Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը ICAPP-ից պահանջում է անվավեր համարել «Բաքվի հռչակագիրը»


Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) 7-րդ Գլխավոր ասամբլեայում ընդունված «Բաքվի հռչակագրի» կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին պաշտոնական բողոքի նամակ է ուղարկել ICAPP համանախագահներ Խոսե դե Վենեցիային եւ Չունգ Իու-Յոնգին, կազմակերպության քարտուղարությանը, նաեւ Ասամբլեայի մասնակից պատվիրակներին` ի գիտություն:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` նամակում Հովհաննիսյանը պաշտոնապես եւ գրավոր ձեւակերպել է իր բանավոր դիտողությունները, որ հայտնել էր Ասամբլեայի եզրափակիչ նիստի ընթացքում եւ ավարտից հետո, որոնցից շատերն անլսելի էին դարձել դահլիճի բարձրացրած աղմուկի պատճառով:

Նամակում ներկայացնելով, որ ոչ թե ընդունվել է, այլ զեղծարարությունների եւ քվեարկության կամ պահանջված կոնսենսուսի բացակայության պատճառով, ըստ էության (de jure), չի ընդունվել հիշյալ հռչակագիրը, Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավորապես, արձանագրել է. - «Այն պարտադրվել է Ասամբլեայի պատվիրակներին` նրանց իրավունքների եւ արժանապատվության աղաղակող անտեսմամբ, միտումնավոր ոտնահարելով կազմակերպության ընթացակարգերը, որոնք պահանջում էին. ա) փաստաթղթի ընդունում կոնսենսուսով (առնվազն ես հրապարակայնորեն եւ վստահաբար առարկել եմ փաստաթղթին), եւ բ) վերջնական նախագծի բաժանում բոլոր պատվիրակներին՝ եզրափակիչ նիստից առաջ (ինչը դիտավորյալ չարվեց)»:

«Հռչակագիրը պարտադրվեց, ինչպես երեւաց, կանխակալ դավադրությամբ եւ լուռ թողտվությամբ», - գրում է «Ժառանգության» առաջնորդը։

Վերջին պահին Հռչակագրում ավելացված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պարբերության առնչությամբ Հովհաննիսյանը գրել է. - «Կոնսենսուս չկար. օրենքի գերակայությունը ծաղրի ենթարկվեց օրը ցերեկով, եւ ինչն ավելի վատ էր՝ փաստաթղթի «վերջնական» տեքստը ներառեց Լեռնային Ղարաբաղին առնչվող բաժին, որը գաղտագողի ավելացվեց վերջին պահին՝ Հռչակագիրը վերածելով Ադրբեջանի ստանդարտ քարոզչական թղթի, որը ոչ միայն կեղծ էր ու յուրաշահ, այլեւ զորակցեց Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությանը եւ բռնության խթանմանը (արտահայտված բռունցքներով հարվածելու հետամնաց դրսեւորումներով, որի մասին մենք բոլորս կարող ենք վկայել)` փոխանակ խաղաղությանը, անվտանգությանը եւ հաշտեցմանը ծառայելու: Ինչպիսի հեգնանք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ICAPP ղեկավարներից պահանջում է ուղղել իրենց սխալը եւ անվավեր համարել «Բաքվի հռչակագիր» կոչված զեղծարարությունը, ինչպես նաեւ դրա հրապարակումը` անհապաղ ու ամբողջապես»: «Եթե դա չարվի, ապա եթե անգամ ոչ մի այլ բարեխիղճ պատվիրակ պաշտոնապես չարտահայտի իր բողոքը, ես պահանջում եմ, որ դուք հանեք «Հայաստան» բառն այդ կեղծված թղթի կտորից», - գրել է «Ժառանգության» առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG