Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում


ՀԱԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ
ՀԱԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ
Նոյեմբերի 21-ին Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ էր 24 ժամվա մեջ 44 ստորագրություն: Հինգշաբթի առավոտյան ժամը 11:15-ից ՀԱԿ-ը սկսել էր ստորագրություններ հավաքման գործընթացը. ժամը 6-ի դրությամբ արդեն հավաքել էր պահանջվածից ավելի ստորագրություններ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ-ը մշակել է Ընտրական օրենսգրքում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» եւ Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների փաթեթ, որի քննարկման համար էլ ցանկանում է արտահերթ նիստ հրավիրել: Զուրաբյանի համոզմամբ՝ այդ փոփոխությունները հնարավորություն կտան կանխել իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների ժամանակ կատարվելիք ընտրակեղծիքները: Զուրաբյանը ասաց, որ արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնության տակ ստորագրել են «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության պատգամավորները, ինչպես նաեւ «Ազատ դեմոկրատները»: Ստորագրությունների թիվը, ըստ Զուրաբյանի, դեռ կաճի, քանի որ նախաձեռնությանը խոստացել է միանալ նաեւ «Ժառանգությունը»:

«Չորս խմբակցությունների մեջ գնացել են այդ բանակցությունները, մենք որոշել ենք նոյեմբերի 21-ին, ժամը 12-ին արտահերթ նիստ հրավերել, որում կքննարկենք այս փաթեթը», - ասաց նա:

Այսօր ավելի վաղ հրավիրած ասուլիսում Զուրաբյանը, ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների փաթեթը, նշեց, որ իրենք առաջարկում են, օրինակ, քվեաթերթիկներն այլեւս պարտադիր հաշվառվող փաստաթուղթ չհամարել, այսինքն քվեաթերթիկները պետք է ազատորեն դրված լինեն քվեախցերում, իսկ հաշվառման ենթակա լինեն միայն ծրարները: Զուրաբյանի համոզմամբ՝ դա թույլ կտա բացառել ընտրական կարուսելը: Փոփոխություններով առաջարկվում է նաեւ տեսախցիկներ տեղադրել ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ ընտրատեղամասերից դուրս: Մյուս փոփոխությունը վերաբերում է ընտրացուցակներին:

«Մենք առաջարկում ենք, որ այսուհետեւ մշտական ընտրացուցակներում, ընտրողների ռեգիստրում ընդգրկված լինեն միայն այն մարդիկ, որոնք գտնվում են Հայաստանում: Բոլոր նրանք, որոնք վեց ամսից ավելի բացակայելու են Հայաստանից, պետք է դուրս գան այդ ընտրացուցակներից եւ այդ ռեգիստրից: Իհարկե, մենք հասկանում ենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, եթե չկա քաղաքական կամք, մենք չենք կարողանալու փակել բոլոր բացերը, բոլոր հնարավորությունները՝ կեղծելու ընտրությունները: Բայց եթե մենք վերացնենք կարուսելը, մենք կարողանանք հասնել նրան, որ 700 հազար ընտրող, որոնք վաղուց Հայաստանում չեն ապրում, հանվեն ցուցակներից, մենք էապես կսահմանափակենք ընտրությունների կեղծման մեխանիզմը: Ի վերջո այսօր կեղծում են 700 հազար ձայն, այս օրենքի ընդունման դեպքում վստահ ենք, որ երկու անգամ կպակասի կեղծիքների հնարավոր ծավալը», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ի կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթում հաշվի են առնվել բոլոր այն առաջարկությունները, որոնք ժամանակին արվել են Դաշնակցության եւ «Ժառանգության» կողմից:

«Համենայնդեպս, բոլոր այն մարդիկ, ովքեր ստորագրում են այս նախաձեռնությունը, դրանով նրանք հաստատում են իրենց շահագրգռվածությունը, որ Հայաստանում անցկացվեն նորմալ, օրինական ընտրություններ», - ասաց Զուրաբյանը:

Նա նաեւ ասաց, թե իրենք պատրանքներ չունեն եւ իմանալով Հանրապետականի «զոռբայությունը», վստահ են, որ իշխող կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի քվորում չապահովի եւ արտահերթ նիստը տապալվի:

«Եվ դա եւս մեկ անգամ ցույց կտա Հանրապետականի դեմքը, որովհետեւ չգալով իրենք կապացուցեն, որ արտահերթ նիստ հրավիրելու պատգամավորների 44 ստորագրության մեխանիզմը իրականում իրենց համար ոչ մի նշանակություն չունի», - ասաց Զուրաբյանը. - «Մեզ համար ակնհայտ է, որ Հանրապետականը չի կարող թույլ տալ իրեն այնպիսի շռայլություն, ինչպիսիք են մաքուր ընտրությունները»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ նշեց, որ արտահերթ նիստի օրը, այսինքն մյուս չորեքշաբթի, Ազգային ժողովի շենքի առջեւ նաեւ պիկետ կկազմակերպվի. այդկերպ ժողովուրդը կաջակցի ընդդիմադիրների նախաձեռնությանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի հետ բանակցություններին՝ Զուրաբյանն ասաց, թե շուտով կլինեն նոր հանդիպումներ եւ նոր քննարկումներ: Պատասխանելով հարցին, թե արդյոք իրենք ԲՀԿ-ի մոտ իշխանափոխույուն անելու ցանկություն տեսե՞լ են, Զուրաբյանն ասաց, թե ինքը ԲՀԿ-ի անունից խոսել չի կարող:

«Եթե դուք նկատել եք, բավականին լուրջ նշաններ կան չորս խմբակցությունների համագործակցության, ու գնալով դա աճում է, ամրապնդվում է, հզորանում է մեր համախմբումը: Ես վստահ եմ, որ նման ընթացքի դեպքում մենք կարող ենք դնել այն արմատական վերափոխման խնդիրները, եւ վստահ եմ, որ հնարավոր է ապահովել մյուս քաղաքական ուժերի աջակցությունը՝ կատարելու այն արմատական վերափոխումները, որոնց համար մենք արդեն հինգ տարի է պայքարում ենք», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG