Մատչելիության հղումներ

Թուրք մտավորականները կարծում են` Թուրքիան մինչեւ 2015-ը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը


Տեսարան Ստամբուլից
Տեսարան Ստամբուլից
Թուրք մտավորականների գերակշիռ մասը համոզված է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան չի ընդունի 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայաստանցի լրագրողների հետ հանդիպումներում թուրք մտավորականների մի մասն էլ ասում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գլխավոր խոչընդոտը թուրքական կառավարությունն է, որն ազգային փոքրամասնությունների հարցերի լուծման համար գրեթե ոչինչ չի ձեռնարկում:

Թուրք իրավապաշտպան, Մարդու իրավունքների ասոցիացիայի ղեկավար Այշե Գյունայսուն կարծում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի անեծքն է, նրա պատիժը: Իրավապաշտպանն ասում է, որ սա Թուրքիան է, այլ ոչ` Եվրոպան, որտեղ, օրինակ, Գերմանիան ընդունեց իր մեղքը հրեաների նկատմամբ: Թուրքիայի պարագայում ժխտողականությունը արտահայտվում է նույնիսկ հայերի գոյությունը ժխտելով, ջնջում են անգամ հայոց պատմության հարուստ հետքերը, նշում է թուրք իրավապաշտպանը` ցավով արձանագրելով, որ ժամանակին մշակույթով հարուստ Արեւմտյան Հայաստանն այժմ ամայի մի տարածքի է վերածվել:

«Թուրքիան չկարողացավ խաղաղություն գտնել: Թուրքիայում ժողովրդավարություն չկա», - ասում է իրավապաշտպանը` շեշտելով, որ արյունահեղությունը շարունակվում է մինչ օրս, երբ ապստամբում են քրդերը:

Թուրք լրագրող Հիլալ Կապլանն, ով հայտի է Հայոց ցեղասպանության մասին իր հոդվածներով, ասում է, որ Թուրքիայում 90 տարիների ընթացքում մարդկանց սուտ են ասել: «Ես որպես լրագրող աշխատում եմ իմ լուման ներդնել այս սուտը շտկելու գործում», - ասում է Կապլանը` կարեւորելով այս հարցում հասարակության դերը:

«Եթե չես ընդունում, որ քո պատմության մեջ կան բծեր, դրանք չեն մաքրվի: Ես սկսել եմ խոսել 1915 թվականին կատարվածի մասին: Թուրքիան պետք է հասկանա ու ազատ քննարկի մեր պատմության այս հատվածը», - ասում է Կապլանը:

Լրագրողը ասում է, որ իր հոդվածների համար հաճախ է սպառնալիքներ ստանում ազգայնականների կողմից: Միաժամանակ, ըստ Կապլանի, գնալով ավելի շատ մարդիկ են կիրառում ցեղասպանություն բառը, այդ եզրույթը հնչում է հեռուստածրագրերի ընթացքում, գրվում` թերթերում: Կապլանը օրինակ է բերում Հայոց ցեղասպանությանը նվիրված Հասան Ջեմալի գիրքը` «1915 թվականի ցեղասպանություն» վերնագրով: Նա նշում է, որ այդ գրքի լույս ընծայումը մեծ նորություն չէր թուրք հասարակության համար:

Լրագրողը կարծում է, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահը թույլ տվեց պատմությանն ավելի արագ շարժվել: Դինքի մահվանից առաջ մարդիկ վախենում էին անգամ օգտագործել ցեղասպանություն բառը, բայց Դինքի մահից հետո երեք տարվա ընթացքում ցեղասպանության հարցի շուրջ ակցիաներ էին տեղի ունենում Ստամբուլի կենտրոնում:

«Նախկինում ոստիկանությունն այդքան էլ հետաքրքրված չէր ապրիլի 24-ի հիշատակի միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովմամբ, սակայն, մեզ շրջապատող ֆաշիստների թիվը գնալով պակասում է», - իր ուրախությունը հայ լրագրողների հետ է կիսում թուրք լրագրողը:

Կապլանն, ինչպես նաեւ շատ թուրք մտավորականներ, ասում է, որ ցանկանում են օր առաջ տեսնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատված հարաբերությունները, եւ վկան դառնալ երկու կողմերի քննարկումներին ու երկխոսություններին, այլ ոչ թե լսել անընդհատ հնչող երկկողմ մեղադրանքներ:

«Հյուրիեթ» թերթի խմբագիր Բարչըն Յինանչն էլ կարծում է, որ հայ-թուրքական հաշտեցում մոտ ապագայում չի լինի, ինչը նա գլխավորապես պայմանավորում է Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններով: Վարչապետ Ռեջեփ Էրդողանը մտադիր է առաջադրվել 2014 թվականի նախագահական ընտրություններին:

«Որպեսզի համոզիչ հաղթանակ տանի, նա հիմա ազգայնականների հետ սիրախաղով է տարված, նա զիջման չի գնա, քանի որ դա ազգայնականների կողմից շատ վատ է ընկալվում», - նկատում է լրագրողը:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի ներկայացուցիչ Չիգյդեմ Մաթըրը եւս հոռետես է: Նրա կարծիքով` առաջիկա քսան տարիներին Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայում ոչինչ տեղի չի ունենա:

«Նրանք երբեք չեն ընդունի դա,-ասում է Մաթըրը. - «Եթե մի հրաշք կատարվի, օրինակ, Թուրքիայում հաստատվի սոցիալիստական կառավարություն, այդ հարցը կարող է այլ կերպ լուծվել: Բայց այսօրվա գաղափարախոսությամբ այն մոտակա տարիներին հնարավոր չէ»:

Թուրք գործիչը կարծում է, որ ինչ-որ բան կարող է փոխվել, եթե 2015 թվականին ԱՄՆ-ը 1915 թվականին տեղի ունեցածը որոշի կոչել ցեղասպանություն: Մաթըրը ասում է` այն, ինչ Թուրքիան ժամանակին արեց հայերի հետ, հիմա անում է քրդերի եւ մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների հետ:

«Ողջ մտածելակերպը պետք է փոխվի Թուրքիայում», - ամփոփում է թուրք մտավորականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG