու հոգու, կիսում են բոլորը, այն է, որ Կոնգրեսը առաջիկայում պետք է ունենա նախագահի իր սեփական թեկնածուն»,- ասում է Բագրատյանն ու հիմնավորում. - «Մենք հո՞ չենք սպանելու շարժումը»:

Իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է սպանել շարժումը, ու սատարել ԲՀԿ-ի, կամ այլ կուսակցության ներկայացուցչի, ապա Բագրատյանի արձագանքը նման հեռանկարի հանդեպ հետեւյալն է. - «Եթե մենք պետք է պաշտպանենք, ենթադրենք, Աշխատանքային կուսակցությանը, ապա Հրանտ Բագրատյանը ինքը ձեւ կգտնի Աշխատանքային կուսակցության հետ խոսելու կամ մտածելու, կամ թողնելու- հեռանալու է: Ինչ վերաբերում է ընդհանրապես Աշխատանքային կուսակցության հետ բանակցություններին, խնդրե'մ»:

Հրանտ Բագրատյանը, ի դեպ, ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ընթացող բանակցություններից ընդհանուր առմամբ տեղյակ է, սակայն չի տիրապետում մանրամասներին:

«Այդ հարցով կարող եք դիմել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին», - խորհուրդ է տալիս նախկին վարչապետը:

Հարցին` մի՞թե Կոնգրեսի ներկայացուցիչներին, այդ թվում իրեն տեղյակ չեն պահում խորհրդակցությունների ընթացքի մասին, պատգամավորը պատասխանեց. - «Ես, օրինակ, ՀԱԿ-ում վերջին երեք ամսում չեմ եղել: ՀԱԿ-ում, բնականաբար, որոշումներն ընդունվում են քաղխորհրդում` կոնսենսուսով. թե բանակցեն, կասեմ` գնացեք բանակցեք, բայց ես դրա կարիքը չեմ տեսնում, որ րոպեն մեկ զանգեմ, ասեմ` եկեք ինձ ասեք, ինչ է եղել»:

Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ո՞վ կարող է լինել ՀԱԿ-ի թեկնածուն, հետեւողականորեն հնչող այս հարցերին Բագրատյանն այդպես էլ չպատասխանեց` ասելով, թե ժամանակը կգա, եւ բոլորն այդ մասին կիմանան:

«Կլսեք, անունն էլ կլսեք, ազգանունն էլ, հայրանունն էլ չենք թաքցնի», - ասաց նա:

«Իսկ հենց Դուք չեք ցանկանո՞ւմ նախագահ դառնալ», - հարցրեցին Բագրատյանին:

«Դա իմ մանկական երազանքների մեջ չի մտել», - ծիծաղելով պատասխանեց նա:

«Ո՞վ է գողացել մեկ միլիարդ դոլարը»

Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեի նախագծին` Բագրատյանը հայտարարեց, թե իր կողմից կառավարությանն ու իշխող մեծամասնությանն է ներկայացվել մի հարցադրում, որն, ըստ էության, աննախադեպ է գործող իշխանության օրոք պետբյուջեի նախագծերի քննարկումների պատմության մեջ: Եվ այժմ, ըստ նախկին վարչապետի, իշխանությունը փաստի առջեւ է կանգնած: Բանն այն է, որ, Բագրատյանի խոսքով, մինչ այժմ բյուջեի պատասխանատուները հրապարակայնորեն քննարկել են միայն բյուջեի ծախսային մասին առնչվող հարցերը, մինչդեռ երբեք չեն պատասխանել մուտքերի մասին հարցերին:

«Իրենք գրել են, որ ՀՆԱ-ն կլինի 11 միլիարդ դոլար: Հիմա ես իրենց ասում եմ՝ այդ գումարը ստացեք գումարելով աշխատավարձերը, եկամուտները եւ հարկերը, ինչը ՀՆԱ-ի հաշվարկման մեկ այլ մեթոդիկա է», - ասում է Բագրատյանն ու շարունակում. - «Երբ ՀՆԱ-ն հաշվում ենք, ինչ կա-չկա արտադրված դա ՀՆԱ-ն է: Միեւնույն ժամանակ ով ինչ արտադրում է, վաճառում է, ուրեմն բոլոր եկամուտները որ գումարենք, նույնպես պետք է ստանանք նույն թիվը: Պետության եկամուտները, գումարած մարդկանց եկամուտները, գումարած բիզնեսմենների շահույթները, գումարը պիտի նույն թիվը ստացվի: Նույնիսկ չեն կարողանում գումարել, այդ թվերը տալ»:

Իսկ դա, ըստ նախկին վարչապետի, հիմք է տալիս ենթադրելու, որ ամենաքիչը մինչեւ 400 միլիարդ դրամ ուղղակի հարկերի, այսինքն շահութահարկի եւ եկամտահարկի գծով չկա:

«Այսինքն ավելի քան միլիարդ դոլար չկա: Առաջարկվել է Հանրապետականին գտնել այդ մեկ միլիարդը: Ո՞վ է գողացել այդ մեկ միլիարդը», - հարցնում է Բագրատյանը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց նախկին վարչապետը, իրենց տեղեկություններ են հասնում որոշ պատգամավորների եւ նախարարների, «լրացուցիչ արտադրամարկղային վարձատրությունների մասին», ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանություններն այդ փողի տեղը շատ լավ գիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG