Մատչելիության հղումներ

ԵՄԱ-ն ներկայացրեց մշտադիտարկման միջանկյալ արդյունքները


Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան
Նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանում հեռարձակվող 9 լրատվամիջոցների` 7 հեռուստաալիքների եւ 2 ռադիոալիքների, մշտադիտարկումը Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) սկսել է հոկտեմբերի 1-ից եւ ավարտել նոյեմբերի 20-ին:

«Ամենամեծ ուշադրությունը քաղաքական ուժերի նկատմամբ նշված ժամանակահատվածում ցուցաբերել են «Կենտրոն», «Արմնյուզ», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ու Հանրային ռադիոն, ամենաքիչը` «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները», - ասված է մշտադիտարկման միջանկյալ հաշվետվության մեջ, որն այսօր լրագրողներին ներկայացրեց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

«Ընդհանուր առմամբ 33 ՀՀ քաղաքացիներ հիշատակվել են որպես հնարավոր պոտենցիալ թեկնածուներ այդ 9 լրատվամիջոցներում: Բոլորից հաճախ որպես թեկնածու, բնականաբար, նշվել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը», - հավելեց նա:

Հանրապետության նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի անունը մշտադիտարկման ենթարկված լրատվամիջոցներում հիշատակվել է 387 անգամ: Սերժ Սարգսյանից հետո, որպես նախագահի հավանական թեկնածու, ըստ մշտադիտարկման արդյունքների, լրատվամիջոցները հիշատակել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի անունը`196 անգամ: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշատակել են 180, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` 165, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին` 131, եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` 86 անգամ:

Հոկտեմբեր ամսվա համեմատ, Նավասարդյանի փոխանցմամբ, նոյեմբերին մշտադիտարկման ենթարկված լրատվամիջոցներում որոշակի փոփոխություն է նկատվել հավանական թեկնածուների լուսաբանման առումով. - «Հոկտեմբերին կարծես թե առավել հաճախ հիշատակվող պոտենցիալ թեկնածուները, Սերժ Սարգսյանից բացի, Գագիկ Ծառուկյանն էր եւ Վարդան Օսկանյանը: Այսինքն «Բարգավաճ Հայաստան»-ի այդ երկու անդամները ավելի շատ էին հիշատակվում, քան նույնիսկ Սերժ Սարգսյանը: Սակայն նոյեմբերին իրավիճակը փոխվեց, հատկապես դա վերաբերում է Վարդան Օսկանյանի թեկնածությանը. շատ ավելի քիչ է հիշատակվում նոյեմբերին Վարդան Օսկանյանը, քան հոկտեմբերին»:

Նավասարդյանը դա բացատրում է նրանով, որ նոյեմբեր ամսին ավելի քիչ է խոսվել Օսկանյանին առնչվող փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործի մասին:

«Իսկ առաջ են անցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոնք շատ ավելի հաճախ են հիշատակվում նոյեմբերին: Ընդ որում, Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստորեն միակ պոտենցիալ թեկնածուն է, ում նկատմամբ աջակցության մենք որեւէ դեպք չենք գրանցել: Մինչդեռ ունեինք 9 այնպիսի նյութ, երբ բացասական վերաբերմունք էր նրա նկատմամբ», - հավելեց ԵՄԱ-ի ղեկավարը:

Ի տարբերություն նախագահի մյուս հավանական թեկնածուների` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միակն է, ըստ մշտադիտարկման արդյունքների, ում մասին հիշատակումները եթերում չեզոք են:

Երեւանի մամուլի ակումբի ղեկավարի դիտարկմամբ, նախընտրական այս շրջանում շատ քիչ է բովանդակային բանավեճը:

Ինչ վերաբերում է կուսակցությունների ներկայացուցիչներին եթերում խոսքի տրամադրմանը, ապա առաջին հնգյակում իշխող ՀՀԿ-ն է` 380 անգամ, այնուհետեւ ԲՀԿ-ն` 366 անգամ, ՀՅԴ-ն` 266, Հայ ազգային կոնգրեսը` 243, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչներին եթեր է տրամադրվել 211 անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG