Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 27-ի մամուլ


«168 ժամ»-ը հարցազրույց է տպագրել Լոնդոնի «Chatham House» հետազոտական կենտրոնիՌուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ղեկավար Ջեյմս Նիքսի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հայկական մամուլում կա տեսակետ, որ ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների ելքը մեծապես կախված է գերտերությունների կողմից Հայաստանին արվող առաջարկներից: Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է միանալ Մաքսային եւ Եվրասիական միությանը, եւ նաեւ ընտրություններում իր աջակցության դիմաց Հայաստանի իշխանություններից պահանջում է լծակներ գործադիր կառավարությունում: Բայց մյուս կողմից` Եվրոպական միությունը, որը, իր հերթին, Հայաստանին առաջարկում է եվրաինտեգրում, դեմ է Եվրասիական միությանը»: Պատասխան. - «Դուք նշեցիք Ռուսաստանի մասին. կարծում եմ` դուք ճիշտ եք, Ռուսաստանը խնդիր է, նա իսկական խնդիր է այն իմաստով, որ, ինչպես գիտեք, նա գնել է հայկական ենթակառուցվածքների զգալի մասը, ինչն այս պահին չունի նշանակալի ազդեցություն Հայաստանի ներքին եւ նույնիսկ արտաքին քաղաքականության վրա: Հարցի մյուս մասը վերաբերում էր Եվրասիական մաքսային միությանը: Իհարկե, Ռուսաստանի համար նշանակալի բոնուս կլինի` հաղթել Հայաստանի համար պայքարում: Հայաստանը մրցանակ է, իհարկե, ոչ այնքան մեծ մրցանակ, ինչպես Ուկրաինան, բայց ամեն դեպքում` լավ մրցանակ է: Կարծում եմ` Եվրամիությունը կարող է հաղթել այս խաղը միայն գրավչությամբ, այլ ոչ թե սպառնալիքով: Եվրամիությունն ուժեղ չէ սպառնալիս, Ռուսաստանն է սպառնալիքի լեզվով խոսում»:

«Ժողովուրդ»-ը, գրելով այն մասին, որ աբխազական երկաթուղու վերաբացման հարցը շատ կարեւոր է Հայաստանի համար` նշում է. - «Հետեւաբար Վրաստանի նորանշանակ կառավարության Վերաինտեգրացիայի հարցերով պետնախարար Պաատա Զաքարեաիշվիլու` մոտ մեկ ամիս առաջ արած հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները պարտավոր էին ձեռնամուխ լինել երկաթուղու վերաբացման ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրմանը: Մինչդեռ մինչեւ օրս հայրենի իշխանությունները մատը մատին չեն խփել, ու դա նույնիսկ վարչապետը չի թաքցնում»: «Դե իհարկե, մեր իշխանությունների օրակարգում այսօր շատ ավելի կարեւոր հարցեր են` նախընտրական ինտրիգները ու ՀՀԿ-ԲՀԿ «բազարը»: Իսկ այնպիսի մանր-մունր հարցեր, ինչպես աբխազական երկաթուղու վերագործարկումն է, կսպասեն, մինչեւ լուծվեն այդ կարեւոր հարցերը», - հեգնում է թերթի խմբագիրը:

«Ժամանակ»-ը զրուցել է Ռուսաստանի Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի գնի շուրջ ընթացող բանակցություններում որքանո՞վ տեղ ունեն քաղաքական եւ տնտեսական բաղադրիչները»: Պատասխան. - «Իրականում գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրների տարածքում Հայաստանն ունի ամենացածր գազի գինը, եւ այդ գինն անգամ մի փոքր ավելի ցածր է, քան Բելառուսի համար: Այս առումով ռուսական կողմը հաշվի է առնում նաեւ ՀՀ տնտեսական դժվարությունները: Ես կարծում եմ, որ այս գնի մեջ կա եւ քաղաքական բաղադրիչ, եւ այս առումով մեր նորմալ գործընկերային-քաղաքական հարաբերությունները եւս բերում են նրան, որ գազի գնի մեջ կա քաղաքական գործոն: Կա մի կարեւոր պահ եւս` կապված նրա հետ, որ Հայաստանն առաջինն է վերահսկողության համար «Գազպրոմ»-ին հանձնել իր գազային համակարգը, իսկ «Գազպրոմ»-ը, ինչպես հայտնի է, շատ է սիրում որպես սեփականություն ստանալ նման տեսակի ակտիվներ եւ խթանում է հանձնող կողմին գազի ցածր գներով»:

«Հրապարակ»-ը ՍԴՀԿ փոխատենապետ, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանին հարցնում է. - «ՀԱԿ-ի ներկայիս գործողություններն են անհասկանալի ԲՀԿ-ի հետ ռեւերանսների առումով, այսինքն՝ դուք բացառո՞ւմ եք, որ կսատարեք մեկ այլ կամ հենց ԲՀԿ-ի թեկնածուին»: Պատասխան. - «Ես ոչ մի բան չեմ կարող հիմա ասել, ես մի բան գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը խստագույնս ներքին եւ արտաքին պահանջ ունի իշխանափոխության, եւ դա Հայաստանի փրկությունն է: Հիմա ոնց կսատարի, մեզ կսատարեն, չեն սատարի՝ դա էական չէ: Կարեւորը նա է, որ մենք ժամ առաջ պրծնենք այս իշխանություններից»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Բանից պարզվում է` անցած վեց ամիսների ընթացքում Երեւանի թիվ 1 ընտրատարածքում` Ավանում, ընտրողների թիվը մոտ երկու հազարով ավելացել է: Այնտեղ առաջիկայում արտահերթ պատգամավորական ընտրություններ են անցկացվելու, եւ ՀՀԿ-ն որոշել է, որ պատգամավոր պիտի դառնա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը: Ցանկացած համապետական ընտրությունից առաջ իշխանությունները «գլխավոր փորձի» հնարավորություն են ունենում: Այս իմաստով Ավանում անցկացվելիք ընտրությունները շատ կարեւոր էին, որովհետեւ պիտի ցույց տային, թե ինչ նոր բան են հորինել իշխանությունները այս ընթացքում: Պարզվեց` նոր բան չեն հորինել, պարզապես որոշել են «կատարելագործել» ընտրացուցակները: Հիմա հասկանալի է, որ առաջիկա նախագահական ընտրություններում իշխանությունները ճիշտ նույն ձեւով են վարվելու` մայիսի համեմատ առնվազն երկու-երեք տոկոսով ավելացնելու են ընտրողների թիվը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG