Մատչելիության հղումներ

«Հեռախոսամարաթոն 2012»-ի արդյունքում` 1.4 միլիոն եվրո


Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ.
Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ.

Հանգանակված գումարի 10 տոկոսով օգնություն կհատկացվի սիրիահայերին։

Նոյեմբերի 15-18-ը տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնը, ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի` երկուշաբթի օրը հրապարակած տվյալների, թույլ է տվել հանգանակել 1 միլիոն 400 հազար եվրո։

Դա, ըստ նույն աղբյուրի, 8 տոկոսով ավելի է 2011 թվականի համեմատ։

Հանգանակված գումարից 1 միլիոն 220 հազար եվրոն Ֆրանսիայից է, 96 հազարը` Գերմանիայից, 25 հազարը` Շվեյցարիայից, 30 հազարը` Հունաստանից, 8 հազարը` Բելգիայից, 46 հազարը` Նիդերլանդներից։

Ըստ ֆոնեթոնի կազմակերպիչների` նվիրատվությունները կարող են շարունակվել մինչեւ դեկտեմբերի 31-ը։

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պետրոս Թերզյանը հատուկ ուղերձում այսօր իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ «ո՛չ տնտեսական ճգնաժամը եւ ո՛չ էլ քաղաքական իրադրության հետ կապված անորոշությունները չեն խափանել այն համերաշխությունը, որ դրսեւորվում է տարիներ ի վեր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությունների, իսկ այս տարի նաեւ` Սիրիայի եղբայրների եւ քույրերի հանդեպ»։

Ինչպես արդեն հայտարարվել է, 2012 թվականի եվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքի 10 տոկոսը հատկացվելու է սիրիահայերի օգնությանը։

Պետրոս Թերզյանը հատկապես շնորհակալություն է հայտնել Մարսելի հայկական նորաբաց հյուպատոսարանի բարեկամների միությանը, որը մասնակցել է ֆոնեթոնին 100 հազար եվրոյի նվիրատվությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG