Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն բողոքի ակցիա անցկացրեցին խորհրդարանի մոտ


Ամոթանք տվեցին ԱԺ նիստը բոյկոտած պատգամավորներին
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00
Երբ մինչեւ ժամը 15-ը իշխանական կոալիցիայի մաս կազմող խմբակցությունների պատգամավորները չներկայացան առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր ընտրակեղծիքները կանխելուն ուղղված օրենսդրական փոփոխությունների քննարկմանը, եւ քվորում չապահովվեց, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ իրեն իշխանության այլընտրանք համարող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները դուրս եկան եւ միացան ցուցարարներին։ Ակցիայի մասնակիցները փակել էին խորհրդարանի դիմացի մայթը, ոստիկաններն էլ շղթա կազմած հետեւում էին նրանց:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հավաքվածների սուլոցների եւ բացականչությունների ներքո սկսեց ընթերցել նիստից բացակայած հանրապետական պատգամավորների անունները:

Ցուցարարները Ազգային ժողովի դարպասների ճաղերին էին փակցրել հանրապետական պատգամավորների նկարներ՝ «700 հազար հանգուցյալների եւ անհայտ անձանց ընտրյալները» խորագրերով:

Ընդդիմությունը հայտարարել է, որ օրենսդրական փոփոխությունների հասնելու իր գերխնդիրը ընտրողների ցուցակներից մոտ 700 հազար բացակաների անունները մաքրելն է, ինչը հնարավորություն կտա «կեղծիքների ծավալը մի քանի անգամ կրճատել»:

«Իշխանությունն այսօր ապացուցեց, որ պատրաստ չէ ազատ ընտրությունների»՝ համոզմունք էին հայտնում Կոնգրեսի ու «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները։

«Մի քիչ խելք ու դիվանագիտական մոտեցում եթե ունենային, բաց պետք է թողնեին՝ ով կուզեր գար, ով կուզեր չգար, եւ արդյունքում քվեարկությամբ կարող էին ոչնչացնել ցանկացած առաջարկ: Իրենք այդ տարբերակին էլ չգնացին, կոշտ տարբերակի գնացին, ապացուցելով, որ իրենք թքած ունեն ցանկացած քաղաքական ուժի, ցանկացած հասարակական պահանջի եւ նաեւ եվրոպական միջազգային կառույցների վրա: Այն հայտարարությունները, թե իրենք արդար ընտրությունների կողմնակից են` սուտ են», - հայտարարեց Արամ Մանուկյանը:

«Այս մարդիկ ցույց են տալիս, որ իրենք օրենքներով շարժվելու որեւէ ունակություն եւ ցանկություն չունեն: Եվ ուրեմն՝ մեզ մնում է մեկ բան. Ժողովրդի ուժով, ոտքի կանգնելով, օգտագործելով նախագահական ընտրությունների կողմից ստեղծվող բոլոր հնարավորությունները, պարտադրել այս ռեժիմի կապիտուլյացիան», - հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էին մասնակցում ակցիային: Միայն Օսկանյանը ելույթ ունեցավ, ով եւս կարծիք հայտնեց, որ իշխող կուսակցությունը «լուրջ մտահոգություն ունի եւ վախեցած է»։

«Մենք ջրբաժանի առջեւ ենք կանգնած», - հայտարարեց նա՝ ընդգծելով․ - «Ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ ձեւավորվում են ընդհանուր մոտեցումներ մեր հետագա անելիքների շուրջ: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ, իրոք, եկող շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք ընդհանուր քաղաքական օրակարգ ձեւավորել: Անհրաժեշտ է, որպեսզի մեր նեղ կուսակցական, անձնական շահերը մի կողմ դնենք, համախմբվենք եւ միասնական օրակարգով, ինչու չէ` նաեւ միասնական թեկնածուով կարողանանք գնալ նախագահական ընտրությունների»։
Օսկանյանի այս խոսքերը ուղեկցվեցին հավաքվածների ծափերով ու «Լեւոն, Լեւոն» վանկարկումներով:

Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից փորձեցինք ճշտել, արդյո՞ք դեռ իրատեսական է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հնարավորությունը, թե՞ ՀԱԿ-ը կարող է ԲՀԿ-ի թեկնածուին պաշտպանել։
«Կոնսուլտացիաները ընթացքի մեջ են, եւ ես կարծում եմ, որ որեւէ իմաստ չկա նախապես ինչ-որ դիրքորոշումների մասին հայտնել», - արձագանքեց նա:

Իսկ այն հարցին, թե մինչ ընտրարշավը հնարավո՞ր է հրավիրվի հանրահավաք եւ Տեր-Պետրոսյանը ժողովրդի առաջ հանդես գա, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ ՀԱԿ քաղխորհուրդն առայժմ այդ մասին որոշում չի կայացրել:

ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցություններից պատգամավորներ այսօրվա ակցիային չէին մասնակցում: Կոնգրեսի ներկայացուցիչները հավաքվածներին փոխանցեցին Դաշնակցության զորակցությունը:

Ընդդիմության առաջարկով այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ: Գրանցվել էին 46 պատգամավորներ, բացակա էին 83-ը: Նիստը չկայացավ կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» պատգամավորների բացակայության պատճառով, ինչը նրանք միտումնավոր են արել` նիստը տապալելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG